ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը, Մարիա Կարապետյանն ու Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 24-28-ն աշխատանքային այցով եղել են Վարշավայում՝ Լեհաստանի Հանրապետությունում:
Այցի շրջանակում հայ խորհրդարանականները Վարշավայում հանդիպումներ են ունեցել Լեհաստանի Հանրապետության Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգելի ու Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ, ինչպես նաեւ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի եւ հանձնաժողովի անդամ Մարեկ Պլուրայի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները, մասնավորապես, Լեհաստանի Հանրապետություն ուկրաինացի փախստականների հոսքի ծավալները եւ այս համատեքստում տնտեսական մարտահրավերներն ու դրանք հաղթահարելու հնարավորությունները:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի եւ դրա հետեւանքների վերաբերյալ:
Կարեւորվել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների չորրորդ նիստի անցկացումը Հայաստանում՝ ԵԱՀԿ տարածաշրջանում ընթացիկ անվտանգային սպառնալիքների զսպման գործընթացում երիտասարդ քաղաքական գործիչների եւ խորհրդարանականների դերակատարության տեսանկյունից:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:
Հայ խորհրդարանականներն ընդգծել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց հայրենադարձության եւ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանության կարեւորությունը:
ԱԺ