Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանյան որոշ շենքեր «ժպտում» են

Նոյեմբեր 30,2022 13:00

Իրականացվում է CITY OF THE FUTUR-E . Yerevan Street Art Fest-ը

Հայաստանում իրականացվում է CITY OF THE FUTUR-E. Yerevan Street Art Fest-ը, որը քաղաքային նոր մշակույթի ձեւավորմանն ուղղված նախագծի առաջին քայլերից է: Նախագծի հեղինակն ու ղեկավարը Դավիթ Խաչատրյանն է: Փառատոնի շրջանակում ամերիկաբնակ Street Art նկարիչ Կարեն Աշիմյանի «Ժպտացող աղջիկը» աշխատանքն արդեն Թումանյան 38 հասցեի շենքի պատին է: «Առավոտի» հետ զրույցում Կարեն Աշիմյանը նշեց, որ իր այդ ստեղծագործությունն ԱՄՆ-ում ճանաչվել է իբրեւ լավագույն նախագիծ, որը խորհրդանշում եւ քարոզում է ժպիտի գաղափարը:

Դավիթ Խաչատրանը նշեց, որ CITY OF THE FUTUR-E-ի, այսինքն՝ ապագայի քաղաքի գաղափարով Հայաստանում, մասնավորապես Երեւանում ցանկանում են ներկայացնել քաղաքային մշակույթի կարեւոր ուղղություններից մեկը՝ սթրիթ արթը, եւ փառատոնի շրջանակում արտասահմանից Երեւան են հրավիրում այդ ուղղության ներկայացուցիչների: Նրանցից մեկն էլ ամերիկաբնակ նկարիչ Կարեն Աշիմյանն է: «Մեր փառատոնի շրջանակներում արված առաջին աշխատանքը հենց Կարենի հետ իրականացրինք: Նրա «Ժպտացող աղջիկը» քարոզում է ժպիտ, բարություն, գեղեցկություն»,-նշեց Դավիթ Խաչատրյանը:

«Ես նկատեցի, որ Երեւանում պատերի վրա չկան նկարներ, գույներ: Ամերիկյան մի կազմակերպություն, որը Հայաստանում ներկայացուցչություն ունի, փոքր դրամաշնորհներ է տրամադրում՝ հետաքրքիր նախագծեր իրականացնելու համար: Հայաստանում մի քանի ժպտացող դեմքեր արդեն կան, եւ նման աշխատանքներ իրականացնելու գաղափարը հենց էդտեղից է առաջացել: Դավիթի հետ արդեն մեկ տարի է՝ աշխատում ենք, եւ հնարավորություն է ստեղծվել, որ իրականացնենք նախագիծը, իսկ Թումանյան 38 հասցեի ժպտացող աղջիկը դարձել է նախագծի առաջին աշխատանքը: Գաղափարն այն է, որ մթնոլորտ փոխվի, անցնելիս՝ մարդիկ նայեն աշխատանքին ու ժպտան, ակամայից իրենց տրամադրությունը բարձրանա: Արվեստն ունի այդ ուժը: Այս աշխատանքները նվեր են քաղաքին, որովհետեւ սրտանց արված աշխատանքներ են»,-ասաց Կարենը:

Նա տեղեկացրեց, որ արդեն շուրջ 5 աշխատանք են իրականացրել՝ Կապանում, Ապարանում, Երեւանում՝ Կոնդում: Հավելեց, որ 5 աշխատանք էլ հայաստանյան դպրոցներում է իրականացրել:

«Փառատոնն այս պահին արվում է հիմնականում անձնական միջոցներով, առաջիկայում սպասում ենք նաեւ իտալացի նկարիչ Անտոնինո Պերրոտտային: Չեմ կարող չնշել Հայաստանում Իտալիայի դեսպանատան մեծ աջակցության մասին: Սա արվեստի ուղղություններից է, որը բավականին ծախսատար է, մոնումենտալ նկարչության մասին է խոսքը, որտեղ լիտրերով ներկեր են օգտագործվում, տեխնիկա: Եթե նկարիչների ես հրավիրում, ծախսերն ավելի են մեծանում»,-ասաց փառատոնի ղեկավարը: Դավիթ Խաչատրյանն ընդգծեց, որ շենքերի ընտրությունը կատարում են պետական մարմինների հետ համաձայնությամբ:

Նրա խոսքով. «Ի տարբերություն արվեստանոցում արված աշխատանքների, սթրիթ արթն ավելի շատ մարդկանց է հասանելի: Ցանկացած ոք աշխատանքի գնալիս, փողոցով անցնելիս անընդհատ շփվում է արվեստի հետ: Ու կարեւոր է, որ այն ոչ միայն աչք շոյի, այլեւ կոնկրետ ասելիք ունենա ու գաղափար»:

Կարեն Աշիմյանից տեղեկացանք, որ ԱՄՆ-ում գրաֆիկական դիզայնով է զբաղվել, յոգայով է զբաղվում, նման մի ստուդիա էլ Երեւանում է բացել: Սթրիթ արթին էլ ուղղակի սիրահարված է: «Ինչքան մեծ պատ, դժվար պատ, այնքան ավելի հաճույքով եմ աշխատում: Թումանյան 38 հասցեի շենքի պատի աշխատանքը երկու օրում եմ ավարտել»,-ասաց նկարիչը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Նկարները տրամադրել է Դավիթ Խաչատրյանը:

«Առավոտ» օրաթերթ
29.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հարգելի ԱՌԱՎՈՏ

    Նյութի թեման հետաքրքիր է, բայց թող ներվի ասել, մի տեսակ գլխառադ արված հոդված է ստացվել: Նույն միտքը կրկնվում է, մտքերը սահուն ձեւակերպված չեն: Հեչ ԱՌԱՎՈՏ-ին նման չի:

    • Գոհար says:

      Հարգելի Նարեկ,շնորհակալություն,որ ուշադիր կարդում եք մեր թերթը: Ձեր գնահատականի հետ համաձայն չեմ՝ գլխառադ արված լինելու առումով: Ամեն դեպքում, ուրախ եմ,որ Առավոտը որակյալ լրատվության էտալոն եք համարում:
      Հարգանքով՝ Գոհար Հակոբյան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930