Տպագիր մեդիան առցանց տիրույթում ներկայացնելու գործընթացը շարունակվում է: Զուգահեռ բացվում են այլեւս արխիվ դարձած թերթային հրապարակումները, ըստ այդմ, հիշեցվում է մոռացվածը կամ թվացյալ՝մոռացվածը: Տեղեկացնենք, որ այս օրերին արխիվավորվում է «Առավոտ» տպագիր օրաթերթը, 1999 թվականը: Այս անգամ ներկայացնում ենք «Առավոտի» 2003թ. նոյեմբեր ամսվա արխիվային հրապարակումներից ծաղկաքաղ:
2003 թվական, նոյեմբեր 1
«Հակընդդեմ» ճառ» «Հոկտեմբերի 27»-ի գործով
Երեկվա դատական նիստի ժամանակ ճառով հանդես եկավ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւը։ Նա հասցրեց վերլուծել նախաքննության մարմնի բացթողումները եւ ճառը բնույթով ավելի շուտ «հակընդդեմ» էր՝ ուղղված մեղադրողներին: Վերջիններս իրենց ճառում մեղադրել էին Օլեգ Յունոշեւին եւ, մասնավորապես, ակնարկել, թե նա դաշինքի մեջ է մտել ամբաստանյալի հետ։ Եվ բնական էր, որ Յունոշեւը իր ճառի մեջ անդրադառնար մեղադրողների ճառերի շատ ու շատ հակասություններին։ Նա ասաց, որ բավարար չեն ուսումնասիրվել ապացույցները։ Ասաց, որ որպես իրեղեն ապացույց տեսաերիզը ճանաչվել է 2000թ. հուլիսի 9-ին…
Անսպասելի էր Արմենակ Արմենակյանի կնոջ այցը դատարան, մանավանդ որ, նա երկու անգամ հասցրել էր ճառով հանդես գալ։ Այս անգամ տիկին Արմենակյանն ասաց, որ արգելում է Արմենակյանի սպանության մասին որեւէ մեկին խոսել եւ տուժողի շահերի պաշտպանների գործողությունները որակեց «իրականության հետ կապ չունեցող ենթադրություններ»:
«ԼՂ հակամարտությունը դատապարտված է լուծման»
Վստահ է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: ԱՄՆ-ն Իրանի հետ հարաբերություններ պարզելուն զուգահեռ «ձեռքի հետ» կարող է նաեւ ԼՂ կարգավորմանը ձեռնամուխ լինել՝ ապահովելով հաղորդակցական կապերի անվտանգության խնդիրը: «Գոնե ամերիկյան մոտեցմամբ, ամեն ինչ հանգել է նրան, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցական ուղիները պետք է վերաշահագործվեն եւ այս իմաստով, ինքնաբերաբար նաեւ Մեղրիի հարցը չի կարող շրջանառության մեջ չլինել»,- ասաց նա՝ հավելելով, որ Մեղրիում երկաթգծերի ապամոնտաժման եւ դրանք վաճառելու մասին հրապարակված տեղեկություններն էլ խոսում են այն մասին, որ ՀՀ իշխանությունների որոշակի շերտ արդեն ձեռք է քաշել Մեղրիից: Քաղաքագետը բանակցությունների հետաձգման հնարավոր պատճառներից մեկն էլ համարեց Ֆրանսիայի կտրուկ հակաամերիկյան դիրքորոշումը, որի պատճառով նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում որոշակի ճշգրտումների խնդիր կարող է առաջանալ: Ա. Ենոքյանը չբացառեց, որ Ֆրանսիայի հավակնությունները կարող են իրենց ազդեցությունն ունենալ նաեւ այս խնդրի կարգավորման տարբերակների վրա, որովհետեւ դրանք ենթադրում են նաեւ տարածաշրջանում ուժի բալանսավորում՝ ՌԴ-Ֆրանսիա-ԱՄՆ միջեւ: Անդրադառնալով մեր այն հարցադրմանը, թե հայկական կողմին կհաջողվի՞, արդյոք, խնդրի կարգավորումը առժամանակ եւս հետաձգել, նկատի ունենալով, որ եւ ՀՀ իշխանությունները, եւ պաշտոնական Ստեփանակերտը հիմա փորձում են ԼՂՀ-ն կրկին ներգրավել որպես բանակցող կողմ:
Կարդացեք նաև
«Հնչակների «Մինի համագումար»
