Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյան. Ուսումնասիրություններից հետո ֆրանսիական դատարանն էլ համոզվեց, որ դա քաղաքական հետապնդում է եւ շինծու գործ․ «Հրապարակ»

Նոյեմբեր 30,2022 10:59

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա), ում նկատմամբ հետախուզում է հայտարարված, եւ ով այս պահին գտնվում է Ֆրանսիայում, «Հրապարակ» օրաթերթին էքսկլյուզիվ հարցազրույց է տվել։ Օրերս հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են Սուրիկ Խաչատրյանին արտահանձնել Հայաստանին: Մեզ հետ զրույցում Խաչատրյանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին, Սյունիքում տիրող իրավիճակին։

– Պարոն Խաչատրյան, իմացանք, որ Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են Ձեզ արտահանձնել Հայաստանի իշխանություններին։ Դուք Ֆրանսիայի քաղաքացի՞ եք, որքա՞ն ժամանակ է, որ բնակվում եք Ֆրանսիայում։ Ձեզ հրավիրե՞լ են Ֆրանսիայի իրավապահներն իրենց մոտ, առաջարկե՞լ են փաստեր ներկայացնել Ձեր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումը՝ Ձեր ներկայացրած փաստերո՞վ, թե՞ արտահանձնման եւ իրավական փոխհամագործակցության ինչ-որ պայմանագրերի բացակայությամբ, թերություններով։

– Ես Ֆրանսիայի քաղաքացի չեմ, 2019 թ․ հունվարից այստեղ եմ՝ առողջական խնդիրների պատճառով։ Էստեղ իրականացված հետազոտությունների ընթացքում պարզվեց, որ ես լուրջ առողջական խնդիրներ ունեմ։ Նույն թվականի մարտի 19-ին վիրահատվեցի։ Էդ ժամանակ ես հետախուզման մեջ չէի, էդ պրոբլեմը չավարտված՝ ինձ մոտ երկրորդ խնդիրն առաջացավ։ Հունիսի 21-ին սրտի լուրջ վիրահատություն տարա։ Երկար բուժում եմ ստացել հիվանդանոցում։ Երբ ես հիվանդանոցում էի, 2019-ի նոյեմբերի 19-ին ինձ հետախուզում են հայտարարել` առանց տեղեկացնելու, առանց ինձ հետ կապվելու՝ այն դեպքում, երբ բոլորը գիտեին, թե ես որտեղ եմ։ Ապօրինի են քրեական գործ հարուցել, ինձ ո՛չ տեղյակ են պահել, ո՛չ էլ ծանուցել են։ Ես հետագայում իմացա, որ էդ քրեական գործը շինծու է, եւ ցուցմունք տվողներն ընկերներիս պատմել են, որ իրենց ստիպել են նման ցուցմունք տալ։ Մի խոսքով, երկար բուժումներից հետո 2020 թ․ սրտի կանգ գրանցվեց, նորից վիրահատվեցի։ 2021 թ․ հունվարից ես Ֆրանսիայի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում էի։ Դատաբժշկական փորձաքննության հիման վրա դատարանը որոշում կայացրեց, որ իմ հիվանդությունը Հայաստանում չեն կարող բուժել։ Դատարանը (ֆրանսիական) նաեւ հարցում է արել Հայաստանի իրավապահ մարմիններին, պահանջել է ինձ վերաբերող դատական գործը։ Ուսումնասիրություններից հետո դատարանն էլ համոզվեց, որ դա քաղաքական հետապնդում է եւ շինծու գործ։ 2022 թ․ հունիսի 29-ին դատարանը վճիռ կայացրեց, որ առաջին հերթին շինծու քրեական գործի համար չեն հանձնելու, երկրորդը՝ իմ առողջական խնդիրները լուծելու։

– Ձեզ մեղադրանք է առաջադրված պաշտոնեական կեղծիքի եւ յուրացման դրդելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ի՞նչ դիրքորոշում ունեք Ձեզ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։ ՀՀ իրավապահ համակարգին բացատրություններ այդ մասով տվե՞լ եք։

– 2016-ին մարզպետի աշխատանքը թողնելուց հետո մի շարք ստուգումներ են արվել, մի քանի աուդիտորական կազմակերպություններ են հրավիրվել, շատ են փորձել, որ ֆինանսական, տեխնիկական թերություններ գտնեն։ Որեւէ թերություն չի հայտնաբերվել։ Ես՝ որպես պետական պաշտոնյա, ամեն տարի էթիկայի հանձնաժողովին ներկայացրել եմ իմ եկամուտները։ Կարծում եմ, որ այն եկամուտները, որ ներկայացրել եմ, վկայել են, որ ես ոչ մի ֆինանսական չարաշահում չեմ արել։

– Ձեր ընտանիքն անցնում է նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով: Ձեր դեմ ներկայացվել է 19 մլրդ դրամի բռնագանձման պահանջ: Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հայցի վերաբերյալ, կարո՞ղ եք հիմնավորել Ձեզ պատկանող գույքի օրինական ծագումը։ Ի՞նչ է ներառված այդ գույքի մեջ, ո՞ւմ են պատկանում այդ գույքերը։

– Պետք է մի հատ հարցում էլ էդ 19 մլրդ ներկայացնողին ուղղել, թե էդ թվերը որտեղից է վերցրել։ Արդեն նշեցի, որ ես բոլոր եկամուտներս էթիկայի հանձնաժողովին ներկայացրել եմ։ Իմ ներկայացրած գումարներն ինձ թույլ են տվել ոչ միայն տուն կառուցել, այլեւ մի քանի հարյուր մլն դրամի մարզում հրատապ խնդիրներ լուծել։ Վերադառնալուց հետո իմ կողմից լուծված խնդիրները մեկ-մեկ մատնացույց կանեմ։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930