Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք գտել են, որ մանդատն այլեւս արդյունավետ չէ, իսկ մենք՝ ոչ․ գաղափարական տարաձայնություն չկա»․ Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 30,2022 14:56

«Քննարկումները թեժ չեն եղել, այլ փոխադարձ հարգանքով։ Մենք Վահե Հակոբյանի որոշումից տեղյակ ենք եղել։ Մարտավարական առումով մենք համարում էինք, որ նաեւ ԱԺ-ում մանդատից բխող լիազորություններն օգտագործենք պայքարի մեջ, իսկ մեր գործընկերները համարել են, որ դա այնքան էլ արդյունավետ չէ խորհրդարանական նման մեծամասնության պարագայում։ Մնացած առումով գաղափարական տարաձայնություն չկա։ Մեր եւ «Վերածնվող Հայաստանի» գնահատականներն այս իշխանության մասին չեն փոխվել»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի կազմում գտնվող «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ․ մանդատը վայր է դրել նաեւ «Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանը։ Վահե Հակոբյանը պարզաբանել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տարաձայնություններ չունեն եւ որ իրենց կուսակցությունը համաձայն չի եղել խորհրդարան վերադառնալու մասին ընդդիմության որոշման հետ։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ «Վերածնվող Հայաստանը» գտել է, որ ԱԺ-ում պատգամավորական մանդատն այլեւս սպառված է. «Իսկ մենք համարում ենք, որ դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել։ Հանրության համար անընդհատ պետք է բացահայտել այս իշխանության ապօրինի, հակապետական գործողությունները, որովհետեւ իշխանությունն ամեն ինչ ձեւախեղում է եւ հանրության մոտ տպավորություն ստեղծում, թե պատերազմի եւ պարտության համար մեղավոր են նախկինները»։

Հարցին՝ Իշխան Սաղաթելյանը վերջերս ակտիվ հանդիպումներ է ունենում սփյուռքում, դա խորհրդարան չգալու պատրվակո՞վ է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Այդ հանդիպումները հայկական շահն առաջ տանելու համար են։ Նրա աշխատանքը որպես պատգամավոր շատ արդյունավետ է։ Պարտավորեցնող է նման հանդիպումներ ունենալը դրսում, քան նիստի մասնակցել-չմասնակցելը։ Ընթացքը ցույց կտա ապագան։ Մեր նպատակը ողջ հայության համախմբումն է ՀՀ-ի եւ Արցախի փրկության շուրջ»։

Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց գնահատականի հետ, թե ընդդիմությունը միատարր չէ․ «Ի՞նչ է նշանակում միատար, ի՞նչ հիմքով եք նման բան ասում։ Մեր քաղաքական նպատակներում ոչ մի բան չի փոխվել։ Ոչ մեր խմբակցությունը, ոչ «Վերածնվող Հայաստանը» եւ ոչ էլ ՀՅԴ-ն մոտեցումը չեն փոխել»։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե որոշ պատգամավորներ մանդատը դնում են, որ իրենց բիզնեսը փրկեն, կամ ընդդիմության պատգամավորների մանդատի ՕԳԳ-ն զրոյացել է, Արծվիկ Մինասյանը նշեց․ «Այո, մեր հիմնական նպատակները դեռ չի հաջողվել իրականացնել, բայց մենք միջանկյալ արդյունքներ ունենք։ Մի անտեսեք դա։ Իշխանությունը տարեսկզբին չի կարողացել իրականացնել թուրք-ադրբեջանական ծրագրերը։ Ավելին՝ հենց իրենք են խոստովանում, որ հայաստանյան ընդդիմությունը դա թույլ չի տալիս իշխանությանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930