Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես քիչ հետո անուններով կսկսեմ արդեն խոսել, թե այդ որ հիվանդանոցի տնօրեններն են, որ այսպես են ասում». Լուսինե Բադալյանը՝ Ավանեսյանին

Նոյեմբեր 30,2022 16:05

Այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ: Առաջին ընթերցման ժամանակ բուռն քննարկում էր ծավալվել՝ առողջապահության նախարարության հետ:

Այսօր եւս պատգամավորներն ու կառավարությունը կոմպրոմիսի չեկան:

Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց համար պարտադիր պայման է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորումը՝ մասնագիտական կարողությունների զարգացման, նոր ունակությունների եւ հմտությունների ձեռքբերման համար: Սակայն այդ սեմինարներին մասնակցելու համար բժիշկը պետք է բացակայի աշխատանքից, ինչին դեմ են գործատուները: Մյուս կողմից էլ, այդ կրեդիտները չհավաքելու դեպքում, ավտոմատ դուրս կմնան առողջապահական համակարգից: Ուստի նախագծում լրացում են անում՝ պարտադրելով գործատուին կրեդիտավորման համար բացակայող մասնագետների աշխատանքն ու աշխատավարձը պահպանել:

Խոսքը միայն պարտադիր կրեդիտավորման մասին է: Բժիշկների համար նվազագույն կրեդիտների քանակը 220 է, բուժքույրերի համար՝ 140: Եթե բուժաշխատողները պարտադիր կրեդիտավորումից ավելի կրեդիտներ են ուզում հավաքել, արդեն պետք է համաձայնության գան գործատուի հետ: Ներկայումս բուժհիմնարկի տնօրենի քմահաճույքից ու բարեհաճությունից է կախված՝ կթողնի՞ իր աշխատողները կրեդիտավորման համար բացակայեն, թե՞ ոչ:

Հեղինակներն առաջարկում են այդ 220 կրեդիտը հավաքելը բաշխել 5 տարվա մեջ, որ միանգամից երկարաժամկետ չբացակայեն: Նախագծում ամրագրել են, որ տարեկան 10 օր կարող են բացակայել: Բուժհիմնարկը պետք է հսկի իր աշխատողների կրեդիտավորման գործընթացը:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ասաց, որ բուժաշխատողները կարող են նաեւ կրեդիտները ստանալ առցանց դասընթացով՝ առանց բացակայելու, կամ գիտական հոդված գրելով: Ուստի առաջարկում են տարեկան ոչ թե 10 օր բացակայել, այլ՝ 5:

Հաշվարկներ կան, որ գործատուների վրա 6 մլրդ դրամի բեռ է լինելու, որովհետեւ երբ բժիշկը բացակայի, ստիպված նոր աշխատուժ են բերելու եւ վարձատրելու են հավելյալ: Նանուշյանի խոսքով՝ գործատուների հետ երբ հանդիպել են, իրենք դեմ են եղել ու միայն նրանց հետ բանակցություններից հետո են համաձայնել տարվա ընթացքում 5 օր բացակայել:
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը անմիջապես հակադարձեց՝ ասելով, որ հենց Նանուշյանի ներկայությամբ հանդիպում են կազմակերպել մեծ ու փոքր բուժհիմնարկների տնօրենների հետ ու բոլորը, առանց բացառության, ասել են, որ եթե ամիսներ չի տեւելու դա, որեւէ խնդիր չունեն:

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը հարցրեց՝ կարո՞ղ է լինեն մարզային բուժհիմնարկներ, որոնք հնարավորություններ չունեն ու չեն կարող իրենց թույլ տալ աշխատակցի այդ 10 օրվա բացակայությունը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Երբ գործատուներին հավաքագրում էինք, հիմնական արգումենտը այն էր, որ այո, դա ֆինանսական բեռ է ավելացնելու եւ նրանք դեմ չեն, եթե այդ ֆինանսական հավելյալ բեռը պետությունը իր վրա վերցնի: Կառավարության առաջարկն էր, որ քանի որ առաջիկայում ավելի հստակ պետք է պատկերացնել, թե այս փոփոխության արդյունքում ինչ ֆինանսական բեռի կարիք ենք ունենալու, առաջարկում ենք կոմպրոմիսային լուծում, որ առաջին երկու տարվա ընթացքում թողնենք 5 օր, դրանից հետո դարձնենք 10 օր»:

Ավանեսյանին հակադարձեց Լուսինե Բադալյանը ու ընդհատեց. «Ներողություն եմ խնդրում, արդեն 6 ամիս է այս նախագիծը քննարկում ենք ու մենք նորից մտնում ենք փակուղի: Զրոյից պիտի սկսենք քննարկել: Արդեն բոլորը անգիր արեցին: Բայց եթե այս տարբերակով է քննարկվելու, ես քիչ հետո անուններով կսկսեմ արդեն խոսել, թե այդ որ հիվանդանոցի տնօրեներն են, որ այսպես են ասում ու որ տնօրեներն են, որ այնպես են ասում: 90%-ն ասել է, որ դա ֆինանսական բեռ չի, ուրախացել են նախագծից: Շատ երկար դաշտային աշխատանք եմ կատարել մեկը ես՝ գնալով ընկնելով բոլոր բազմապրոֆիլ բուժհիմնարկները, պոլիկլինիկաները ու տնօրենների հետ խոսելով: Կսկսեմ անուններով նշել, թե ինչպես է քննարկումը գնում ու մտնում այսպես փակուղի»:

Նախարարն արձագանքեց. «Անունների հետ կապված՝ խնդրեմ, հնչեցրեք»:

Զեյնալյանն էլ ճշտեց Ավանեսյանից, թե այդ ո՞ր բուժհիմնարկների տնօրենների հետ են խոսել, որ դժգոհել են ու ասել են՝ սա բեռ է: Ավանեսյանը պատասխանեց, որ քննարկումը իրականացրել են կառավարությունում, որին ներկա է եղել նաեւ Զեյնալյանը:

Պատգամավորները նախագիծը իրենց մշակած տարբերակով դրեցին քվեարկության եւ դրական եզրակացություն տվեցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930