«Ղարաբաղյան գործընթացները շուտով կակտիվանան եւ մեզ կպարտադրվեն ոչ հայանպաստ որոշումներ»,- երեկ կայացած ՍԴՀԿ 6-րդ արտահերթ համագումարում հայտարարեց Ջորջ Հակոբյանը։ Դրանով է հնչակների այս առաջնորդը բացատրում Հայաստանում եւ Ադրբեջանում կայացած խայտառակ ընտրությունների ներումը եւ դրանց արդյունքների հանդուրժումը թե Եվրոպայի, թե Արեւմուտքի կողմից։ «Հայաստանում եւ Ադրբեջանում ոչ լեգիտիմ իշխանությունների գոյությունը ձեռնտու է գերտերություններին,- գտնում է Ջորջ Հակոբյանը,- որովհետեւ այս տարածաշրջանում նրանք իրենց շահերն են հետապնդում»։ Ուստի, «իրենց կամքը» չկատարելու դեպքում, Ջ. Հակոբյանի համոզմամբ, սույն երկրների իշխանությունները խնդիրներ կունենան, հետեւաբար, պետք է կամակատար դառնան։ Իսկ Հայաստանը, քանի որ նավթ չունի՝ կրկնակամակատարի դերում կհայտնվի:
Նոյեմբեր 5
«Ռուսի եւ ամերիկացու պահածները»
ԿԳ նախարարության լեզվի պետական տեսչությունը, ինչպես զգուշացրել էր մի քանի շաբաթ առաջ, սկսել է «Մեր տանը՝ մեր լեզվով» նշանաբանով ստուգումների տասնօրյակ՝ այն կազմակերպություններում, որոնք ամաչում են մեսրոպատառ ցուցանակներ փակցնել իրենց մուտքերի պատերին: Այսպիսով՝ նրանք խախտում են «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի «գ» կետը՝ ցուցանակին ներկայացվող լեզվի պահանջները, ինչպես նաեւ կառավարության 270 որոշումը, ըստ որի՝ ցուցանակի անվանումը պետք է լինի նախ հայատառ, հետո, ցանկության դեպքում, նաեւ օտար լեզուներով, ընդ որում՝ վերջիններս պետք է չափերով փոքր լինեն հայերենից: Կազմակերպված ակցիան առավել թափանցիկ դարձնելու նպատակով Լեզվի պետական տեսչությունը ստուգումներին ներգրավել էր նաեւ հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ու ԶԼՄ ներկայացուցիչների:
Եվ վերջապես՝ մի՞թե չի կարելի ամերիկացու հանդեպ տածած մեր սերն արտահայտել հայերեն տառերով կամ գոնե՝ նաեւ հայերենով: Օրինակ՝ սրճարանին տալ Նյու Յորք կամ Չիկագո անունը, բայց այն գրել հայերեն: Մի օբյեկտի աշխատակցուհի էլ նույնիսկ նկատեց, որ լրագրողներիս հագած-կապածը ամերիկյան է, եւ մենք համարձակվում ենք ամերիկացու լեզվին դեմ խոսել. «Իսկ ինչո՞ւ եք անգլերեն սովորում, ինչո՞ւ եք նրանց ընդօրինակում»,- վրդովված մեզ էր դիմում տիկինը, որի հագին մեր դարավոր ոսոխի արտադրած խալաթն էր:
Նոյեմբեր 8
«Սկզբունքների փոփոխություն»
Երբեմն թվում է, որ մեր քաղաքական գործիչներն իրենց տեսակետները հայտնելիս ակնկալում են, թե գործ ունեն կարճ հիշողություն ունեցողների հետ: Այլապես, ասենք, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ճեպազրույցում չէր հայտարարի, թե դեմ է վստահության հանրաքվեին:
Չէ՞ որ նույն Գալուստ Սահակյանն էր 2003-ի ապրիլի 17-ին, դարձյալ ԱԺ ճեպազրույցների ընթացքում մեր հարցին՝ կընդառաջե՞ն ՍԴ առաջարկին եւ «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխմամբ հնարավորություն կստեղծե՞ն կազմակերպել վստահության հանրաքվե, պատասխանել. «Իմ կարծիքով՝ այդ մասն ավելի շատ քաղաքական որոշում էր. մի տեսակ՝ հաշտեցնելու հասարակության մեջ առկա երկու բեւեռներին: Երդման արարողության ընթացքում այդ մասին խոսեց նաեւ նախագահը, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի հավատը վերականգնվի եւ հասարակությունը զերծ մնա այս բեւեռացումներից: Կարծում եմ՝ այդ նույն խնդիրն իր առջեւ դրել էր նաեւ ՍԴ-ն»:
