Լրահոս
Օրվա լրահոսը

Պետբյուջեով ոստիկանությանը տրամադրվող գումարները շատ ավելի են, քան բանակին տրամադրվող գումարները. Թաթուլ Մանասերյան

Նոյեմբեր 29,2022 18:28

Մենք ունենք պարադոքսալ վիճակ, երբ տնտեսությունն աճում է երկնիշ թվով, և աղքատությունը ոչ թե նվազում է, այլ մեկ ուրիշ զուգահեռով աղքատությունն էլ է աճում, այս մասին Sputnik Արմենիա կենտրոնում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` վերլուծելով 2023 թվականի բյուջեի ուժեղ և թույլ կողմերը։

«Ցանկացած երկրում ուրախալի է, որ տնտեսական աճ է նկատվում, այն էլ՝ երկնիշ, և ակնկալվում է, որ այդ աճը տրամաբանական շղթայով կշարունակվի։ Երբ կա աճ, նշանակում է, որ տնտեսությունը զարգացել է, բացի առանձին կազմակերպությունների բարձր շահույթներից՝ աճել են նաև տնտեսության տարբեր ճյուղերում աշխատող մարդկանց եկամուտները։ Բնականաբար, եթե դա այդպես է, ապա մեր կենսամակարդակը գոնե փոքր-ինչ կարող է բարելավվել, ինչն իր արտացոլումը պետք է գտնի աղքատության կրճատման վրա: Տնտեսության աճն անպայման պետք է բերի աղքատության նվազման: Միանգամից ուզում եմ նշել, որ մենք ունենք պարադոքսալ վիճակ, երբ տնտեսությունը, որը ոչ միայն աճում է, այլ աճում է երկնիշ թվով՝ դրան զուգահեռ ունենք ոչ թե աղքատության նվազում, այլ մեկ այլ զուգահեռ, որ չի հատվում տնտեսության աճի հետ՝ աղքատությունն էլ է աճում»,– ասաց Մանասերյանը։

Նրա խոսքով` այս պարագայում ոչ միայն այստեղ է տրամաբանության խզումը, այլ նաև ստացված եկամուտները,, որոնք գնում են պետական բյուջե, պետք է ուղղվեն այն ծախսերի ֆինանսավորմանը, որոնք առաջնահերթություններ են, սակայն դա այդպես չէ: Օրինակ, գիտությանը հատկացված ֆինանսավորումը գրեթե 6 անգամ զիջում է ոստիկանությանը տրամադրած ծախսերին, որոնք, ի դեպ, շատ ավելի են, քան բանակին տրամադրվող գումարները, թռիչքաձև աճում են պետական պաշտոնյաների աշխատավարձերը:

Տնտեսագետի համար անհասկանալի է, թե եկող տարվա ՀՀ պետական բյուջեն ո՞ր երկրի ու իրավիճակի համար է, այսինքն` հետպատերազմյան վիճակի վերականգնմա՞ն, կոմունիկացիաների բացմա՞ն, թե՞ այլ իրավիճակների համար է։

Տարեսկզբից Հայաստան է ժամանել ավելի քան 300 հազար քաղաքացի Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից եւ այլ երկրներից։ Նրա գնահատմամբ՝ դա Հայաստանի ընդհանուր բնակչության 10 տոկոսն է։ Դա չի կարող չազդել և չապահովել երկնիշ աճ և չազդել հարկային եկամուտների աճի վրա։ «Ի վիճակի՞ ենք արդյոք նման պայմաններում նվազեցնել աղքատության մակարդակը։ Տարեվերջին աղքատության մակարդակը հասնում է 42 տոկոսի։ Սա սարսափելի է: Մարդիկ քնում են գետնին։ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ մարդ աղքատ է»,-նշեց Մանասերյանը՝ հավելելով, որ  աղքատության մակարդակի հակառեկորդը պատկանում է Շիրակի մարզին, որտեղ այդ ցուցանիշը գերազանցում է 60 տոկոսը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930