Հայաստանում գրանցման/հաշվառման կարգի բարեփոխման, դյուրացման, ինչպես նաեւ գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել հասանելի դարձնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքներում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում:
Փոխնախարարի խոսքով նախաձեռնությամբ փոփոխության են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք պրակտիկայում կարող էին հանգեցնել հակասությունների եւ տարընթերցումների:
Նշվել է, որ օրենքով սահմանված են իրավաբանական անձանց պետական գրանցման ու պետական միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների սպառիչ ցանկերը: «Գործող կարգավորումներով իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են նաեւ Դատական դեպարտամենտի եւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տված տեղեկատվությունները` իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված եւ չավարտված դատական գործերի եւ վարույթների բացակայության վերաբերյալ»,- ընդգծել է զեկուցողը` հավելելով, որ նախագծի ընդունման դեպքում այդպիսի տեղեկանքներ ներկայացնելու պահանջը հանվում է:
Փոխարենը` գործադիր մարմնի ղեկավարը հայտարարագիր կներկայացնի այն մասին, որ իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված եւ չավարտված դատական գործեր, կատարողական վարույթներ, ինչպես նաեւ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ վարչական վարույթներ առկա չեն:
Կարդացեք նաև
Սահմանվում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության` որպես Արդարադատության նախարարության գրասենյակի կարգավիճակը` նախատեսելով նաեւ իրավահաջորդության մասին դրույթներ:
Պատգամավորները նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել են դիտողություններ եւ առաջարկներ, որոնք հեղինակը հաշվի կառնի առաջինից երկրորդ ընթերցում:
Հարակից զեկուցող, պատգամավոր Ալխաս Ղազարյանի խոսքով նախաձեռնությունը միտված է պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը` ծառայությունից օգտվող յուրաքանչյուր անձի համար: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել:
Առաջին ընթերցմամբ քննարկված նախագծերի փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
ԱԺ