Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շուրջ մեկ ամիս է, ինչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի ձեռնարկում օրենքով վերապահված գործողությունները Տիգրան Ավինյանի առնչությամբ

Նոյեմբեր 30,2022 11:56

«Առավոտը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրել էր դիմում՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի կողմից առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու (պաշտոնավարումները դադարեցված լինելու), իսկ հիմնադրամներում՝ ոչ վճարովի հիմունքներով աշխատանք կատարելու վերաբերյալ։ Ի պատասխան՝ մասնավորապես առաջարկվել էր Հանձնաժողովի պաշտոնական համացանցային կայքում ծանոթանալ Տիգրան Ավինյանի հայտարարագրին։

Հանձնաժողովի պաշտոնական համացանցային կայքում տեղադրված Տիգրան Ավինյանի հայտարարագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախ այն ներկայացվել է 2022 թվականի հոկտեմբերի 24-ին, միաժամանակ, դրա՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի շահերի հայտարարագիր» վերտառությամբ «Ե» բաժնի «Ներկայացվածությունն առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» վերտառությամբ «Ե.2» ենթաբաժնում առկա տեղեկությունների համաձայն՝ քննարկվող հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ, այն է՝ 2022 թվականի հոկտեմբերի 24-ին, Տիգրան Ավինյանը հանդիսացել է և, ըստ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության պաշտոնական կայքի, ներկայումս էլ հանդիսանում է Տնօրենների խորհրդի նախագահ։

Մինչդեռ հաշվի առնելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերն ու նկատի ունենալով, որ Տիգրան Ավինյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում 2022 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն տվյալ պաշտոնում նշանակվելուց հետո՝ մեկ ամիս անց՝ 2022 թվականի հոկտեմբերի 24-ին, ներկայացնելով նշված հայտարարագիրը՝ դրանում առկա տեղեկությունների համաձայն, նույն օրվա դրությամբ առևտրային կազմակերպությունում՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությունում, զբաղեցնելիս է եղել, ինչպես նաև ներկայումս էլ զբաղեցնում է Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը»։

Ուստի լրացուցիչ հարցմամբ խնդրեցինք տեղեկացնել՝ արդյոք Տիգրան Ավինյանի կողմից պահպանվել են օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները, թե ոչ։ Եթե ոչ, ապա արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձեռնարկել է (կամ նախատեսում է ձեռնարկել) օրենքով սահմանված համապատասխան գործողություններ, թե ոչ։

Նոյեմբերի 25-ին ստացված պատասխան գրությամբ հանձնաժողովը մասնավորապես տեղեկացրել է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով նախատեսված վարույթ դեռևս չի նախաձեռնել՝ միաժամանակ առաջարկելով Հանձնաժողով ներկայացնել բարձրացված հարցին վերաբերող դիմում՝ դրանում ընդգրկելով Օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող տվյալներ։

Վարույթ դեռևս չնախաձեռնված լինելու ձևակերպումը ենթադրո՞ւմ է, որ Հանձնաժողովն արդեն իսկ ձեռնարկել է օրենքով նախատեսված վարույթ հարուցելուն ուղղված նախապատրաստական միջոցառումներ։

Ողջամտորեն ենթադրելի է, որ 2022 թվականի հոկտեմբերի 24-ին Տիգրան Ավինյանի կողմից ներկայացված հայտարարագիրն արդեն իսկ ենթարկվել է վերլուծության հանձնաժողովի կողմից։ Եվ ըստ այդմ, հանձնաժողովը, իրականացնելով օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները, կարող էր ու պարտավոր էր պարզել Տիգրան Ավինյանի կողմից օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների՝ վերոհիշյալ խախտման փաստն ու հարուցել համապատասխան վարույթ՝ առանց որեւէ առանձին դիմումի։

Ուստի նաև տարակուսելի է, որ արդեն շուրջ մեկ ամիս է՝ հաշված «Առավոտի» առաջին դիմումի ներկայացման պահից, ինչ հանձնաժողովը չի ձեռնարկել օրենքով վերապահված գործողությունները։

Նշենք նաեւ, որ Տիգրան Ավինյանի կողմից՝ Երևանի քաղաքապետի տեղակալի և, միաժամանակ, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնները զբաղեցնելու փաստի առնչությամբ հրապարակումից հետո ԱՆԻՖ-ը հաստատեց, որ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շարունակում է մնալ տնօրենների խորհրդի նախագահ՝ մասնավորապես պարզաբանելով․ «Այսպես. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն «Հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը կարող է ընդգրկվել 50 և ավելի տոկոս ՀՀ մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհուրդ) կազմում, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ առանց վարձատրության կամ որևէ այլ ձևով փոխհատուցում ստանալու կամ հանրային պաշտոն չզբաղեցնող անձանց կամ ոչ հանրային ծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներից կամ այլ ծառայություններից կամ արտոնություններից օգտվելու իրավունքի։ ԱՆԻՖ-ի ընթացիկ, առայժմ չհայտարարված, ինչպես նաև ապագա֊քննարկվող ծրագրերի մեծ մասը ուղիղ կապ ունի Երևանի զարգացման ծրագրերի հետ: Այդ թվում են քաղաքացիների շարժունակության, ենթակառուցվածքների, տուրիզմի, սպասարկման, շինարարության,կառուցապատման և այլ բնագավառները։

ԱՆԻՖ-ի կողմից իրականացվող ծրագրերի զգալի մասի արդյունավետությունը և իրացվելիությունը ուղիղ կապ ունեն Երևանի քաղաքապետարանի գործառույթների հետ։ Այս պահին քննարկման փուլում են Երևանում ԱՆԻՖ-ի կողմից նոր ներդրումների ներգրավման մի քանի ծրագրեր, որոնք գտնվում են քաղաքապետարանի անմիջական գործառույթների տիրույթում։ Հետևաբար, փոխքաղաքապետի կարգավիճակի հետ համատեղությունը ԱՆԻՖ-ի անկախ վերահսկող մարմնում ինչպես չի հակասում օրենքին, այնպես էլ նպաստում է պետության ներդրումային և առկա ծրագրերի իրականացման համադրմանը։ Այս է, ի դեպ, հենց ԱՆԻՖ-ի առաքելությունը։

Նկատի ունենալով, որ ԱՆԻՖ-ի 100%-ի մասնաբաժինը պատկանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ինչպես նաև, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ում չի կատարում վճարովի աշխատանք, ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի և Երևանի փոխքաղաքապետի պաշտոնների իրավական անհամատեղելիության ու հակադրության մասին խոսք լինել չի կարող»։

«Փաստինֆո»–ն այս կապակցությամբ սակայն հիշեցնում է․ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետը հստակ ամրագրում է ոչ միայն վճարովի աշխատանք կատարելու արգելքը, այլ քաղաքապետի տեղակալի պաշտոնի հետ անհամատեղելի է համարում նաեւ այլ պաշտոն զբաղեցնելը՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, իսկ ԱՆԻՖ-ը, ինչպես փակ բաժնետիրական ընկերություն է՝ ստեղծված կառավարության կողմից, իսկ ղեկավարումն իրականացնում է տնօրենների խորհուրդը, որի ղեկավարն է Տիգրան Ավինյանը․ «Ակնհայտ է՝ որ փոխքաղաքապետը ղեկավարում է փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհուրդը՝ ի հեճուկս օրենքի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930