Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան․ «Երբ մի կողմից բյուջե է բարձրացվում, բայց մյուս կողմից կրճատում են ԶՈւ-ի թվաքանակը, դա ամենևին բարելավում չէ»․ «Փաստ»

Դեկտեմբեր 01,2022 09:00

Արդեն ավելի քան տասն օր է, ինչ Ադրբեջանը չի դադարում սահմանային սադրանքների դիմել, ապատեղեկատվություն տարածել: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացում հայ-ադրբեջանական սահմանագոտու հայկական դիրքերի ուղղությամբ, նախօրեին անգամ ականանետ էր կիրառվել: Հրադադարը խախտվում է նաև Արցախի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը վիրավորներ ունի: «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը «Փաստի» հետ զրույցում Ադրբեջանի այս մարտավարությունը մի քանի կողմից է դիտարկել:

«Ադրբեջանի այս մարտավարությունն առաջին հերթին պայմանավորված է մեր կողմից ոչ համարժեք գործողություններով: Մասնավորապես, այս ամենից զատ, թշնամին առաջնագծում ամրաշինական աշխատանքներ է կատարում, մարտական դիրքերն է բարելավում, դրանք առաջ է բերում: Ավելի քան մեկուկես տարի է՝ Սյունիքում, Գեղարքունիքում տեղակայված ստորաբաժանումներ ունեն: Այս ամենին համարժեք քայլեր ու պատասխաններ, սակայն, չի ստանում: Եվ, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում: Հնարավոր նոր սադրանքների համար պարարտ հող ստեղծելու նպատակը ևս այս համատեքստում է: Բայց, մեծ հաշվով, Ադրբեջանի մարտավարության հիմքում առավելագույնը քաղելն է, քանի դեռ չկան համարժեք գործողություններ, քայլեր»,-ասաց նա: Վերլուծաբանը շեշտեց՝ համարժեք քայլ ասվածը չպետք է սահմանափակվի միայն պաշտպանական ծախսերի ավելացման վերաբերյալ բյուջեի նախագիծ կազմելով:

«Ռազմական բյուջեի «աննախադեպ» աճը 2023-ի համար է պլանավորված, և այն ընդամենը նախագիծ է, որը պետք է հաստատվի: Դեռ հարց է՝ կհաստատվի՞ նույն թվով, թե՞ ավելի քիչ կամ շատ: Բացի այդ, երկրորդ հարցը բյուջեի կատարողականն է. այսօրվա իշխանություններն իրենց արդեն 4 տարվա գործունեության ընթացքում բազմիցս թերակատարել են նաև ռազմական բյուջեն: Ընդ որում, միայն բյուջեում բարձր թիվ սահմանելով՝ բանակի մարտունակության բարձրացում հնարավոր չէ: Ընդ որում, երբ մի կողմից բյուջե է բարձրացվում, բայց մյուս կողմից կրճատում են ԶՈւ-ի թվաքանակը, դա ամենևին բարելավում չէ»,-ասաց Ռ. Նազարյանը՝ շեշտելով, որ այս իշխանությունը անհրաժեշտ քաղաքականություն վարելու ցանկություն պարզապես չունի:

«Ինչ-որ բարեփոխում կատարելու համար առաջինը ոչ թե ֆինանսական միջոցները, այլ ցանկությունն է կարևոր: 44-օրյա պատերազմից արդեն ավելի քան 2 տարի է անցել, և պարզապես խրամատ փորելը, դիրք կահավորելը մեծ ծախսերի հետ կապված խնդիր չէ: Մինչդեռ մենք չունենք որևէ վստահություն, որ մեր առաջնագիծն այսօր նորմալ կահավորված է, թեկուզ այն մակարդակով, որը կար մինչ 44-օրյա պատերազմը: Մի պարադոքսալ բան կա. երբ այսօրվա իշխանությունները մինչև 2018 թվականը ընդդիմություն էին, ամեն օր խոսում էին թափանցիկությունից: Հետո, երբ եկան իշխանության, ու մասնավորապես պատերազմից հետո ընդդիմադիր ու փորձագիտական դաշտը դիրքերի ամրաշինական կառույցների կահավորման մասով ոչ թափանցիկ գործունեության մասին հարցեր էր բարձրաձայնում, այս իշխանությունը խոչընդոտում էր ընդդիմադիր պատգամավորների այցը մարտական դիրքեր»,-ասաց զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031