Նույն ճեպազրույցի ընթացքում, երբ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե Դաշնակցությունը չի՞ աջակցելու վստահության հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին՝ պատասխանեց. «Ցանկացած ժողովրդավարական զարգացմանը մենք լինելու ենք «կողմ», այդ թվում՝ նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքի բարեփոխմանը եւ այն Սահմանադրության համապատասխան հատվածների հետ համապատասխանեցմանը»:
«Այն, ինչ արգելված չէ, թույլատրված է»
Եթե ընդունվի «ԶԼ մասին» օրենքի այն տարբերակը, որը այս պահին շրջանառվում է ԱԺ-ում, միջազգային պրակտիկայում կիրառվող այս սկզբունքը լրագրողներին չի օգնի: Երկրորդ ընթերցումից առաջ օրինագծի 8-րդ հոդվածում իշխանությունը խցկել է մի 4-րդ կետ, որում ասված է. «Արգելվում է այն տեղեկատվության տարածումը, որը կվնասի ժողովրդավարական հասարակությունում պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգի պահպանմանը, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, պատվին ու բարի համբավին, արդարադատության հեղինակությանն ու անաչառությանը»:
«Գարշահոտության համար պատասխանատու է ողջ կառավարությունը»
Այդպիսին է «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի կարծիքը՝ ՕԵԿ 6-րդ համագումարի ժամանակ հնչած ելույթների ընդդիմադիր պաթոսին կնախանձեին իրենց արմատական ընդդիմադիր համարող քաղաքական գործիչներն անգամ: Վիկտոր Դալլաքյանը համաձայն է, սակայն նկատեց, որ կոալիցիոն կառավարության մասին խոսողները պետք է հիշեն, որ վարչապետը նույնն է մնացել, հիմնական նախարարները նույնն են, իսկ կոալիցիայի մեջ մտնող քաղաքական ուժերը աջուձախ հայտարարում են, թե իրենք ստանձնում են ամբողջ պատասխանատվությունը. «Այսինքն՝ այդ գարշահոտության համար պատասխանատու է նաեւ կոալիցիան։ Կապ չունի՝ մեկ ամսվա, թե չորս ամսվա համար։ Պատասխանատու են ոչ միայն գարշահոտության, այլ նաեւ դպրոցների օպտիմալացման ծրագրի իրականացման համար։ Եթե ծրագիրը որեւէ ուժի սկզբունքներին հակասում է, կա քաղաքակիրթ քայլ՝ կամ դուրս են գալիս տվյալ կառավարությունից, որն իրականացնում է տվյալ ուժի սկզբունքներին հակասող քաղաքականություն, կամ գոնե հրաժարվում են տվյալ ոլորտի նախարարի պաշտոնից։ Այսինքն, ճանապարհներ կան եւ պետք չէ միայն խոսել»։ Ըստ ամենայնի, կոալիցիոն անհանդուրժողականությունը կարող է սրվել 2004-ի բյուջեի քննարկման ժամանակ։ Չի բացառվում, որ խորհրդարանում ձեւավորվի նոր մեծամասնություն՝ հանձինս Ժողպատգամավորի, ՄԱԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, նաեւ Հանրապետականի այն մասի, որը գտնվում է պաշտպանության նախարարի ազդեցության տակ:
Նոյեմբեր 14
«27»-ի դատավարությունն ավարտվեց
