Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժողովրդի մի մասն էլ մտածում է, որ հենց լավ էլ միապետական կարգեր պետք է լինեն Հայաստանում, կոշտ միապետական կարգեր». Հայաստանը կշարունակի կառավարվել խորհրդարանական համակարգով

Նոյեմբեր 30,2022 16:47

«Երկու տարի առաջ եւ հետպատերազմյան մոտ յոթ ամիսների ընթացքում մենք ունեցանք լուրջ ճգնաժամեր, բայց չունեցանք գործադիր եւ օրենսդիր իշխանության առճակատում: Թերեւս, այդպիսի տեսակի ճգնաժամ, որը եթե տեղի ունենար, կարող է ընդհանրապես այլ տեսակի զարգացումներ տեղի ունենային եւ շատ տխուր հետեւանքներ ունենար: Ակնհայտ է, որ նման ճգնաժամի ռիսկերը շատ ավելի փոքր են խորհրդարանական կառավարման համակարգում, քան նախագահական կառավարման»,- այսօր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում նման կարծիք հայտնեց Դանիել Իոաննիսյանը՝ դիմելով խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանին:

Նա գտնում է, որ կառավարման համակարգի հարցը ճիշտ կլիներ խորհրդատվական հանրաքվեի տեսքով անցկացնել, որպեսզի ժողովուրդը կարծիք հայտներ ու ՀՀ քաղաքացիները զգան, որ իրենք են Սահմանադրության տերը՝ անկախ նրանից, թե արդյունքում կառավարման ո՞ր մոդելը կընտրվի: Միաժամանակ, նա հասկանում է, որ ստեղծված իրավիճակում դա այնքան էլ իրատեսական չէ:

Մասիս Մելքոնյանը հակադարձեց, որ Դանիել Իոաննիսյանի բարձրացրած հարցը ավելի շատ քաղաքական ղեկավարության կամքի եւ քաղաքական մշակույթի հարց է ու հիշեց, որ ժամանակին, երբ ՀՀ գլխավոր դատախազը Վանո Սիրադեղյանին անձեռմխելիությունից զրկելու հարցով գնում էր խորհրդարան, խորհրդարանը մերժում էր, քանի որ դատախազը բավարար հիմնավորումներ չէր բերում: Նա հիշեցրեց, որ մի քանի անգամ մերժվելուց հետո, նախագահը սպառնաց, որ կցրի ԱԺ-ն, որից հետո, պատգամավորները վախեցան եւ Վանո Սիրադեղյանին զրկեցին անձեռմխելիությունից: Իրենց առաջարկած տարբերակում, ըստ բանախոսի, նախագահը նման սպառնալիք չի կարող հնչեցնել, քանի որ համապատասխան կարգավորումներ կան. նախագահի հայեցողական լիազորությունները սահմանափակվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով, ինչը հնարավորություն է տալիս ավելի կայուն փոխհարաբերություններ ստեղծել իշխանության երեք թեւերի միջեւ:

Ըստ նրա, առհասարակ, չկան լիարժեք երաշխիքներ, ըստ որոնց այս կամ այն կառավարման մոդելը միանշանակ դրական կամ բացասական է, ի վերջո, շատ հարցեր հանգում են իշխանության քաղաքական կամքին եւ տվյալ երկրում առկա քաղաքական մշակույթին:

Բանախոսի պնդմամբ, ՀՀ գործող Սահմանադրությունը ևս ունի լեգիտիմության խնդիր, որը առկախված է մեր գլխին եւ այդ խնդիրը անպայմանորեն պետք է լուծել՝ անկախ նրանից, թե ո՞ր կառավարման համակարգը կընտրվի. «Թող լինի վատը՝ թող լինի ժողովրդի ուզածը»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով, կառավարման մոդելի շուրջ քննարկումները վերածվել են՝ «քննարկման՝ քննարկման համար»: Կառավարման մոդելի դասակարգումը ինքը համարում է «բլեֆ», գիտնականների կողմից դասակարգման մոտեցում: Հայաստանի համար լավագույն մոդելի այս փնտրտուքում նա արձանագրում է. «Հայաստանի ժողովրդի մի մասն էլ մտածում է, որ հենց լավ էլ միապետական կարգեր պետք է լինեն Հայաստանում, կոշտ միապետական կարգեր: Պատահական չի, որ մեր ժողովուրդը սիրում է գնալ Դուբայ ու գալ, որովհետեւ այնտեղ կարգ ու կանոն կա: Բայց, արդյո՞ք, դա երկրի զարգացման տեսլականն է»: Եվրոպական զարգացման միտումները, ըստ նրա, հանգում են նրան, որ անվտանգային համակարգեր՝ բոլոր առումներով, հնարավոր է ապահովել նաեւ խորհրդարանական կառավարման մոդելում: Իր գնահատմամբ, կարեւորը փոխզսպումների մեխանիզմներն են, ոչ թե այս կամ այն կառավարման մոդելը:

Եղիշե Կիրակոսյանի կարծիքով, խորհրդարանական կառավարման մոդելի փորձարկումները դեռ նոր են ընթանում, քանի որ իրավական ադապտացիոն փուլն ենք անցել, գաղափարական եւ արժեքային փուլը նոր ենք անցնում ու ցիկլի ընդհատումը կարող է հերթական խնդիրներին բերել: Նա համամիտ է, որ Սահմանադրության լեգիտիմության խնդիրը պետք է լուծել ու դա ընդհանրապես կապ չունի կառավարման մոդելի հետ:

Այդ կարծիքին է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ պաշտպանելու են խորհրդարանական կառավարման մոդելը՝ գործող մեխանիզմները բարելավվելու պայմանով:

Այլ կարծիքները՝ տեսանյութում

Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանն էլ Դավիթ Հակոբյանին խնդրեց մանրամասնել նախագահի լիազորությունների հատվածը: Ըստ այդմ, սահմանադրական արբիտրից բացի, առաջարկվում է նախագահին տալ թույլ վետոյի իրավունք. խորհրդարանական փոքրամասնության հետ համատեղ՝ տարեկան սահմանափակ թվով դեպքերում, օրինագծերի կիրառման՝ մինչեւ 6 ամսով հետաձգելու իրավունք կամ առանձին օրինագծեր հանրաքվեի դնելու: Առաջարկվում է նաեւ նախագահին սահմանադրական անկախ մարմինների ընտրության հարցում մասնակցության հնարավորություն տալ:

Դավիթ Հակոբյանի գնահատմամբ, մենք դեռ չունենք դասական խորհրդարանական կառավարման համակարգ, դեռ ունենք մեծամասնության դիկտատուրա:

Մանրամասները՝ տեսանյութում

«Պարոն Հակոբյան, մի հատ դեպք բերեք, երբ նախագահը, խոսքը Արմեն Սարգսյանի մասին է, մի հատ ճգնաժամային լուծում է առաջարկել: Ընդհակառակը, միշտ խորացրել է ճգնաժամերը»,- կարծիք հայտնեց Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ ինքը քանիցս դիմել է Արմեն Սարգսյանին ու ստացել են ավելի վատ պատասխաններ կամ լուծումներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Քննարկման արդյունքում որոշվեց, որ կառավարման համակարգի փոփոխություն սահմանադրական բարեփոխումների օրակարգում չի լինելու: Հայաստանը կշարունակի կառավարվել խորհրդարանական համակարգով:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը՝ 8 կողմ, դեմ՝ 1, ձեռնապահ՝ 1 ձայների հարաբերակցությամբ կողմ քվեարկեց խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանն ու խորհրդարանական կառավարման մոդելի բարելավմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930