Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծրագրի մեկնարկ չի նախատեսվում». Գյումրիում խոստացված ազատ տնտեսական գոտին կյանքի չի կոչվում. Civilnet

Նոյեմբեր 30,2022 15:07

Civilnet. Ավելին քան երեք տարի առաջ՝ 2019-ի օգոստոսի 29-ին, կառավարությունը որոշեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծել, որը պետք է զբաղվեր լոգիստիկ և արտադրական գործունեությամբ։ ԱՏԳ-ի ժամկետը սահմանվեց 40 տարի:

Գյումրիում ԱՏԳ-ի նախագծի հեղինակ և կազմակերպիչ ճանաչվել էր «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ն, որը կառավարությանը ներկայացրած բիզնես ծրագրով խոստացել էր առաջիկա 10-12 տարիների ընթացքում կառուցել 320 հեկտար տարածքով ազատ տնտեսական գոտի, որն ուղղակի և անուղղակի ավելի քան 56 հազար աշխատատեղ պետք է ապահովեր, ներգրավեր մոտ 540 միլիոն դոլարի արտասահմանյան ուղղակի ներդրումներ և այլն։

«Եվրասիական լոգիստիկ պարկ ԱՏԳ» ընկերությունը, համաձայն պետռեգիստրի տվյալների, ստեղծվել է 2017-ի սեպտեմբերին, բաժնետերերը մշտապես եղել են Իսրայելի քաղաքացիներ և ընկերություններ։

Համաձայն Պետեկամուտների կոմիտեի ռեգիստրի՝ «Եվրասիական լոգիստիկ պարկ ԱՏԳ» ընկերությունը, որը արդեն իսկ պետք է կառուցած և գործարկած լիներ ԱՏԳ-ի մի մասը, ներկայում դադարեցրել է իր գործունեությունը։

#CivilNetCheck-ը կապ հաստատեց ընկերության տնօրեն Հայկ Մաղաքյանի հետ, որը հայտնեց, որ ընկերության գործունեությունը դադարեցված է, իսկ ծրագիրը կասեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ըստ Մաղաքյանի՝ ծրագիրը այլևս չի նախատեսվում գործարկել։

«Պատճառը ավելի շուտ կորոնավիրուսի հետ էր կապված։ 2020-ի սկզբից արդեն, երբ պիտի աշխատանքները պլանավորեինք, համավարակը սկսվեց և շարժը կանգնեց, արդեն հնարավոր չէր գնալ-գալ, մեր դրսի գործընկերները չէին կարողանում գալ։ Քննարկումները կառավարության հետ կանգնեցին, հետո պատերազմը սկսվեց։ Ծրագրի մեկնարկ չի նախատեսվում»,- պարզաբանեց Մաղաքյանը։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ կառավարության համապատասխան որոշումից հետո ընկերության ներկայացրած պատճառաբանությունների հետևանքով պայմանագիրը չի կնքվել: «Ներկայում քննարկվում է ստեղծված գոտու հետագա կարգավիճակի հարցը»,- նշված է նախարարության գրության մեջ:

Հայկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930