Սկիզբը՝ այստեղ։
ՄԱՍ 2
6․ Զապորոժիեի ԱԷԿ, ռազմագերիների փոխանակում, միջուկային զենք
Ուկրաինական պատերազմի մեկնարկից մոտ 10 օր անց՝ մարտի 3-4-ին, Ռուսաստանին հաջողվեց գրավել Զապորոժիեի ԱԷԿ-ը, որը նախապատերազմյան ժամանակաշրջանում ապահովում էր Ուկրաինայի էներգետիկ կարիքների 20%-ը։ Ավելին, 6000 մվտ հզորությամբ և 6 միջուկային ռեակտորով այդ ԱԷԿ-ը համարվում է Եվրոպայի խոշորագույն ու աշխարհի 10 խոշոր ԱԷԿ-երից մեկը։ Օգոստոսին իրավիճակը սրվեց ԱԷԿ-ի տարածքի շուրջ, մարտերը վերսկսվեցին, և օգոստոսի 11-ին անցկացված ՄԱԿ ԱԽ-ի նիստում Ուկրաինան ու Ռուսաստանը միմյանց մեղադրեցին Զապորոժիե ԱԷԿ-ի տարածքին հարվածներ հասցնելու համար (օգոստոսի 25-ին Զապորոժիեի ԱԷԿ-ն իր պատմության մեջ առաջին անգամ ամբողջովին անջատվեց Ուկրաինայի էներգոհամակարգից՝ էլեկտրահաղորդագծերի վնասվելու պատճառով)։
Կարդացեք նաև
Օգոստոսի 19-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանական հարցերով հատուկ հանձնաժողովի ղեկավար Թոբիաս Էլվուդը հայտարարեց, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի յուրաքանչյուր միտումնավոր վնասվածք, որը կհանգեցնի ռադիացիայի արտահոսքի (դեպի ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, որի հետևանքով կգրանցվեն զոհեր), կհանգեցնի ՆԱՏՕ-ի կանոնադրության՝ հավաքական պաշտպանության 5-րդ հոդվածի գործարկմանը։ Օգոստոսի 23-ին Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ծագած ճգնաժամի հարցով անցկացվեց ՄԱԿ ԱԽ-ի ևս մեկ նիստ։ Արևմուտքը Ռուսաստանին կոչ արեց սեփական զորքը հեռացնել Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքից։
Թուրքիան այս դեպքում էլ փորձեց հանդես գալ նախաձեռնությամբ ու միջամտել իրենից 677 կմ հեռու ընկած այդ ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ բնականաբար, կողմերից օգուտներ/զիջումներ կորզելու ակնկալիքով։ Օգոստոսի 18-ին Էրդողանը Լվովում Գուտերեշի ու Զելենսկու հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «իրենք մտահոգ են Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ընթացող մարտերի կապակցությամբ, որ չեն ցանկանում վերապրել ևս մեկ Չեռնոբիլ» և կոչ արեց հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: Էրդողանը Լվովում Զելենսկու հետ քննարկեց Զապորոժիեի ԱԷԿ ԱԷՄԳ-ի պատվիրակության այցի կազմակերպումը (այցի շուրջ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի ու Պուտինի միջև) [47]։
Օգոստոսի 29-ին ԱԷՄԳ-ի պատվիրակությունը տեսչական այցով մեկնեց Զապորոժիեի ԱԷԿ՝ սեպտեմբերի 1-ին նրա տարածք մուտք գործելով Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքից, ինչից օրեր անց հայտնեց, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում խախտված են միջուկային անվտանգության բոլոր 7 բաղադրիչները [48]։ Դեռևս օգոստոսի 24-ին Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը CNN International-ի եթերում հայտարարեց, որ Զելենսկու խոսքերով՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը կրիտիկական վիճակում է, կարող է վերածվել դանդաղ գործունեության ռումբի, և որ շուտով ԱԷՄԳ-ի պատվիրակությունն այցելելու է այնտեղ։ Քալընն ընդգծեց, որ իրենք տարբեր խողովակներով ու մակարդակներով Զապորոժիեի ԱԷԿ-ի դրության վերաբերյալ իրենց մտահոգությունները ներկայացրել են ռուսական կողմին [49]։
Էրդողանի լվովյան այցից հետո ԱԷՄԳ-ի պատվիրակության այցը Զապորոժիեի ԱԷԿ թերևս վկայում է, որ Թուրքիան միջնորդություն է իրականացրել նաև այս հարցում։ Ուշագրավ է, որ սեպտեմբերի 3-ին Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ Թուրքիան ֆասիլիտատորի (դյուրացնողի) դեր կարող է խաղալ նաև Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալածման մեջ, ինչպես որ «ցորենային միջանցքի» դեպքում [50]։
Միջուկային թեման շարունակելով՝ նշենք, որ 2022թ․ նոյեմբերի 14-ին ռուսական «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնեց, որ Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ժամանել է Ստամբուլ՝ ամերիկյան պատվիրակության հետ բանակցելու համար։ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է տվյալ տեղեկատվությունը [51]։ Թելեգրամյան ալիքների հաղորդմամբ՝ Նարիշկինը Ստամբուլում բանակցել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ, ով ռուսական կողմին ներկայացրել է Խերսոնում կրած պարտությունից հետո Ուկրաինայում տակտիկական միջուկային զենք կիրառելու հնարավորության հետևանքները։ Դրանից մեկ շաբաթ առաջ ամերիկյան WSJ-ը հայտնել էր, որ տվյալ թեմայով երկու երկրների միջև գաղտնի բանակցություններ են անցկացվել նաև նախորդ շաբաթ։ Դրանց մասնակցել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու Պուտինի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը [52]։
