Նոյեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալեց սպորտային մարմնամարզության 2022 թվականի աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին, բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի (ՀՄՖ) նախագահ Գագիկ Վանոյանին: Արարատ Գրիգորյանը Նորավանքի պատկերող նկարներ նվիրեց սպորտային մարմնամարզության 2022 թվականի աշխարհի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիրներին:
Այնուհետև հյուրերի հետ հանդիպում կայացավ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում, որին մասնակցում էին մարզպետի խորհրդականը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, հանրակրթական և մարզական դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց ներկաներին, իր խոսքում շնորհակալություն հայտնեց չեմպիոն Արթուր Դավթյանին և բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին՝ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում սույն թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 6-ը կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությանը Հայաստանի Հանրապետությունը ավագույնս ներկայացնելու համար: Մարզպետն իր խոսքում կարևորեց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի արդյունավետ գործունեությունը և շնորհակալություն հայտնեց նաև (ՀՄՖ):
Ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Արթուր Դավթյանին և Հարություն Մերդինյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Վայոց ձորի մարզում սպորտային մարմնամարզության զարգացման հնարավորություններմ ու հեռանկարները:
Ամփոփելով հանդիպումը մարզպետը շնորհակալություն հայտնեց հյուրերին, ևս մեկ անգամ շնորհավորեց մեդալակիրներին և մաղթեց բազում հաղթանակներ, այդ թվում՝ օլիմպիական մեդալներ, հույս հայտնելով, որ նրանք կարող են հաղթահարել անհաղթահարելին և մեդալներ նվաճել նաև օլիմպիադաներում:
Մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խոսքում նշեց,- «Միշտ էլ հաղթանակները դժվարությամբ են ձեռք բերում: Մեր նպատակներին հասնելու համար, երկրի զարգացմանը և հզորացմանը նպաստ բերելու համար, նույնպես անհրաժեշտ է տքնաջան աշխատանք, ուստի յուրաքանչյուրս մեր տեղում պիտի աշխատենք նվիրումով և մեծ ջանքեր ներդնելով կարողանանք հաղթահարել անհաղթահարելին»:
Արարատ Գրիգորյանը հանդիպման ավարտին բոլորին մաղթեց աշխատանքային հաջողություններ և հաղթանակներ:
Հանդիպումից հետո հյուրերը մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ այցելեցին Եղեգնաձորի երկրագիտական թանգարան և երաժշտական դպրոց, ուր աղ ու հացով և գեղեցիկ համերգային ծրագրով ընդունեցին հյուրերին:
Վայոց ձորի մարզպետարան