Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իսահակյանի շնչող ու խոսող թանգարանը՝ Գյումրիում․ ի՞նչ փոփոխություններ են կատարվել

Նոյեմբեր 30,2022 20:17

Այսօր Գյումրիում տեղի ունեցավ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի նոր ցուցադրության բացումը։

Ցուցանմուշների և ցուցադրության փոփոխությունը կատարվել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով՝ 2 միլիոն 300 հազար դրամի շրջանակում, իսկ կոսմետիկ վերանորոգման աշխատանքները՝ Գյումրու համայնքային բյուջեով, որը կազմել է 700 հազար դրամ։

Հանդիսավոր միջոցառումից առաջ մամուլի ասուլիսով հանդես եկան Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանն ու նկարիչ դիզայներներ, ծրագրի համադրողներ Կարեն Բարսեղյանը (նա «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» տնօրենն է- հեղ․) ու Արտուշ Կոշտոյանը։

Լիլիթ Թովմասյանն իր խոսքում նշեց, որ այս թանգարանում վերջին անգամ ցուցադրության փոփոխություն տեղի էր ունեցել 20 տարի առաջ։ Մինչդեռ, ըստ բանախոսի, եթե խոսում ենք մշակութային քաղաքի զարգացման և զբոսաշրջային կենտրոն դարձնելու մասին, պիտի ունենանք ժամանակի պահանջներին համապատասխան թանգարաններ՝ ներմուծելով աուդիովիդեո ցուցադրություններ, դիմելով նորարարական լուծումների և հստակ իմանալով, թե նորօրյա այցելուին ինչն է հետարքրքիր այս դարում։ Ըստ այդմ էլ պիտի ստեղծել նոր ցուցադրությունը։

«Ի՞նչ է արվել, փոխվել է գրողի գրական-ստեղծագործական ժառանգությունը ներկայացնող 4 սրահների ամբողջ ցուցադրությունը։ Այն հագեցել է եզակի նշանակությամբ ցուցանմուշներով, անցկացվել է կետային լուսավորություն, ավելացել են մեծադիր պաստառներ, կատարվել է հսկայական տպագրական աշխատանք։ Առաջին սրահում կարող եք տեսնել նաև կենսագրությունների պատը՝ տպագրված, որը բոլորովին նոր ֆորմատ է՝ որպես այդպիսին։ Գյումրիում կա միայն «Ասլամազյան քույրերի պատկերասրահում», հանրապետությունում մեկ-երկու տեղ էլ կարող ենք հանդիպել, բայց շատ ընդունված է ժամանակակից չափորոշիչների իմաստով, հագեցած է թանգարանը աուդիովիդեո տեսանյութերով և սարքավորումներով։

Հնարավորություն կլինի այստեղ տեսնել բացառիկ արխիվային կադրեր Առաջին ալիքի արխիվից դուրս բերված, լսել Իսահակյանի ձայնը, ունենալ նաև ձայնային ինստալացիաներ։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի երկու լավագույն ձայներից Բաբկեն Չոբանյանին և Նարինե Գրիգորյանին, ովքեր առանց վարանելու կարդացել են Ավետիք Իսահակյանի և Շուշանիկ Մատակյանի փոխադարձ նամակագրությունը և այդ ձայնային ինստալացիաները նվիրել թանգարանին»,-ասաց Լիլիթ Թովմասյանը։

Նա նշեց, որ Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը ձեռք է բերել գրականության մեջ մինչ այժմ անհայտ համարվող Շուշանիկ Մատակյանի նամակը Ավետիք Իսահակյանին։ Բոլոր դասագրքրեում, ըստ նրա, գրված է, որ Ավետիք Իսահակյանի նամակը Շուշանիկին պահպանվում է, բայց հակառակը չկա։

«Հանդիպում են մի խումբ գյումրեցիներ, այն տեղի է ունենում Ավետիք Իսահակյանի՝ Երևան տուն-թանգարանում, որտեղ ներկա էր նաև Ավիկ Իսահակյանը։ Այս ողջ գործընթացի մեջ մշտապես կապի մեջ ենք եղել վարպետի թոռան հետ, որպեսզի հասկանանք՝ ինչն էր իր սրտով, ինչի վրա է ինքը ուշադություն դարձնում և ամեն ինչ ճիշտ դասավորվի։ Երբ մեր մտահոգություններն արտահայտեցինք, որ նոր ցուցանմուշ ենք ուզում, բայց չգիտենք՝ ինչպես շարժվել, թոռն ասաց, որ իմ հոգին խորն է և մեզ կարող է նվիրել Շուշանիկ Մատակյանի նամակը, ինչին առաջին պահին մի փոքր դժվարությամբ էինք հավատում, բայց ինչպես ասում են՝ ասաց և արեց։ Հիմա թանգարանում է այդ նամակը, կարող եք տեսնել և կարող եք լսել նաև այդ նամակը»,-ասաց Լիլիթ Թովմասյանը։

Ըստ բանախոսի, սրանով գրականության և իսահակյանագիտության մեջ փոխվում է մի կարևոր շեշտադրում։

Ցուցանմուշների մեջ ավելացել են վարպետի ձեռագիր նամակները Զաբել Եսայանին, Արշակ Չոբանյանին, Հովհաննես Շիրազին, կան նաև հակադարձ նամակները։ Լիլիթ Թովմասյանի ասելով, դրանք նոր գիտական նյութ են այս թանգարանի աշխատակիցների համար, ձեռք են բերել Գրականության և արվեստի թանգարանից։

Հովանավորները պլանշետներ են նվիրել թանգարանին, որոնց մեջ արխիվացված են Հանրային հեռուստաընկերության ոսկե
ֆոնդից դուրս բերված ամբողջ նյութը, որը վերաբերվում է Ավետիք Իսահակյանին, կադրում վարպետն է։ Սա ևս, ըստ քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի, եզակի է, յուրաքանչյուր այցելու կարող է մոտենալ սարքին, պրպտել, գտնել, հարստացնել իր գիտելիքներն այն ուղղությամբ, որը նախընտրում է։

Նորություն է նաև այն, որ արտերկրյա այցելուները, որոնք մեծ թիվ են ազմում, կարող են լսել վարպետի բանաստեղծությունները իրենց լեզվով։ Ըստ Լիլիթ Թովմասյանի, իրենք գտել են լեզվագիրների, որոնք թարգմանել են բանաստեղծությունները ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով։

Նա նշեց, որ մտադիր են ունենալ թանգարանի կայքը։ Բանախոսը նաև ասաց, որ թանգարանում կատարված նորույթը սրանով չի ավարտվի, ամեն ինչ կանեն, որ թանգարանները լինեն շնչող։

Թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանն էլ վստահեցրեց, որ այցելուների թիվն էլ ավելի կշատանա, քանի որ ցուցադրությունները հրաշալի են ստացվել։ Նա այս փոփոխությունները համարեց վարպետին արժանի։

Կարինե Վիրաբյանը հատկապես կարևորեց կենսագրական քարտեզը, որտեղ վարպետի կենսագրության կարևոր շրջաններն են ներառված, և այն թյուր կարծիքը, թե նա դժվար պահին լքել է հայրենիքը, կփարատվի, հստակ կարող են տեսել, թե որտեղ է եղել և ինչ կյանքով ապրել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930