Այն, որ Թուրքիան հյուրընկալում է Բըրնսի ու Նարիշկինի մակարդակով նման գաղտնի բանակցություններ, անկասկած պետք է գրանցել նրա դիվանագիտական ակտիվում։ Նույնը պետք է ասել 2022թ․ սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև տեղի ունեցած ռազմագերիների փոխանակման գործարքի մասին։ Այդ օրը կողմերը փոխանակեցին 270 ռազմագերու․ ռուսական կողմն Ուկրաինային հանձնեց 215 մարդու, որոնց թվում նաև «նեոնացիստ» որակված «Ազով» գումարտակի հրամանատարներին։ Ուկրաինան իր հերթին 55 մարդու է հանձնել Ռուսաստանին՝ ներառյալ ռուսամետ հայացքներով, կուսակցապետ Վիկտոր Մեդվեդչուկին։ Փոխանակվածներից 10-ը եղել են օտար երկրների քաղաքացիներ (5-ը՝ Մեծ Բրիտանիայից)։ Ընդգծվեց, որ դա Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո կողմերի միջև ռազմագերիների փոխանակման խոշորագույն գործարքն էր, որի հարցում միջնորդություն են իրականացրել Թուրքիան ու Սաուդյան Արաբիան [53]։
Հաղորդվեց նաև, որ ռուսական կողմը համաձայնել է ազատ արձակել «Ազով» գումարտակի հրամանատարներին Էրդողանի անձնական երաշխիքների ներքո, որ նրանք Թուրքիայի տարածքում կմնան մինչև Ուկրաինական պատերազմի ավարտը և չեն մասնակցի Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին։ Էրդողանն ընդգծեց, որ նրանք իրենց հյուրերն են [54]։ Ի դեպ, ռազմագերիների այս գործարքը մեծ շփոթմունք առաջացրեց Ռուսաստանում և հատկապես աջ ծայրահեղականների շրջանում, որոնց զարմացրել էր այն, որ «Ուկրաինայի ապանացիֆիկացման» համար պայքարող Վ․ Պուտինը համաձայնել է ազատ արձակել Մարիուպոլ քաղաքի Ազովստալ գործարանում գերեվարված Ազով գումարտակի 95 ներկայացուցչի։ Ավելին, Վ․ Մեդվեդչուկը մեղադրվել էր Ռուսաստանի համար լավ չաշխատելու և այդպիսով Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» ձախողման համար։ Ռուս փորձագետները չբացառեցին, որ Պուտինը ռազմագերիների տվյալ գործարքին համաձայնել է Մեդվեդչուկին վերադարձնելու ու պատժելու նպատակով։
Ամփոփելով այս բաժինը՝ նշենք, որ թեև վերոնշյալ երեք կետերը մեծ հաշվով եզակի դրվագներ են, սակայն դրանք մեծացնում են Թուրքիայի դիվանագիտական ներդրումը, կողմերի համար նրա կարևորությունը, ընդգծում են Թուրքիայի «խաղաղասիրական, մարդասիրական, կառուցողական» բնույթը, հնարավորություն են տալիս մատուցած ծառայությունների համար նոր զիջումներ կորզել հակամարտող կողմերից և ոչ միայն։
7․ Առևտրային հարաբերություններ, ներդրումներ, զբոսաշրջություն
Թուրքիան չմիացավ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին, ինչի շնորհիվ զգալի աճեց երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը, Թուրքիա տեղափոխված ռուսական ընկերությունների թիվը, Ռուսաստանից Թուրքիա զբոսաշրջային հոսքը, Ռուսաստանի քաղաքացիների կողմից Թուրքիայում անշարժ գույք գնելու ծավալը և այլն։ Այլ կերպ ասած՝ Արևմուտքի կոշտ պատժամիջոցների պայմաններում Թուրքիան փորձեց Ռուսաստանի համար դառնալ «շնչափող», որի օգնությամբ վերջինս կկարողանար շրջանցել արևմտյան պատժամիջոցները (ռուս օլիգարխների բազում թանկարժեք զբոսանավեր հանգրվանեցին թուրքական ափերին)։
Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտի (Türkiye İstatistik Kurumu, TÜİK) տվյալներով՝ 2022թ․ մարտ-սեպտեմբերին Ռուսաստան-Թուրքիա երկկողմ առևտրում զգալի աճ է արձանագրվել, ինչն արտացոլված է ստորև ներկայացված աղյուսակում։
Աղյուսակ 1
Ընդգծվեց, որ 2022թ․ տվյալ 7 ամսում Թուրքիայի արտահանումը կազմել է 150․7 միլիարդ դոլար, և հետևաբար Ռուսաստանին բաժին է ընկել թուրքական արտահանման 3․21%-ը։ Միևնույն ժամանակ թուրքական ողջ ներկրումը կազմել է 215․5 միլիարդ դոլար, և Ռուսաստանի մասնաբաժինը դրանում կազմել է 16․8%։ 2017-2021թթ․՝ նախորդ 5 տարում, Ռուսաստանին թուրքական արտահանման մասնաբաժինը կազմել է միջին հաշվով 2․19%։ Սակայն 2022թ․ այդ ցուցանիշն աճել է 48%-ով։ 2017-2021թթ․ Թուրքիայի ներկրման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը միջին հաշվով կազմել է 9․43%։ Այդ համատեքստում 2022թ․ գրանցվել է 78%-անոց աճ, իսկ 2013-2021թթ. միջին ցուցանիշի (9․4%) հետ համեմատ աճը կազմել է 79%։
OEC-ի տվյալներով՝ Ռուսաստանի տեսանկյունից 2022թ․, 2017-2021թթ․ հետ համեմատ, դեպի Թուրքիա արտահանումն աճել է 113%-ով (իսկ դեպի Չինաստան՝ 24%-ով), որով Թուրքիան զբաղեցրել է առաջին տեղը։ Դա կարևոր ցուցանիշ է Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով, որ մնացյալ հիմնական առևտրային գործընկերների հետ առևտրում բացասական անկում է գրանցվել։ Միևնույն ժամանակ Թուրքիայից Ռուսաստանի ներկրումն աճել է 213%-ով՝ երկրորդ տեղ (առաջին տեղում Հնդկաստանից Ռուսաստանի ներկրումն է՝ 430%, իսկ երրորդ տեղում Բրազիլիան է՝ 166%) [55]։
2022թ․ հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Վլադիմիր Իլյիչևը հայտարարեց, որ 2022թ․ առաջին 9 ամիսներին Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության ծավալը կրկնապատկվել է՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ։ Իլյիչևը չբացառեց, որ 2025թ․ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը կհասնի 60 միլիարդ դոլարի (Էրդողանը տարիներ շարունակ հայտարարում է, որ ծրագրել են Ռուսաստանի հետ առևտրի ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի) [56]։
Հոկտեմբերի 17-ին թուրքական մամուլը գրեց, որ «Ուկրաինական պատերազմը ռուսական ներդրումներն ուղղել է Թուրքիա՝ քառապատկելով դրանց ծավալը»։ Թուրքիայի վիճակագրական տվյալները վկայել են, որ 2022թ․ հունվար-օգոստոս ամիսներին երկրում բացվել է 86․560 ներդրումային ընկերություն, որոնցից 14․090-ն օտար կապիտալով ընկերություն են։ Վերջիններիս թվում առաջին տեղում Իրանն է՝ 874 ընկերություն, իսկ Ռուսաստանը երկրորդն է՝ 729 ընկերություն (136 բաժնետիրական ընկերություն, 593 ՍՊԸ)՝ 360 միլիոն լիրա ներդրմամբ։ Սովորական տարիներին Ռուսաստանը Թուրքիայում բացած ընկերությունների թվով տեղ էր զբաղեցնում առաջատար տասնյակում․ 2020թ․ Թուրքիայում բացվել է 115, իսկ 2021թ․՝ 177 ռուսական կապիտալով ընկերություն։ Սեկտորալ տեսանկյունից ամենաշատ բացված ռուսական ընկերությունները բաժին են ընկնում մանրածախ ու մեծածախ առևտրի (410 ընկերություն, 125․26 միլիոն լիրա), տեղեկատվական ու կապի (73 ընկերություն, 15․1 միլիոն լիրա), արդյունաբերական (56 ընկերություն, 47․8 միլիոն լիրա), գիտատեխնիկական ոլորտներում (53 ընկերություն, 11․4 միլիոն լիրա) [57]։
2022թ․ Թուրքիայում զգալի աճել են Ռուսաստանի քաղաքացիների կողմից անշարժ գույք գնելու դեպքերը։ Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ առաջին 9 ամիսներին Թուրքիայում օտարազգիներին վաճառվել է ավելի քան 50․000 միավոր անշարժ գույք, և յուրաքանչյուր 5 տնից մեկը բաժին է ընկել ռուսաստանցիներին, որոնք այդ ցուցանիշով գերազանցել են անգամ արաբներին։ Իրանցիները նույնպես մեծապես հետաքրքրված են Թուրքիայում անշարժ գույք գնելով, սակայն վերջին շրջանում Իրանում գրանցված բողոքի ակցիաների պատճառով լուրջ դժվարությունների են բախվում բանկային համակարգով գումարներ փոխանցելիս (համացանցի անջատված լինելու պատճառով)։ Թուրքիայում անշարժ գույքի նկատմամբ օտարազգիների մեծ հետաքրքրության պատճառով զգալի թանկացել են անշարժ գույքի գները, ինչը մտահոգում է անշարժ գույք գնել ցանկացող տեղաբնակներին [58]։
Նշենք, որ վերջին 6․5 տարում (2016թ․-ից մինչև 2022թ․ օգոստոսի 24-ը) Թուրքիայում ամենաշատն անշարժ գույք գնել են Ռուսաստանի քաղաքացիները։ 2022թ․ նոյեմբերի 6-ին Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխությունների գծով նախարար Մուրաթ Քուրումը հայտնեց, որ 6․5 տարում օտարազգիներին վաճառվել է 105․496 միավոր անշարժ գույք, որից 95․422-ը՝ բնակարան։ Դրանցից 21․905-ը (որից 21․508-ը՝ բնակարան) բաժին է ընկել Ռուսաստանի քաղաքացիներին։ Թուրքիայում ամենաշատ անշարժ գույք գնողների մեջ են նաև Իրանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մեծ Բրիտանիայի, Կատարի, Իսրայելի, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի քաղաքացիները [59]։
Ինչ վերաբերում է զբոսաշրջային ոլորտին, ապա նշենք, որ Ուկրաինական պատերազմն այս պլանում շոշափում էր Թուրքիայի համար կարևոր ոլորտ՝ հաշվի առնելով, որ 2019թ․ երկու երկրներից Թուրքիա ժամանել է 9-10 միլիոն զբոսաշրջիկ, որից 6․5-7 միլիոնը՝ Ռուսաստանից: Դրա հետ կապված՝ Թուրքիայում կային լուրջ մտահոգություններ, որ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները վտանգի տակ կարող են դնել այդ ամենը [60]։
Ռուսաստանցի զբոսաշրջիկներին չկորցնելու համար ապրիլին Թուրքիայում ծրագրվեց պետական ֆինանսավորմամբ ստեղծել Southwind Airlines անունով մասնավոր ավիաընկերություն, որը կբազավորվեր Անթալիայում և մայիսի վերջից բացառապես կզբաղվեր Ռուսաստանից Թուրքիայի հանգստավայրեր զբոսաշրջիկներ բերելով։ Թուրքական կողմի մտահղացմամբ՝ դա կօգներ խուսափել արևմտյան (երկրորդական) պատժամիջոցներից [61]: Այս ավիաընկերությունը շահագործման արտոնագիրը ստացավ հուլիսի 27-ին, իսկ իր ավիաչվերթները (երկուական Airbus A330 լայն և Airbus A321 նեղ օդանավերով) սկսեց օգոստոսի սկզբին [62]:
2022թ․ հոկտեմբերի 27-ին Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության տվյալներով 2022թ․ առաջին 9 ամսում Թուրքիա այցելածների թիվը կազմել է 40․246․899 մարդ, մինչդեռ 2021թ․ հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը կազմել է 34․810․273 մարդ։ 2022թ․ առաջին 9 ամսում զբոսաշրջության ոլորտից Թուրքիայի եկամուտը կազմել է 35․028․540․000 դոլար։ 2022թ․ առաջին 9 ամսում Թուրքիայում օտարազգիների թվում առաջին տեղը զբաղեցրել են Գերմանիայի (4․527․853), երկրորդ տեղում՝ Ռուսաստանի (3․864․898, 11․8%), իսկ երրորդ տեղում՝ Մեծ Բրիտանիայի (2․817․271) քաղաքացիները՝ (չորրորդ ու հինգերորդ տեղում Բուլղարիան ու Իրանն են): Անթալիայում ռուսաստանցի զբոսաշրջիկներն առաջին տեղում են՝ 2․3 միլիոն մարդ [63]։
Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ Թուրքիայում ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կհասնի գրեթե 5 միլիոնի (4․8-4.9 միլիոնի) [64]։ Նշենք, որ Թուրքիայի զբոսաշրջային ոլորտի համար ռեկորդային համարվող 2019թ․ առաջին 9 ամիսներին Ռուսաստանից Թուրքիա ժամանել էր 5․9 միլիոն, իսկ Ուկրաինայից Թուրքիա՝ 1․324․000 զբոսաշրջիկ։ Փաստորեն, 2022թ․ առաջին 9 ամիսներին ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է ավելի քան 2 միլիոնով, իսկ ուկրաինացի զբոսաշրջիկների թիվը՝ ավելի քան 800․000-ով (այս տարվա առաջին 9 ամսում Թուրքիա է այցելել 517․000 ուկրաինացի զբոսաշրջիկ) [65]։
