Ազգագրական համույթի հիմնադիրները քարոզում են ազգայինը
«Անդադար փոփոխվող իրականության մեջ արժեքներ կան, որոնք անփոխարինելի են», -«Ուրֆա» ազգագրական համույթի մասին իր խոսքն այսպես է սկսում հիմնադիր Նարեկ Երիցյանը: ՀՊՄՀ ՈՒԽ-ին կից գործող «Ուրֆա» ազգագրական համույթը մշտապես կազմակերպում է եկեղեցական տոներին նվիրված միջոցառումներ՝ դրանք համեմում երգերով, պարերով, խաղերով ու կերպարներով, որոնք ժամանակի ընթացքում մոռացվել են:
Համույթի հիմնադրման միտքը ծնվել է պատահական, երբ Նարեկի եւ Ռուբենի նախասիրությունները համընկել են, իսկ հետո մշակույթի հանդեպ սերը վերածվել է մեծ ծրագրերի: Հիմնադիր Նարեկը ՀՊՄՀ 4-րդ կուրսի ուսանող է, իսկ համահիմնադիր Ռուբենը՝ ՀՊՄՀ հենակետային վարժարանի աշակերտ:
Համույթի աշխատանքային մեկնարկը տղաները տվել էին ապրիլի 10-ին՝ Ծաղկազարդի տոնին, երբ համախմբվեցին գաղափարակից մարդիկ եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում կազմակերպվեց միջոցառում: Միջոցառումների խորագիրը անփոփոխ է՝ Նժդեհի խոսքերը. «Իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված եւ Հայրենիք»: Նոյեմբերի 20-ին էլ կայացավ այս խորագիրը կրող 6-րդ միջոցառումը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում՝ նվիրված Հայ առաքելական եկեղեցու սրբերի տոնին:
«Ուրֆա»-ն, սակայն, այսքանով չի սահմանափակվում: Բացի միջոցառումներից, համույթը սկսել է կազմակերպել նաեւ հանդիպումներ քաղաքական եւ մշակութային գործիչների հետ՝ «Անկախությունը, որպես բացարձակ արժեք» խորագրով, որի առաջին հյուրը եղել է ՀԱԿ փոխնախագահ եւ Երրորդ Հանրապետության հռչակագիրն ընթերցած Արամ Մանուկյանը:
Ապագա ծրագրերի մասին Նարեկն ու Ռուբենը նախընտրում են լռել, սակայն վստահ են, որ իրենց ստեղծած համույթի մասին դեռ շատերն են լսելու, եւ «Ուրֆա»-ն շատ մարդկանց է միավորելու:
Անի ԷՎԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.11.2022