Այսօր Շիրակի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նա շրջայց կատարեց Գյումրիի հիվանդանոցներում։ Նախ` եղավ Գյումրի բժշկական կենտրոնում, ծանոթացավ նոր ծառայություններին, այնուհետ այցելեց հարևանությամբ գտնվող «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», եղավ նաև շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի նախաձեռնությամբ կառուցվող ծննդատան շինհրապարակում՝ ուսումնասիրելով շինարարության ընթացքը։
Նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր ինչպես 44-օրյա պատերազմում, այնպես էլ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի հարձակման ժամանակ նահատակված զինվորների մարմինների հուղարկավորությանը։ Լրագրողներից մեկի հարցին, թե նահատակներից քանիսի՞ մարմինները դեռ չեն նույնականացվել և արդյոք հուղարկավորելո՞ւ են 44 օրյա պատերազմում 100 զոհվածների մարմինները, որոնց ծնողները իրենք չեն հուղարկավորել, նախարարը պատասխանեց․
«44 օրյա պատերազմից մենք դեռ ունենք նույնականացված, բայց չհուղարկավորված մարմիններ։ Եվ մենք միացյալ աշխատանքն ենք տանում մեր այլ գերատեսչությունների գործընկերների հետ՝ ավարտելու այս պրոցեսը։ Երկրորդ տարին է արդեն լրանում, և մենք քրիստոնեական ծիսակատարություններով պետք է հուղարկավորենք մեր հերոսների մարմինները։
Հաջորդիվ ասեմ, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի արդյունքում մեր բոլոր զոհերի մարմինները նույնականացվել են, հուղարկավորվել են։ Երկու օր առաջ ևս ստացանք մարմիններ, պետք է անցնեն փորձաքննությունների ընթացք և առաջիկայում ևս այդ պրոցեսի ավարտին, կհուղարկավորվեն»։
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե ինչո՞ւ ծնողները իրենք չեն տանում, չե՞ն հավատում, որ իրենց որդիներն են, նախարարը պարզաբանեց, որ բարդ հոգեբանական խնդիր է, բայց իրենք չեն կարող երկարացնել այդ գործընթացը և փորձում են լուծումներ գտնել, որոնք կլինեն հնարավորինս ոչ ցավոտ՝ հաշվի կառնեն բոլոր կողմերի իրավունքներն ու շահերը, որպեսզի նրանք բավարարված լինեն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