Ընդ որում՝ թուրքական կողմը հայտարարում է, թե Ուկրաինական պատերազմի հետևանքով ընդունել է 325․000 ուկրաինացի փախստականի, և մեզ հայտնի չէ, թե արդյոք այդ թիվը ներառված է 517․000-ի մեջ, թե ոչ։ Եվ, վերջապես, չնայած ռուսաստանցի ու ուկրաինացի զբոսաշրջիկների այդ ցուցանիշներին, ճիշտ ենք համարում ընդգծել, որ 2022թ․ Թուրքիայի զբոսաշրջային ոլորտն ընդհանուր առմամբ վերելքի մեջ է. այլ երկրներից եկող զբոսաշրջիկների թիվն աճել է (օրինակ Իսրայելի դեպքում աճել է 5 անգամ՝ 2021թ․ առաջին 9 ամսում 115․256, իսկ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին 631․669 մարդ [66])։ Թուրքիայում անգամ չեն բացառում, որ 2022թ․ զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կհասնի 50 միլիոնի և դրանով այն կդառնա ռեկորդային տարի՝ գերազանցելով անգամ 2019թ․ ցուցանիշը։ Բացի այդ ակնկալվում է, որ ընթացիկ տարում զբոսաշրջային ոլորտից Թուրքիայի եկամուտների ծավալը կհասնի 40 միլիարդ դոլարի [67]։
Ամփոփելով այս բաժինը՝ նշենք, որ ընթացիկ տարում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալի զգալի աճը կասկած է հարուցել Արևմուտքում, որ դա աննորմալ աճ է, և դա հիշեցնում է Թուրքիայի կողմից Ռուսաստանին աջակցում՝ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները շրջանցելու համար։ Տարվա ընթացքում ԶԼՄ-ները քանիցս հայտնել են, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը դժգոհ են Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության աճից և Թուրքիային սպառնացել են պատասխան միջոցներով։ Ամերիկացի փորձագետների խոսքերով՝ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում Ռուսաստանին ամենաշատն օգնում են Չինաստանն ու Թուրքիան, առանց որոնց Ռուսաստանի տնտեսական դրությունը կլիներ ավելի բարդ [68]։
Արևմուտքի դժգոհությունն էր հարուցում նաև այն, որ թուրքական 5 բանկեր (2 մասնավոր բանկ՝ İş Bankası, DenizBank, 3 պետական բանկ՝ Ziraat Bankası, VakıfBank, Halkbank) 2022թ․ գարնանը համաձայնել էին սպասարկել ռուսական «Միր» քարտերը՝ Ռուսաստանից զբոսաշրջային հոսքից չզրկվելու համար։ Ամերիկյան սպառնալիքներից հետո թուրքական բանկերը սեպտեմբերի երկրորդ կեսին հարկադրված եղան հետքայլ անել տվյալ հարցում [69]։ Դա որոշակի խնդիրներ ստեղծեց Թուրքիայում հանգստացող ռուսաստանցի զբոսաշրջիկների համար։ Արդեն հոկտեմբերի սկզբին Թուրքիան Ռուսաստանին առաջարկեց «Միր» քարտի փոխարեն օգտվել 2016թ․ գործարկված իր Troy ազգային վճարման համակարգից [70]։
8․ Գազային հանգույց, տրանսպորտային միջանցք
Ուկրաինայի տարածքում սկսված ռազմական գործողություններն Արևմուտքի համար էներգետիկ (գազային) ու տրանսպորտային (երկաթուղային) ոլորտներում մեծացրեցին Թուրքիայի նշանակությունը։ Քանի որ վերջին շրջանում երկու առանձին հոդված ենք հրապարակել այս թեմաներով, այս անգամ շեշտը կդնենք միայն ամենավերջին զարգացումների վրա։ Նախևառաջ հարկ է նշել, որ 2022թ․ նոյեմբերի սկզբին Թուրքիան ռուսական գազի մատակարարումների համար կուտակած պարտքի մի մասը սկսեց վճարել ռուբլով [71]։ Պուտինն ու Էրդողանը տվյալ հարցը քննարկել էին հուլիսին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում և պայմանավորվել օգոստոսի 5-ին Սոչիում անցկացված երկկողմ հանդիպման ժամանակ [72]։
Ընթացիկ տարում թուրքական մամուլում բազմաթիվ են հրապարակումները, թե «Թուրքիան էներգետիկ բազայի վերածվելու շեմին է»։ Նոյեմբերի 14-ին Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարեց, որ իրենք արդեն ավարտել են Թուրքիան էներգետիկ բազայի վերածելու հնարավորություն ընձեռող ռազմավարության մշակումը [73]։ Նոյեմբերի 12-ին Էրդողանը հայտարարեց, որ քայլեր են ձեռնարկում Թուրքիան բնական գազի հարցում կենտրոնական երկրի վերածելու ուղղությամբ [74]։
Հոկտեմբերի 13-ին (սեպտեմբերի վերջին «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցումից հետո) Պուտինն Էրդողանի հետ վերջին 3 ամսում 4-րդ հանդիպման ժամանակ առաջարկեց գազային հանգույց ստեղծել Թուրքիայում՝ ընդգծելով, որ Թուրքիայի միջոցով ռուսական գազի արտահանումն առավել հուսալի երթուղի է։ Նրա խոսքերով՝ գազային այդ հանգույցը կարող էր հարթակ դառնալ գազի գների կազմավորման, ինչպես նաև երրորդ երկրներ, այդ թվում նաև Եվրոպա գազի մատակարարումների համար [75]։
Էրդողանը, բնականաբար, երկու ձեռքով կողմ էր դրան և կարգադրեց Թուրքիայում կառուցել գազային հանգույց՝ չնայած նրան, որ ԵՄ-ն աջակցություն չէր հայտնել տվյալ նախագծին (առայժմ խնդրահարույց է մնում նաև այն, թե պատերազմական պայմաններում Ռուսաստանն ինչպես կարող է Սև ծովում անցկացնել «Թուրքական հոսքի» նոր ճյուղ)։ Հոկտեմբերին Ֆ․ Դյոնմեզը հայտարարեց, որ Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման համար ամենահարմար վայրը Թրակիան է, իսկ նոյեմբերին Դյոնմեզն ընդգծեց, որ Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու «ճանապարհային քարտեզը» պատրաստ կլինի մինչև տարեվերջ [76]։ 2022թ․ հոկտեմբերի 14-ին իշխանամետ Sabah թերթը գրեց, որ «Թուրքիան դառնում է աշխարհի խոշորագույն գազային կենտրոն» [77]։
