«Ամերիկայի ձայն»-ին տրված հարցազրույցում դեսպան Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը
Հարց. Մեզ հետ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը: Շնորհակալություն պարոն դեսպան, որ համաձայնվել եք զրուցել մեզ հետ: Համուզված եմ, որ հետևում եք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին: Այստեղ ի հայտ են գալիս որոշակի դժվարություններ: Խաղաղ գործընթացը ինքնին կարծես հայտնվում է դադարեցման վտանգի տակ: Ականատես ենք հռետորաբանության կոշտացմանը: Ինչպե՞ս կգնահատեք գործընթացի ներկայիս փուլը և որո՞նք են հիմնական ռիսկերը:
Ուորլիք. Ինձ իրականում լավատեսություն է ներշնչում վերջին մի քանի ամիսների գործընթացը: Լավ նշան է, որ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հանդիպեցին միմյանց: Մասնավորապես Սոչիում կայացած հանդիպումը դրական արդյունք տվեց. կողմերը համաձայնեցին ուժի չկիրառման վերաբերյալ: Ապագայում կան նաև առաջընթացի հնարավորություններ՝ դեկտեմբերի 7-ին Եվրամիության շրջանակում հնարավոր հանդիպման հետ կապված: Չեմ ակնկալում, որ բոլոր քննարկումները կանցնեն առանց դժվարությունների: Եվ, իհարկե, հռետորաբանությունը, հավանաբար, երկու կողմից էլ կարող է փոխվել, բայց դա չպետք է խանգարի գործընթացի առաջխաղացմանը: Կարևոր է, որ կողմերը խոսեն և կարևոր է, որ լինի բանակցային գործընթաց:
Հարց. Պարոն դեսպան, սակայն, դեռևս պարզ չէ, թե արդյոք կկայանան դեկտեմբերի 7-ի բանակցությունները, թե ոչ, քանի որ կողմերի մոտ առկա են որոշակի անհամաձայնություններ այս առիթով: Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանվորված այս հետընթացը խաղաղ գործընթացում:
Կարդացեք նաև
Ուորլիք. Առկա են որոշակի տարաձայնություններ, որոնք, իմ ընկալմամբ, վերաբերում են նախագահ Մակրոնի մասնակցությանը բանակցություններին: Հայկական կողմը ցանկանում է, որ Մակրոնը շարունակի մասնակցել երկխոսությանը և ինչու ոչ առաջնորդի այն, մինչդեռ նախագահ Ալիևը կտրուկ հայտարարություններ է արել Մակրոնի մասնակցության դեմ: Սա կարծում եմ մեծ խնդիր չէ, որը կողմերը պետք է հաղթահարեն, քանի որ ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ անկախ ձևաչափից կամ բանակցության մասնակիցներից:
Հարց. Պարոն դեսպան, Ձեր կարծիքով՝ ո՞րն է կողմերի միջև կարգավորմանը խանգարող ամենագլխավոր խոչընդոտը:
Ուորլիք. Ամենամեծ մարտահրավերն այն է, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր է միանգամից կարգավորել: Պետք է միաժամանակ շատ հարցերի շուրջ գործընթացներ ընթանան։ Կարևոր է, որ նախագահը և վարչապետը խրախուսեն այն: Օրինակ, չափազանց կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց լինի, որը կարող է նվազեցնել հակամարտության հավանականությունը: Կարևոր է, որ կարգավիճակի շուրջ քննարկում լինի: Ես ամբողջապես տեղյակ եմ, որ նախագահ Ալիևը հասկացրել է, որ հակամարտության բոլոր հարցերը կարգավորված են, և որ այս ամենն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց է, սակայն առկա է գործընթացի անհաժեշտություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Դա կարևոր քննարկում է կարգավիճակի շուրջ: Կան նաև այլ հարցեր։ Օրինակ՝ կոմունիկացիան, ջրային ռեսուրսները, ռազմագերիների վերադարձը։ Սրանք բոլորն այն խնդիրներն են, որոնք բախվում են խոչընդոտների, բայց կարող են լուծվել, որի համար պետք է լինի բազմակողմ մոտեցում, առաջին հերթին, նախագահի և վարչապետի ներգրավմամբ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում