Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հյուրանոցի փոխարեն՝ պոլիկլինիկա․ Շիրակի մարզպետը զսպել է ոմանց ախորժակը

Նոյեմբեր 30,2022 17:35

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն, որն այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ շրջում էր Գյումրու բժշկական հաստատություններում, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հաջորդ տարի կիրագործեն Գյումրու երկու պոլիկլինիկաների վերակառուցման-վերանորոգման աշխատանքները։ Նախարարության հաստատած բյուջեով այս տարի նախագծել են։

Ըստ մարզպետի, խոսքը թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաների 2 մասին է։ Գյումրու թիվ 1-ին պոլիկլինիկան գտնվում է կիսախարխուլ շենքում, որը համայնքապատկան է, տարիներ շարունակ վարձակալել են։

Ըստ Նազելի Բաղդասարյանի, թեև Գյումրու ավագանին այս տարի անվարձահատույց հատկացրեց շենքը, սակայն իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պոլիկլինիկան Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքի մի հատվածում տեղակայելն ավելի նպատակահարմար է։

Նշենք, որ այդ շենքի մի հատվածն էլ դեռ 2018 թվականին հատկացվել է Շիրակի երկրագիտական թանգարանին, սակայն այն վերանորոգված չէ, թանգարանը հին տեղում է։

Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի շենքը քաղաքի պատմական կենտրոնում է՝ այն չափից ավելի գայթակղիչ է փողատերերի համար, որոնք թերևս կերազեին այն հյուրանոց կամ այլ օբյեկտ դարձելու մասին։ Իրականում շենքին տիրանալու նման փորձեր շատ են եղել. Aravot.am-ը անդրադարձել է այդ հարցին:

Այսօր այս թեմային ևս անդրադարձավ Շիրակի մարզպետը՝ նշելով, որ զսպել են շատերի ախորժակը։

Նազելի Բաղդասարյանն ասաց․ «Թիվ 1 պոլիկլինիկան տեղակայված է համայնքապատկան շենքում, որ տարիներ շարունակ վարձակալել են, սակայն շենքը խարխուլ է, որևէ կերպ տիպային չէ առողջապահական ծառայություններ մատուցելու համար։ Նկուղային հատվածն էլ վարձակալած է այլ ընկերությունների կողմից, այնտեղ վերանորոգում իրականացնելը նպատակահարմար չէ։ Նախարարության հետ երկարատև քննարկումից հետո նախկին Գյուլբենկյանի հիվանդանոցի մեկ հատվածը կառանձնացվի և կհատկացվի Գյումրու թիվ 1 պոլիկլինիկային։

Աշխարհագրական առումով տեղափոխում չի լինի, որ բնակչության մատչելիության խնդիր առաջանա, երկրորդն էլ՝ Գյուլբենկյանի հիվանդանոցը իսկապես բավականին նպատակային է հենց նման ծառայություններ մատուցելու համար»։

Մարզպետն ասաց, որ քննարկումներ ունեցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, որովհետև շենքի մի հատված հատկացվել է մարզային ենթակայության մեկ այլ կառույցի։

«Ես՝ որպես մարզպետ, կանխել եմ այն գործառույթներն ու ցանկությունները, որոնք շատ մարդկանց մոտ կային՝ այդ շենքի հետ կապված։ Շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում․ և մարդիկ մեծ ախորժակ ունեին այդ շենքի նկատմամբ։ Պոլիկլինիկան տեղակայելով այդտեղ՝ մենք շատ ու շատ հարցեր կփակենք»,-ասաց մարզպետը։

Պոլիկլինիկան կունենա առանձին մուտք՝ լինելով անկախ հատված։ Թե ովքեր էին ուզում տեր կանգնել շենքին, մարզպետն ասաց, որ Գյումրիում տարբեր անուններ են շրջանառվել, սակայն զերծ մնաց անուններ տալ, որպեսզի, իր խոսքերով՝ մերկապարանոց հայտարարություններ չհնչեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930