«Երբ կառավարությունը բարեփոխումների ծրագիր է սկսում, վարկանիշի փոփոխությունները հնարավոր են։ Քաղաքացիներն են որոշում գալիք ընտրությունների ընթացքում ում ձայն տան»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Gallup International Association»-ի Հայաստանի ներկայացուցչության հարցումների արդյունքներին, ըստ որոնց՝ հանրության շրջանում ավելացել է դժգոհությունը իշխանությունից, նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Լրագրողի նկատառմանն ի պատասխան, որ ՔՊ-ին քվե տված քաղաքացիների թիվը, ըստ հարցումների, նվազել է, Վլադիմիր Վարդանյանն ասաց․ «Անընդհատ փորձելու եք ինձանից ինչ-որ կարծիք պոկել դրա վերաբերյալ, չի ստացվելու։ Կա հարցում, որը տեսել ենք մենք։ Արդյունքները հասկանալի են։ Դրանց հետ կապված արձագանքը պետք է լինի այնպիսին, որ քաղաքացիները կարողանան ավելի տեսանելի եղանակով հասկանան, թե պետությունը գալիք տարիներին որքանով է զարգանալու եւ ինչպես»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