Մենք համակարծիք ենք այդ պնդման հետ և նույն կարծիքն ենք հայտնել 2017թ․ գարնանը հրապարակած «Գազային միջանցք դառնալու Թուրքիայի հեռանկարը» մեր հոդվածում, և հետագա այլ հոդվածներում ևս։ Դրան հասնելու համար Թուրքիան այժմ պայքարում է միանգամից մի քանի ճակատով, որպեսզի ռուսական ու ադրբեջանական գազից բացի իր տարածքով դեպի Եվրոպա ուղղվի նաև թուրքմենական, իսրայելական, իրաքյան, միգուցե նաև Կիպրոսի, Կատարի ու Իրանի գազը (ներուժի առումով Թուրքիայի տարածքով Եվրոպա կարող է ուղարկվել առնվազն 10 երկրի գազ)։ Գազային հանգույց դառնալու հարցում Թուրքիայի համար չափազանց կարևոր դեր ունի TANAP («Անդրանատոլիական») գազատարը, և հոկտեմբերի 10-ին Էրդողանը հայտնեց, որ կրկնապատկվելու է TANAP-ի թողունակությունը՝ տարեկան 16 միլիարդ մ3-ից հասնելով 32 միլիարդ մ3-ի [78]։
Գազային խոշոր/խոշորագույն հանգույց դառնալը չափազանց կարևոր քայլ կլինի Թուրքիայի համար՝ սկսած նրա համար գազի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացումից, ավելի էժան գնով գազ ստանալուց, գազամատակարար երկրներից զեղչեր պահանջելու հնարավորությունից, գազի տարանցումից խոշոր գումարներ վաստակելուց, գազի վերավաճառողի դերում հանդես գալու հնարավորությունից մինչև սեփական աշխարհաքաղաքական դերի բարձրացում և ԵՄ-ին իր անդամակցության վերաբերյալ բանակցությունների վրա ազդում։ Աշխարհագրական դիրքը, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները նպաստում են Թուրքիայի գազային խոշոր/խոշորագույն միջանցքի վերածվելուն, որը զգալի կլրացնի այն բացը, որ Թուրքիան երկրում սպառվող նավթի 92%-ը և գազի 98%-ը ներկրում է արտերկրից։
Սակայն վերջին շրջանում Թուրքիան լուրջ քայլեր է ձեռնարկում նաև հենց գազային (պաշարներով) երկիր դառնալու ուղղությամբ, և արդեն 540 միլիարդ մ3 գազ է հայտնաբերել Սև ծովում։ Նոյեմբերի 3-ին Էրդողանը հայտարարեց, թե իրենց հաջողվել է Սև ծովում հայտնաբերել 110 միլիարդ մ3 գազի նոր պաշարներ [79]։ Թուրքիան գազի ակտիվ փնտրտուք է իրականացնում նաև Արևելյան Միջերկրականում։ Թուրք փորձագետների խոսքերով՝ եթե Թուրքիան կարողանա հասնել նրան, որ Միջին Ասիայի երկրների գազի մի մասն իր տարածքով ուղարկվի Եվրոպա, ապա Թուրքիայով դեպի Եվրոպա մատակարարվող գազի տարեկան ծավալն այդպիսով կհասցվի 100 միլիարդ մ3-ի։ Այլ «ճակատներում» ևս հաջողության հասնելու դեպքում այդ ցուցանիշը կարող է հասնել ընդհուպ մինչև 300 միլիարդ մ3-ի։ Դա շատ ավելին է, քան գազի այն ծավալը, որը Եվրոպան ներկրում է Ռուսաստանից։ Չի բացառվում նաև, որ մոտ ապագայում Թուրքիայի տարածքով կարող է փոխադրվել տարեկան 500 միլիոն բարել նավթ [80]։
Ինչ վերաբերում է տրանսպորտային միջանցք դառնալու Թուրքիայի հնարավորությանը, ապա թուրքական մամուլն ու իշխանությունները վերջին ամիսներին քանիցս ընդգծել են, որ Ուկրաինական պատերազմը վտանգի տակ է դրել Չինաստանից Եվրոպա ձգվող, այսպես կոչված (Ռուսաստանով անցնող), Հյուսիսային միջանցքի գոյությունը և կարևորել է Միջին տրանսպորտային միջանցքի դերը, որը Չինաստանից Միջին Ասիայով ու Հարավային Կովկասով ձգվում է դեպի Թուրքիա ու Եվրոպա։ Այս երթուղին իր հերթին մեծ առավելություն ունի Հարավային երթուղու (ծովային ճանապարհի) հանդեպ, որը Չինաստանից դեպի Եվրոպա ձգվում է Սուեզի ջրանցքով։ Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ Միջին տրանսպորտային միջանցքի մաս հանդիսացող «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղով անցել է 1919 գնացք, որոնք փոխադրել են 1․310․000 տ բեռ, և որ 2022թ․ առաջին եռամսյակին բեռնափոխադրումների ծավալը 2021թ․ հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 123%-ով [81]։
Թուրքական կողմն ամենատարբեր մակարդակով նշում է, որ Չինաստանի ու ԵՄ-ի միջև կատարվող առևտրի ծավալը կազմում է տարեկան 600-700 միլիարդ դոլար, և նա ձգտում է կողմերին համոզել, որ ներկա պայմաններում ամենահարմար (ամենապակաս ծախսատար ու ժամանակատար) ու ամենաանվտանգ երթուղին Միջին տրանսպորտային միջանցքն է (ծովային ճանապարհը բավական երկար է, և բացի այդ կա Սուեզի ջրանցքում ևս մեկ խցանում առաջանալու հավանականությունը)։ Թուրքիան այժմ հավակնում է ստանալ Հյուսիսային միջանցքով բեռնափոխադրումների 15%-ը [82]։
Ներկա պայմաններում Միջին տրանսպորտային միջանցքը զարգացնելու և այդպիսով «Արևմուտք-Արևելք» ուղղությամբ երկաթուղային միջանցք դառնալու համար Թուրքիան ունի մեկ կարևոր առաջնահերթություն՝ երկու ենթաբաղադրիչով։ Խոսքը Չինաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու մասին է, որպեսզի նախ կարողանա նրա միջոցով զսպել Ռուսաստանին, որպեսզի վերջինս չտորպեդահարի իր տարածքը շրջանցող Միջին տրանսպորտային միջանցքը։ Եվ երկրորդ՝ Թուրքիայի համար կարևոր է Չինաստանին համոզելը՝ ընտրելու համար Միջին տրանսպորտային միջանցքի հենց թուրքական տարբերակը։ Բանն այն է, որ Չինաստանն արդեն փորձարկել է Միջին միջանցքի այնպիսի տարբերակ, որը շրջանցել է Թուրքիայի տարածքը (Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Սև ծով-Բուլղարիա)։ Թուրքիան լավ հնարավորություններ է պահպանում ոչ միայն «Արևելք-Արևմուտք», այլև «Հյուսիս-Հարավ» ուղղություններով և այս երկու հիմնական ուղղությունների ենթաուղղություններով։
9․ ՄԱԿ ԱԽ-ի բարեփոխում, Ուկրաինական պատերազմ
