Ըստ «Գելափ ինթերնեյշնլի» հարցման՝ եթե ընտրությունները կայանային մոտակա կիրակի օրը, ապա 17,5 %-ը ձայն կտար ՔՊ-ին, 4,5%-ը՝ «Հայաստան» դաշինքին, 2,2%-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքին, մնացած կուսակցություններն ավելի քիչ ձայներ կստանան:
Սովորաբար ընդդիմության կողմնակիցները սփոփվում են նրանով, որ հարցվածների կեսից ավելին ասել է, որ կա՛մ ոչ մեկին ձայն չի տա/չի քվեարկի, կա՛մ դժվարացել է/ հրաժարվել է պատասխանել: Բայց դա մեծ սփոփանք չէ. նորմալ է, որ ընտրությունների է գնալու ընտրելու իրավունք ունեցողների կեսը, եւ ձայները բաշխվում են միայն եկածների մեջ (ինչպես եւ եղել է, մասնավորապես, 2021 թվականին Հայաստանում): Չկա որեւէ ապացույց, որ տանը նստածները բոլորն անխտիր ընդդիմադիրներ են:
Իշխանություն ձեւավորելու որեւէ այլ ձեւ գոյություն չունի: Երբ ասում են՝ պետք է ուժով, պետք է փողոցով, պետք է հեղափոխությամբ՝ դրանք դատարկ խոսակցություններ են, լավագույն դեպքում՝ երազանքներ: Այնպես որ՝ կանխատեսելով ընդդիմադիր հայացքներ ունեցողների զայրույթը, այնուամենայնիվ, արձանագրեմ. եթե ընտրությունները տեղի ունենային մոտակա կիրակի օրը, ՔՊ-ն կհավաքեր ընտրությունների մասնակիցների կեսից ավելիի ձայները: Ավելին՝ կանխատեսում եմ, որ ընդդիմությունն ավելի վատ արդյունք ցույց կտա, քան 2021 թվականին:
Թե ինչու է ակտիվ քաղաքացիների մեծամասնությունը շարունակում վստահել պատերազմում պարտված իշխանությանը՝ պատճառները տարբեր են: Դրանցից մեկը կարելի է հասկանալ «Գելափի» ձեւակերպված հարցից, որտեղ ընտրողներին առաջարկվում է իրենց վերաբերմունքն արտահայտել «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների վերաբերյալ: Ձեւական առումով, այո, այս խորհրդարանում այդպիսի անուններով դաշինքներ գոյություն ունեն: Իսկ իրականում, երբ պատգամավորական մանդատը վայր դրեց «Պատիվ ունեմ» դաշինքի մասը կազմող «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, իսկ հիմա մանդատը վայր է դրել «Հայաստան» դաշինքի մեջ մտնող «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը, դժվար է խոսել դաշինքների մասին: Կուսակցությունների դաշինքներն ընդհանրապես ժամանակավոր, հեղհեղուկ երեւույթներ են, իսկ երբ ընդդիմադիր դաշինքները չեն հասնում իրենց նպատակներին, դրանք դատապարտված են քայքայման: Կարծես թե, այդ երկու խորհրդարանական դաշինքների ճակատագիրը բոլորի համար պարզ է:
Կարդացեք նաև
Անկախ նրանից՝ հաջորդ ընտրությունները կլինեն հերթական, թե արտահերթ, ես կառաջարկեի ընդդիմության այս մասին՝ հաջորդ անգամ հանդես գալ ՀՀԿ եւ ՀՅԴ անուններով: Շատերին այդ կուսակցությունները դուր չեն գալիս, բայց փոխարենը ընտրողների մոտ կլինի հստակություն, թե ում հետ գործ ունեն: Գումարած դրան, ավելի քիչ կլինեն ներքին խարդավանքներն ու իրար վրա մեղքը գցելու ցանկությունը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