Դատավոր Սամվել Ուզունյանը մտավ խորհրդակցական սենյակ: «Հոկտեմբերի 27» քրեական գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանը խոստացել էր երկու ժամում ավարտել իր վերջին խոսքը։ Ակնհայտորեն, նա երեկ ուզում էր հրաժարվել այդ մտադրությունից՝ պաշտպանական ճառը «սաղացնելով» դատարանի վրա իբրեւ վերջին խոսք։ Ամբաստանյալը եւս մեկ անգամ կրկնեց, որ այս դատարանում ոչ ոք չի կարողացել ապացույցները հիմնավորել եւ բացատրել, թե իրենք՝ ահաբեկիչները, տնից դուրս գալով ինչպես հայտնվեցին ԱԺ նիստերի դահլիճում, թե ինչպես «ամեն բան մեկ րոպեի ընթացքում շուռ եկավ»։ Նա այն վարկածն առաջ քաշեց, թե Վազգեն Սարգսյանի սպանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա փորձել է խլել Կարենի ինքնաձիգը:
Նոյեմբեր 28
«Ահա քեզ, Գրիգոր, եւ Մելս Ամալյանը»
ՀՌԱՀ կանոնակարգի համաձայն՝ արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում՝ ՀՌԱՀ-ը 15 օրվա ընթացքում դադարեցնում է արտոնագրի գործողությունը: Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանն առաջարկում է իրենց ասուլիսն ու այս հրապարակումը դիտել իբրեւ ՀՌԱՀ-ի համար «տեղեկատվություն»:
«Ցանկալի կլիներ, որ Գրիգոր Ամալյանը մինչեւ կարծիքներ հայտնելը մի փոքր ծանոթանար, ավելի խորն ուսումնասիրեր եւ մեր ներկայացրած փաստարկները, եւ մրցութային փաթեթը: Եվ դրանից հետո նոր իրեն իրավունք վերապահեր որակումներ տալ մեջբերված փաստերին»,- այսպես արձագանքեց դատական ատյաններում «Ա1+»-ի շահերը ներկայացնող Տիգրան Տեր-Եսայանը ՀՌԱՀ նախագահի հայտարարությանը: Ըստ այդմ՝ «Ա1+»-ի ներկայացուցիչների վերջին ասուլիսում արված պնդումները, թե հոկտեմբերի 13-ի մրցույթում «Սինեմաքս» ՍՊԸ-ն կեղծ եւ խեղաթյուրված տեղեկություններ է ներկայացրել մրցութային առաջարկում, մինչդեռ ՀՌԱՀ-ն անտեսել է դրանք՝ «հերթական հիստերիա» են, որին ինքն ականատես է յուրաքանչյուր մրցույթից առաջ:
Նոյեմբեր 29
«Դասալիք պաշտոնյաներ»
Երեկ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունը հրավիրած մամուլի ասուլիսում հրապարակեց զինվորական ծառայություն չանցած մեր բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը։ Ըստ «ԳԽ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանի, 2002-03թթ. հարցման են ենթարկվել քաղաքական եւ հայեցողական գրեթե բոլոր պաշտոնները զբաղեցնող անձինք, ինչից պարզվել է, որ զինվորական ծառայություն չեն անցել՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, սոցապ նախարար Աղվան Վարդանյանը, քաղաքաշինության նախարար Արա Արամյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը:
«ԳԽ»-ի կողմից արված հայտարարության համաձայն, պետական պաշտոններին հավակնող անձանց զինվորական ծառայության հարցերը Հայաստանում կարգավորվում են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի 4-րդ կետի պահանջներով, այն է՝ զինվորական ծառայություն չանցած զինապարտները, բացի օրենքի մի քանի կետերով եւ հոդվածներով նախատեսված դեպքերից, չեն կարող նշանակվել պետական պաշտոնների, որոնց ցանկը հաստատում է կառավարությունը։ Սակայն, ըստ Ռ. Թորոսյանի, ՀՀ կառավարությունը 1998թ. օրենքն ընդունելուց հետո առայսօր չի հաստատել այդ ցանկը եւ զինվորական ծառայություն չանցած բազմաթիվ անձինք նշանակվել են պետական բարձր պաշտոնների:
Պատրաստեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
29.11.2022