Ուկրաինական ճգնաժամը հրաշալի առիթ էր Էրդողանի համար՝ վեր հանելու վերջին 10 տարում ՄԱԿ ԱԽ-ը բարեփոխելու անհրաժեշտության մասին իր կոչերը, որոնցում շարունակ ընդգծում է, որ «աշխարհը 5-ից ավելի մեծ է»՝ նկատի ունենալով ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամ երկրները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական հաղթողներն են։ Էրդողանի այս մոտեցումը տեղ գտավ 2021թ․ աշնանը նրա հրատարակած «Ավելի արդար աշխարհը հնարավոր է» գրքում, որում նա ընդգծում է․
«ՄԱԿ ԱԽ-ը ծառայում է միայն վետոյի իրավունք ունեցող 5 մշտական անդամներին և լուրջ բարեփոխման կարիք ունի՝ համատարած անարդարության, փախստականների ճգնաժամի, միջազգային ահաբեկչության և իսլամի դեմ հարձակումների մեղմացմանը միտված գլոբալ քաղաքականություն վարելու համար։ Իր ներկայիս տեսքով ՄԱԿ ԱԽ-ն անտերության է մատնել համաշխարհային բնակչության 3/4-ի խնդիրները։ Անընդունելի է 8 միլիարդ բնակչությամբ աշխարհի ճակատագիրը 5 երկրի հանձնելը։ Ավելի արդար աշխարհ ունենալու համար անհրաժեշտ է ավելի հուսադրող ու անվտանգություն ներշնչող գլոբալ կարգ։
Աշխարհամասերի տեսանկյունից ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամները ներկայացնում են միայն Ասիան, Եվրոպան ու Ամերիկան։ Կրոնական տեսանկյունից նրանց մեծ մասը քրիստոնեական երկրներ են։ Մինչդեռ մուսուլմանները և խոշոր մյուս կրոնները ներկայացված չեն դրանում։ Աշխարհի բնակչության 1/3-ը և 57 անդամ ունեցող Իսլամական համագործակցություն կազմակերպությունը (ԻՀԿ) որևէ կերպ ներկայացված չէ այդ լուրջ մեխանիզմում (Իսլամական աշխարհի բնակչությունը կազմում է 1․5 միլիարդ մարդ, իսկ աշխարհում մուսուլման սփյուռքն ու փոքրամասնությունը՝ 400 միլիոն մարդ․ նրանցից 44 միլիոնն ապրում է Եվրոպայում, իսկ 5 միլիոնը՝ Ամերիկայում)։ ՄԱԿ ԱԽ-ում պետք է ներկայացված լինեն մուսուլմանները, քրիստոնյաները, բուդդայականները, հուդայականները։
Ծագման տեսանկյունից աշխարհի առաջատար ազգերից արաբները, թուրքերը, հնդիկները, ինդոնեզացիները, աֆրիկացիները նույնպես որևէ կերպ ներկայացված չեն կառույցում։ Երկու տարով որպես ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելով՝ այդ երկրները չեն ստանում խոսքի կարևոր իրավունք։ Հարցի լուծումն ամփոփում ենք «Աշխարհը հինգից մեծ է» քաղաքականությամբ։ ՄԱԿ ԱԽ-ի ավելի արդար ու հավասարակշիռ կառուցվածք ձևավորելիս պետք է հաշվի առնել մայրցամաքների, հավատքի, ծագման և մշակութային յուրահատկությունները։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված ՄԱԿ ԱԽ-ը 76 տարի անց չի համապատասխանում ներկայիս իրողություններին։ Ստեղծման փուլում ՄԱԿ-ն ուներ 51 անդամ, մինչդեռ ներկայումս այն հասել է 193-ի։ Ներկայիս աշխարհը 1945թ․ փոխարեն ավելի նման է 1939թ․ աշխարհին։ Այսօրվա իրողությունը նման չէ 50, 25 և անգամ 10 տարի առաջվա իրողություններին։ ՄԱԿ-ի նախատիպ Ազգերի լիգան ընդհանրապես ստեղծվել է ավելի քան 100 տարի անց՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո։
ՄԱԿ-ը ձայն չի հանում աշխարհի տարբեր մասերում բազմաթիվ կոնֆլիկտների ու արյունալի իրադարձությունների ժամանակ (Բոսնիա-Հերցեգովինա, Լիբիա, Սիրիա, Պաղեստին, Եմեն, Իրաք, Աֆղանստան, Մյանմար, Եգիպտոսի ռազմական հեղաշրջում, Նիգերիա, Աֆրիկայի բազում երկրներ), oրինակ 2014թ․, երբ Գազայի հատվածում սպանվեց մոտ 2500 մարդ` մեծ մասը կանայք ու երեխաներ։ Ցավը գույն չունի, չպետք է տարբերակում մտցնել այստեղ։ Ցայժմ ՄԱԿ-ն ու նրա ԱԽ-ը մոտ 150 որոշում են ընդունել Իսրայելի դեմ, սակայն այդ որոշումները մնում են չիրագործված։
Այս համատեքստում մենք առաջարկում ենք ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամների թիվը հասցնել 20-ի, ընդ որում՝ ՄԱԿ ԱԽ-ը չլինի միակ որոշում կայացնողը, այն հաշվետու լինի ՄԱԿ ԳԱ-ին։ Մենք առաջարկում ենք ՄԱԿ ԱԽ-ի 20 մշտական անդամին ընտրելու այլընտրանքային տարբերակ։ Կան մտահոգություններ, որ եթե ասենք Հարավային Ամերիկային ու Կարիբյան ավազանին տրվի մեկ տեղ, ասենք Բրազիլիային, արդյոք վերջինս կարո՞ղ է ներկայացնել ողջ աշխարհամասի շահերը։ Կամ էլ եթե Աֆրիկային տրվի 1-2 մանդատ, արդյո՞ք նրանք կկարողանան ներկայացնել մայրցամաքի մնացյալ երկրների շահերը նույնպես։ Մի՞թե աֆրիկյան երկրները չեն պատերազմում միմյանց դեմ։ Ասենք, արդյո՞ք Եգիպտոսը կպաշտպանի նաև Սուդանի, կամ Հնդկաստանը՝ Պակիստանի շահերը։
ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամ դառնալու ամենահավանական թեկնածուներն են G4-ը՝ Գերմանիա, Ճապոնիա, Բրազիլիա, Հնդկաստան։ Գերմանիան ու Ճապոնիան այլևս Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված երկրները չեն, նրանք ՄԱԿ-ի բյուջեում ամենաշատ ներդրում անող երկրների թվում 2-րդն ու 3-րդն են։ Արդարության տեսանկյունից պետք է հաշվի առնել նաև պետության բնույթը, բնակչության թիվը։ Օրինակ, Չինաստանի բնակչությունը կազմում է 1․5 միլիարդ մարդ, մինչդեռ շատ երկրների բնակչության թիվը չի հասնում անգամ 1 միլիոնի։ Այն ժամանակ, երբ Եվրոպան ՄԱԿ ԱԽ-ում ներկայացված է միանգամից երկու անդամով, 600 միլիոն բնակչությամբ Հարավային Ամերիկան ու 1․2 միլիարդ բնակչությամբ Աֆրիկան որևէ կերպ ներկայացված չեն կառույցում։ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներից 4-ը՝ վետոյի իրավունքով, քրիստոնեական երկրներ են, մինչդեռ 1․5 միլիարդ բնակչությամբ իսլամական աշխարհը ներկայացված չէ նրանում։
