«Աբսուրդ է։ Նման բան հայտարարողը պետք է հիմնավորի։ Ինքը տիրապետո՞ւմ է «մադրիդյան սկզբունքների» փաստաթղթին։ Եթե այո, թող հանի, հրապարակի եւ ցույց տա, որ Ադրբեջանի կազմում էր թողնվելու Արցախը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն պնդմանը, որ նախկիններն ընդունելով «մադրիդյան սկզբունքները»՝ Արցախն արդեն իսկ թողել էին Ադրբեջանի կազմում։
Արծվիկ Մինասյանը նշեց՝ ժամանակին ՀՅԴ-ն առաջինն է քննադատել «մադրիդյան սկզբունքները», որովհետեւ ավելին էին ակնկալում, սակայն դրանց մասին նման կեղծ տեղեկություններ տարածողները պետք է իմանան, որ դրանցով ամրագրված էին ազգերի ինքնորոշման իրավունքը, Արցախի շուրջ գտնվող տարածքները ապառազմականացնելու, սպառնալիքները միջազգային երաշխիքներով կանխարգելելու մասին դրույթները, եւ որ ՀՀ-Արցախ կապը պետք է անխափան լինի․ «Ո՞նց կարող է ինքը նման բան պնդել ու առաջ տանել։ Հո ասելով չի, թող փաստի»։
Արծվիկ Մինասյանն աբսուրդ որակեց նաեւ Ալեն Սիմոնյանի այն պնդումը, որ նախկինները բանակցային սեղանին պահանջելով Արցախի՝ միջազգայնորեն ճանաչված անկախության հանրաքվե, ստվերել ու ոտնատակ են արել Արցախի առաջին՝ անկախության հանրաքվեն։ «Ալեն Սիմոնյանը մի իշխանության մասնիկ է, որը վախենում է անգամ Արցախի հանրապետություն բառն օգտագործել։ Իր ասածը նույնն է, որ մեքենան մարդկանց վրաերթի ենթարկի, ու կողքից ասեն՝ նախկին վարորդը բենզին էր գողանում»,-նշեց Մինասյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