Լրահոս
Օրվա լրահոսը

Արցունքներ, խելահեղ ծափահարություններ ու  հատակին նստած երկրպագուներ․ Սպիվակովի համերգը՝ Գյումրիում (տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 29,2022 20:38

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում այսօր տեղի ունեցավ աշխարհահռչակ ռուսաստանցի ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի համերգը՝ իր ղեկավարած Ռուսաստանի Դաշնության ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

Մաեստրոյին սրտատրոփ էին սպասում այս քաղաքում, որտեղ նա 34 տարի առաջ՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից 3 ամիս անց, տվել էր առաջին համերգը՝ սփոփելով սգացող քաղաքի վիշտը, հիշեցնելով նոր կյանքի մասին։ Իհարկե, դրանից հետո էլ համերգ է ունեցել Գյումրիում՝ սպասումի մի նոր զգացում առաջացնելով։

Այսօր էլ նա մի նոր շունչ հաղորդեց Գյումրիին՝ կենդանացնելով քաղաքը։ Նրան ունկնդրելու էր եկել Գյումրիի ողջ մտավորականությունը․ մեծ հերթեր էին գոյացել թատրոնի շենքի դիմաց։ Եվ երբ թատրոնի դռները բացվեցին ու մարդիկ ներս մտան դահլիճ, շատերը, տոմսեր չունենալով, մոտ երկու ժամ հատակին նստած`ունկնդրեցին համերգը։ Յուրաքանչյուր կատարում ուղեկցվում էր երկարատև, խելահեղ, հոտնկայս ծափահարություններով, դահլիճն ամեն րոպե ի ցույց էր դնում իր սերը, երկրպագում Վլադիմիր Սպիվակովին։

Ներկաները ոչ միայն վայելում էին  դասական կատարումները, այլեւ համերգի ողջ ընթացքում հեռախոսներով անդադար նկարում էին՝ հավերժացնելու ու հետագայում նորից ու նորից ունկնդրելու։

Հատվածներ հնչեցին Արամ Խաչատրյանի, Պյոտր Չայկովսկու, Դմիտրի Շոստակովիչի ու այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Մաեստրոն իր հերթին շոյեց գյումրեցիներին՝ ասելով, որ հաճելի է նորից հանդիպել այս քաղաքի մարդկանց հետ, քանի որ բոլորս մեկ ընդհանուր պատմության մի մասնիկն ենք։

«Գյումրին գնալով ավելի ու ավելի է բարգավաճելու, զարգանալու, գեղեցկանալու»,- ասաց աշխարհահռչակ երաժիշտը՝ գյումրեցիներին ուղղված իր բարեմաղթանքը հնչեցնելով հայերեն․ « Ցանկանում եմ ձեզ երկար երջանկություն և սիրով լի կյանքի տարիներ»։

Նա նաև ասաց, որ այսօր հայաստանյան վերջին համերգն էր, եկել էին աջակցելու Զինվորի տանը, որն իր պատկերացմամբ՝ լույս է խավարի մեջ։

Ներկաները բավական մեծ դժվարությամբ բաժանվեցին Վլադիմիր Սպիվակովից։

Ի դեպ, նա նախքան դրամատիկականում համերգ տալն այցելել էր «Սև Բերդ» ամրոց, որտեղ հաջորդ  տարի նախատեսվում է իրականացնել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-ամյա տարելիցին նվիրված համերգը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930