Թթվային ռեֆլյուքսը կամ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունն ախտաբանական վիճակ է, որն բնորոշվում է ստամոքսային պարունակության հետհոսքով դեպի կերակրափող՝ առաջացնելով մի շարք տհաճ ախտանշաններ՝ այրոցի զգացում, բերանում թթվային համ, շնչառական դժվարություններ, ցավ կրծքավանդակի շրջանում, փսխում և այլն։
Թթվային ռեֆլյուքսի ժամանակ առաջացած ցավերը կարող են լինել ինչպես թույլ, այնպես էլ բավականին ուժեղ, երբեմն այնքան, որ պացիենտները շփոթում են այդ ցավերը սրտամկանի ինֆարկտի նշանների հետ։
Որ մթերքներից է պետք հրաժարվել, եթե ձեզ անհանգստացնում է թթվային ռեֆլյուքսը
1․ Տավարի միս
Թեև տավարի միսը սպիտակուցների հարուստ աղբյուր է, որն այնքան անհրաժեշտ է օրգանիզմին, թթվային ռեֆլյուքս ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել տավարի մսից, քանի որ մսի մեջ պարունակվող հանքանյութերը կարող են բարդացնել այդ հիվանդության ընթացքը։ Տավարի մսի կազմում առկա պուրիններն ու թթուները խաթարում են մարսողական գործընթացները՝ ավելացնելով թթվային ստամոքսահյութի արտադրությունը։ Տավարի միսը նաև մեծ քանակությամբ ճարպեր է պարունակում, որոնք կարող են դանդաղեցնել մարսողական գործընթացները՝ հանգեցնելով փորկապության։
Կարդացեք նաև
2․ Սուրճ
Սուրճը հակաօքսիդանտների, վիտամինների ու հանքանյութերի աղբյուր է, ինչն ընդհանուր առմամբ օգտակար է առողջության համար։ Սակայն եթե դուք թթվային ռեֆլյուքս ունեք, ավելի լավ է հրաժարվեք այդ ըմպելիքից, քանի որ կոֆեինը կարող է թթվային ռեֆլյուքսի ախտանշաններ առաջացող գործոն դառնալ։ Կոֆեինը նպաստում է կերակրափողի փականների թուլացմանը, ինչի արդյունքում ստամոքսահյութի հետհոսքն ավելի հեշտությամբ է տեղի ունենում։
3․ Երշիկեղեն, պահածոյացված մթերքներ
Երշիկեղենն ու պահածոները նույնպես կարող են մարսողական տարբեր խանգարումներ առաջացնել։ Վերամշակված այս մթերքները մեծ քանակությամբ արհեստական հավելումներ են պարունակում, որոնք գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը։ Ինչի արդյունքում ստամոքսահյութը կարող է հայտնվել կերակրափողում։ Այս մթերքների կազմում առկա ոչ այնքան օգտակար ճարպերն ու շաքարը նույնպես մարսողական խանգարումների զարգացման պատճառ կարող են դառնալ։
4. Կծու համեմունքներ
Թթվային ռեֆլյուքս ունեցող մարդկանց մոտ կծու համեմունքները նույնպես կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը, թեև դրանց չափավոր օգտագործումն այնքան էլ վնասակար չէ:
5․ Շոկոլադ
Շոկոլադը նույնպես հակաօքսիդանտների, վիտամինների ու հաքանյութերի աղբյուր է, բայց այս դեպքում ավելի լավ է շրջանցել այդ մթերքը։
Շոկոլադը կարող է կերակրափողի փականը թուլացնող ազդեցություն գործել՝ ավելի սրելով ռեֆլյուքսի ախտանշանները։ Դա բացատրվում է շոկոլադի կազմում առկա այնպիսի նյութերով, ինչպիսիք են ճարպերը, կոֆեինն ու թեոբրոմինը։ Դրանք խթանում են ստամոքսի թթուների արտադրությունը։
6․ Տապակած սնունդ
Տապակած սնունդը, հատկապես կիսաֆաբրիկանտները նյութափոխանակության ու մարսողության ամենալավ բարեկամները չեն։ Դրանք պարունակում են տրանս-ճարպեր, արհեստական հավելումներ և աղ, որոնք գրգռում են ստամոքսն ու խաթարում օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռությունը։
Ռեֆլյուքսի ու գաստրիտի ախտանշաններից բացի այդպիսի սնունդն օրգանիզմում կարող է հարուցել բորբոքային գործընթացներ։
7․ Ռաֆինացված ալյուր
Զտված ալյուրից պատրաստված հացը, խմորեղենն ու այլ ուտեստները կարող են սրել մարսողական խնդիրները։ Դրանց շնորհիվ ստամոքսում ստեղծվում է թթվային միջավայր, և հյուսվածքներում բորբոքային գործընթացներ են սկսվում։ Նման ածխաջրերը դժվարությամբ են մարսվում և կարող են բարձրացնել արյան մեջ գլյուկոզի մակարդակը։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