«Հարգանքով եմ վերաբերվում ցանկացած պատգամավորի որոշմանը մանդատի առնչությամբ։ Թույլ տվեք չմեկնաբանել, դա սահմանադրական իրավունք է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով խորհրդարանական ընդդիմության մի շարք պատգամավորների մանդատից հրաժարվելու փաստը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի կազմում գտնվող «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ․ մանդատը վայր է դրել նաեւ «Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանը։ Վահե Հակոբյանը պարզաբանել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տարաձայնություններ չունեն։
Հարցին՝ ի՞նչ ընթացակարգ է սահմանում օրենքը, եթե ընդդիմության ցուցակի հերթական համարները եւս հրաժարվեն մանդատը վերցնել, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Քաղաքական տեսանկյունից ոչ ցանկալի եղանակ է, երբ փորձ է արվում բոյկոտի ենթարկել օրենսդիր մարմնի աշխատանքը։ Իրավական տեսանկյունից ԱԺ-ն շարունակելու է աշխատանքը»։
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ որեւէ ընդդիմադիր պատգամավորի քրեական հետապնդման հիմքով անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կա՞, Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց․ «Սխալ մարդու եք դիմում»։
Կարդացեք նաև
Նկատառմանն ի պատասխան, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դա չի բացառել, Վլադիմիր Վարդանյանն ասաց․ «Դա պարոն Սիմոնյանի իրավունքն է։ Ես չեմ բացառում դա որեւէ անձի հանդեպ, որովհետեւ դա համապատասխան մարմինների սահմանադրական իրավունքն է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