2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը կազմել է 4579, անցյալ տարի վարկի նոր դեպքերը կազմել են 425։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գիտական, մեթոդական եւ զարգացման գծով փոխտնօրեն Նարինա Սարգսյանցը։
Ամեն տարի աշխարհում դեկտեմբերի 1-ը նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր։
Այս տարի, ներառյալ հոկտեմբեր ամիսը, ՄԻԱՎ-ի 430 նոր դեպք է գրանցվել, 2021-ին՝ 425 նոր դեպք, 2020 թվականին թիվը մի փոքր նվազել է, քանի որ, ինչպես Սարգսյանցն ասաց, կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում խանգարեց դեպքերի բացահայտմանը։ Իսկ 2019-ին ՄԻԱՎ-ի 448 նոր դեպք է հայտնաբերվել, 2018-ին՝ 429, 2017-ին՝ 358։
Վերջին հինգ տարիներին վարակի տարածվածությունն ամենաշատը գրանցվում է 25-39 տարեկանների շրջանում՝ 49%, 40-49 տարեկանների շրջանում ցուցանիշը կազմում է 24%, իսկ երեխաների եւ դեռահասների շրջանում՝ 1․6%։ Ընդ որում, բացահայտված դեպքերի 70%-ը տղամարդկանց շրջանում է։
Կարդացեք նաև
Մասնագետն անդրադառնալով վարակի փոխանցման ցուցանիշներին, ասաց՝ այս տարվա տվյալներով վարակի փոխանցման ուղիներից գերակշռում է հետերոսեքսուալ ճանապարհով փոխանցումը՝ տղամարդ-կին սեռական հարաբերությունների միջոցով, այս ցուցանիշը կազմում է 83%։
«Համավարակի սկզբնական շրջանում իրավիճակն այլ էր, վարակի փոխանցման ուղիներից ամենատարածվածը թմրամիջոցների ներերակային օգտագործումն էր։ Այսօր այդ իրավիճակը փոխվել է, այս տարի թմրամիջոցների ներերակային օգտագործման ուղիներով վարակի փոխանցման ցուցանիշը կազմել է 5.8%։ Հաջորդը հոմո եւ բիսեքսուալ շփումներն են՝ 9.3%»,-ասաց Սարգսյանցը։
Նա վստահեցրեց, որ մեր երկրում վարակը մորից պտղին փոխանցման առումով բավական լավ վիճակում է․ «Եթե կինը ՄԻԱՎ ունի եւ ստանում է ՀՌՎ (հակառետրովիրուսային Ն․Բ) բուժում, ապա վարակը պտղին չի փոխանցվում։ Այս տարի մորից պտղին վարակի փոխանցման դեպքեր չենք ունեցել։ Ցավոք, լինում են դեպքեր, երբ վարակակիր կարգավիճակը բացահայտվում է ծննդաբերությունից առաջ։ Անցյալ տարի 17 նման դեպք է բացահայտվել։ Ժամանակին բուժման դեպքում վարակը պտղին չի փոխանցվում, քանի որ այդ դեղերն այնքան հզոր են․․․ ընդ որում 2020 թվականից սկսել ենք աշխարհի լավագույն սխեմաներով բուժումը՝ երեքը՝ մեկում, որի դեպքում գրեթե չկա կողմնակի ազդեցություն»։
Մասնագետի ներկայացմամբ, վարակվելուց խուսափելու համար կարեւոր պայմաններից է անվտանգ սեռական հարաբերությունը։ Պակաս կարեւոր չէ նաեւ դեպքերի վաղ բացահայտումը, քանի որ այն ոչ միայն կոտրում է վարակի շղթան, այլ նաեւ վարակված անձը հնարավորություն է ունենում վաղ շրջանում բուժում ստանալ, ուստի նաեւ վարակված անձը առողջական նվազագույն խնդիրներ կունենա։ Նույնը վերաբերում է նաեւ հեպատիտային վարակին։
«ԱՀԿ ցուցումով թիրախ է դրվել 95-95-95․ սա նշանակում է, որ 95%-ի մոտ վարակը պետք է բացահայտվի, դրանցից 95%-ը ստանա բուժում, եւ 95% դեպքերում վիրուսը լինի ճնշված։ ՀՌՎ դեղերն այնքան հզոր են, որի միջոցով վիրուսը ճնշվում է այնքան, որ արյան մեջ այն չորոշվող մակարդակի է հասնում։ Այս ցուցանիշին պետք է հասնենք 2030 թվականին, որը կապահովի դեպքերի նվազումը, եւ եթե դա իրականացվի, ապա 75%-ով կնվազեն նոր դեպքերը։ Անցյալ տարի առաջին ցուցանիշը՝ նոր դեպքերի հայտնաբերման, ցածր է եղել մեր երկրում»,-ասաց Սարգսյանցը։
Նրա ներկայացմամբ՝ Հայաստանը տարածաշրջանում համեմատաբար լավ իրավիճակում է, 0.1% է վարակի տարածվածությունը․ «Մեր տարածաշրջանը՝ արեւելյան Եվրոպան եւ Միջին Ասիան, համարվում են ՄԻԱՎ-ի տեսակետից ոչ բարվոք տարածաշրջաններից, որտեղ հիվանդացության նոր դեպքերի թիվը ոչ միայն չի նվազել, այլեւ 43%-ով բարձրացել է։ Նման բարձրացման իրավիճակ կա նաեւ աֆրիկյան տարածաշրջանում։ Քանի որ միգրացիան մեզ մոտ հիմնականում Ռուսաստանից է, նախկինում նաեւ՝ Ուկրաինայից, որտեղ բարձր է տարածվածությունը, այդ առումով մտահոգություններ ունենք։ Միգրանտները վարակի փոխանցման տեսակետից խոցելի խումբ չեն, բայց քանի որ բազմաթիվ գործոններ կան միգրացիայի հետ կապված, դրանք բարձրացնում են վարակման հավանականությունը, ուստի նրանք դասվում են խոցելի խմբին»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