Կարևոր է դեմոգրաֆիական գործոնի հաշվի առնումը։ Օրինակ, Հնդկաստանը, Բրազիլիան, Ինդոնեզիան ու Պակիստանը՝ 4 երկրներ, որոնք ներկայացված չեն ՄԱԿ ԱԽ-ում, ունեն մոլորակի բնակչության ¼-ը։ Ներկայումս ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամներին բաժին է ընկնում համաշխարհային բնակչության ¼-ը։ Մնացյալ ¾-ը ներկայացված չէ։ 1945թ․ այս 5 երկրներին բաժին էր ընկնում մոլորակի բնակչության 60%-ը, մինչդեռ այսօր այն նվազել է մինչև 26%-ի։ Մնացյալ 74%-ն անտեսված է, ձայնազուրկ։ Տնտեսական տեսանկյունից նույնպես խնդիրներ կան․ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներն ապահովում են ՄԱԿ-ի բյուջեի 42%-ը, իսկ մնացյալ 58%-ն անտեսված է։ Այդ 42%-ից 22%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, իսկ 20%-ը՝ մնացյալ 4 անդամներին։
Պետք է վերացվի մի երկրի կողմից ՄԱԿ ԱԽ-ում վետո դնելու մենաշնորհը։ Սառը պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը ՄԱԿ ԱԽ-ում վետոյի իրավունքից օգտվել է 90, իսկ ԱՄՆ-ը՝ 68 անգամ։ Հակադիր կողմերը շարունակ վետո են կիրառել միմյանց պահանջների նկատմամբ։ Աշխարհի մնացյալ երկրները չեն կարողացել որևէ անգամ օգտվել վետոյի իրավունքից։ ՄԱԿ-ը 50 տարի գտնվել է Սառը պատերազմի ծիրում։ ՄԱԿ-ի ողջ պատմության ընթացքում ՄԱԿ ԱԽ-ում հայտնված 2446 նախագծերից 249-ի նկատմամբ վետո է դրվել։ Դրանցից 112-ը դրել է Ռուսաստանը, 81-ը՝ ԱՄՆ-ը, 29-ը՝ Մեծ Բրիտանիան, 16-ը՝ Ֆրանսիան, 11-ը՝ Չինաստանը։ Այսինքն ՄԱԿ ԱԽ-ին ներկայացված նախագծերի 10%-ի վրա վետո է դրվել, դրանք մնացել են անարդյունք։ Թեև դա կազմում է միայն 10% (90%-ն ընդունվել է), խոսքը գնում է առանցքային թեմաների մասին։
Ավելի արդար ու կայուն խաղաղություն ապահովող ՄԱԿ ԱԽ ունենալու համար հարկավոր է այն դարձնել ավելի համապարփակ, սկզբունքային, արդար, բազմակենտրոն, բազմաբևեռ, բազմամշակույթ՝ հաշվի առնելով նաև այն, որ ներկայիս աշխարհը ո՛չ միաբևեռ, ո՛չ էլ երկբևեռ է։ 5 երկրի կողմից ողջ աշխարհի ճակատագիրը տնօրինելը ո՛չ արդար է, ո՛չ բարոյական։ Թուրքիան դեմ է այդ 5 երկրների շահերի վրա հենված աշխարհակարգի շարունակմանը և հնարավոր է համարում ավելի արդար ու կայուն աշխարհակարգի հաստատումը» [83]։
Ինչպես կարելի է նկատել, Էրդողանը նույնպես խճճվել է ՄԱԿ ԱԽ-ն արդար բարեփոխելու հարցում։ Մենք համակարծիք ենք, որ եթե ՄԱԿ ԱԽ-ը ներկայիս 5-ի փոխարեն ունենա 20 անդամ, ապա կդառնա ավելի ներկայացուցչական ու միգուցե հավասարակշռված կառույց, սակայն բարդությունը կայանում է, թե ինչպես, ինչ սկզբունքներով ընտրել մնացյալ անդամներին։ Էրդողանի մատնանշած արդարությունը վրա չի հասնի նաև այն դեպքում, եթե այն աշխարհամասերը, որոնք ներկայումս ներկայացված չեն ՄԱԿ ԱԽ-ում, վերջինիս բարեփոխումից հետո ներկայացված լինեն 1-2 անդամով։ Հասկանալի է, որ իրականում Էրդողանին չի մտահոգում արդարությունը, որ նրա գերնպատակն այս հարցում Թուրքիան ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամ դարձնելն է, որպեսզի Թուրքիան ունենա լսելի ու վճռական ձայն գլոբալ բնույթի հարցերի լուծման ժամանակ, այդպիսով բարձրացնի իր դերն ու կշիռը համայն աշխարհում, և իր ներկայիս՝ «տարածաշրջանային երկիր՝ գլոբալ հավակնություններով» կարգավիճակը փոխարինի «գլոբալ երկրի» կարգավիճակով և այլն։
Հավելենք, որ ՄԱԿ ԱԽ-ի բարեփոխման հարցում Էրդողանի այս մոտեցումները տեղ են գտել նաև 2022թ․ Թուրքիայի նախագահական ապարատի կողմից հրատարակված «ՄԱԿ-ի բարեփոխում. միջազգային համագործակցության նոր մոտեցում» երկլեզու (թուրքերեն ու անգլերեն) գրքում, որում նշված է․«Երբ ՄԱԿ-ը հիմնադրվեց, անդամների թիվը 51 էր։ ՄԱԿ ԱԽ-ը սկզբում բաղկացած էր 11 անդամից՝ 5 մշտական և 6 ժամանակավոր։ 1965թ․ նրա անդամների թիվն առաջին և վերջին անգամ փոխվեց․ ժամանակավոր անդամների թիվը հասցվեց 15-ի, իսկ մշտական անդամները մնացին նույնը։ Կազմակերպությունը, որին հաջողվել է հաջորդ տարիներին ընդգրկել աշխարհի գրեթե բոլոր ինքնիշխան պետությունները, այսօր ունի 193 անդամ։ ՄԱԿ-ի ԱԽ-ի ներկայացվածությունը ներկայիս անդամների մեջ մոտավորապես մեկ երրորդն է: Երևում է, որ ներկայացվածության մակարդակն այսօր շատ ցածր է (ՄԱԿ ԱԽ-ում երկու անդամով ներկայացված Եվրոպայի բնակչությունը համապատասխանում է աշխարհի բնակչության միայն 5%-ին)։
Թեև ՄԱԿ ԱԽ-ը գործում է արդեն 77 տարի, սակայն կառուցվածքային որևէ փոփոխություն չի գրանցվել նրանում, նրա 5 մշտական անդամները շարունակում են օգտվել վետոյի իրենց իրավունքից։ Միևնույն ժամանակ 21-րդ դարի առաջին քառորդում իրավիճակը զգալի փոխվել է՝ 1945թ․ հետ համեմատ։ Տեխնոլոգիաների զարգացումը, գլոբալ տաքացումը, կիբերպատերազմները, ռեսուրսների սակավությունը և անկանոն միգրացիոն տեղաշարժերը խթանում են աշխարհում մարդկային անվտանգության տեսանկյունից և՛ էներգիայի, և՛ գոյատևման հիմնական ռեսուրսների որոնումը։ Բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են զանգվածային միգրացիաները, բնակչության քաղաքականությունը, հիբրիդային պատերազմները, պրոքսի պատերազմները մեծ խնդիրներ են ստեղծում հատկապես տարածաշրջանային անվտանգության առումով։
ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը ցայժմ 59 գործողություն են իրականացրել Աֆրիկայում, Ամերիկայում, ԱԽՏ-ում, Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում։ Չնայած դրան՝ այսօր աշխարհում կա 50 հակամարտային գոտի՝ մոտ 1․5 միլիարդ բնակչությամբ։ Համապարփակ, սկզբունքային և վերացական բարեփոխումների համար պետք է ուշադրության արժանանան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի փոխհարաբերությունները: Քանի դեռ այս հարաբերությունները չեն շտկվել հօգուտ Գլխավոր ասամբլեայի, հնարավոր չի թվում, որ բարեփոխումների որևէ ջանք կարող է տալ ակնկալվող արդյունքը: Գլխավոր ասամբլեան դիրքավորվում է որպես Անվտանգության խորհրդի բանաձևերն օրինականացնելու գործիք։ Պետք է նախընտրելի լինի բարեփոխումը, որում Գլխավոր ասամբլեան, որտեղ ներկայացված են բոլոր երկրները, կլիազորի Անվտանգության խորհրդին, ինչն ավելի համապատասխան կլինի ողջ աշխարհի ակնկալիքներին: Նման մոդելի մշակմամբ ակնկալվում է ընդլայնել Գլխավոր ասամբլեայի լիազորությունները և բարձրացնել անդամ երկրների կողմից ընդունված որոշումների օրինականությունը։
ՄԱԿ-ի ներսում անարդարության պատճառ դարձած ամենակարևոր հարցերից մեկը վետոյի խնդիրն է։ Համակարգի կառուցումը, որը կարող է կատարել վերահսկողության և հավասարակշռման գործառույթ, բարեփոխման կարևոր տարր է: Այն փաստը, որ ՄԱԿ ԱԽ-ի հինգ մշտական անդամներն ունեն վետոյի իրավունք, անհամաձայնություն է առաջացնում այլ պետությունների և այս հինգ պետությունների շահերի միջև։ Վետոյի իրավունքի կիրառումը, ինչպես նաև վետոյի սպառնալիքը պատճառ դարձան, որ ՄԱԿ ԱԽ-ը չկատարի իր գործառույթը: ՄԱԿ ԱԽ-ի հինգ մշտական անդամների վետոյի իրավունքը կամ վետո դնելու սպառնալիքը չի կարող աշխարհում ապահովել խաղաղության ցանկալի միջավայր: Նկատելի է, որ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամները հաճախ օգտագործում են իրենց քվեարկության նախապատվությունները՝ որպես իրենց աշխարհաքաղաքական շահերին հասնելու գործիք։ Ցավոք մինչ ողջ աշխարհը փոխվում էր, ՄԱԿ ԱԽ-ի կառուցվածքը չփոխվեց, և հնարավոր չեղավ մշակել մեթոդ, որը վետոյի իրավունք ունեցող մշտական անդամներին թույլ չէր տա համակարգն ինքնուրույն դարձնել անգործունակ։
Բոլոր միջազգային կազմակերպությունները պետք է համարժեք նպաստեն գլոբալ լավ կառավարման ձևավորմանը: Այդ պատճառով էական է դարձել այնպիսի խնդիրների լուծումը, ինչպիսիք են անարդարությունն ու դիսֆունկցիան: Համաշխարհային խաղաղության և կայունության հաստատման համար նախ անհրաժեշտ է կառուցել արդար համակարգ։ Ստատուս քվոն, որը դեռ շատ ուժեղ է ՄԱԿ ԱԽ-ում և երկբևեռ աշխարհի մնացորդն է, չի կարող բավարարել այսօրվա կարիքները։ Բարեփոխումներն օրակարգում պահելու ընդհանուր նպատակն է ստեղծել «21-րդ դարի ՄԱԿ», որն ավելի հագեցած է այսօր մարդկության առջև ծառացած բարդ խնդիրները լուծելու համար։ Ներկայիս գլոբալ համակարգի նոր դինամիկան անհնարին է դարձնում հին կարգերի շարունակությունը» [84]։
Ամփոփելով այս բաժինը՝ ցանկանում ենք ընդգծել, որ Ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո աշխարհում (Արևմուտքում) ակտիվացել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգի ճաքեր տալու/փլուզվելու, նոր աշխարհակարգ կառուցելու անհրաժեշտության և նաև Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ի կազմից բացառելու մասին քննարկումները, ինչը նշանակում է, որ Էրդողանի՝ «աշխարհը մեծ է հիգից» մոտեցումն առաջիկայում կարող է ավելի շատ ընկալելի լինել ու աջակցություն ստանալ, որով և առավել կընդգծվի «երրորդ աշխարհի/զարգացող երկրների» իրավունքների համար պայքարում Էրդողանի առաջամարտիկի/առաջատարի դերը։
ԱՄՓՈՓՈՒՄ
2022թ․ մարտի 27-ին Թուրքիայի նախագահական ապարատը հրատարակեց «Թուրքիայի ներդրումը կայունության մեջ. բազմակողմ դիվանագիտություն հանուն խաղաղության» գիրքը, որում նշված էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Էրդողանը ցայժմ տվյալ թեմայի շուրջ հեռախոսազրույցների ու տետ-ա-տետ հանդիպումների տեսքով շփվել է 34 երկրի լիդերների ու միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Դրանցից ավելի քան 20-ը նա իրականացրել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում [85]։
2022թ․ սեպտեմբերի 5-ին Թուրքիայի նախագահական ապարատը հրատարակեց նաև «Տարածաշրջանային կայունության ու համագործակցության ամրապնդման մեջ Թուրքիայի կենտրոնական դերը» խորագրով երկլեզու (թուրքերեն և ռուսերեն) գիրքը, որում ներկայացվում են Թուրքիայի միջնորդական ջանքերը տարատեսակ հակամարտություններում և հատկապես Ռուս-ուկրաինական հակամարտությունում ու այդ գործընթացներում Թուրքիայի կենտրոնական դերը (գրքի վերջում անդրադարձ է կատարված Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին)։ Գրքում տեղ են գտել Թուրքիայի միջնորդական ջանքերի վերաբերյալ արևմտյան (Foreign Policy, USIP – United States Intitue for Peace, The New York Times, CNN, The Hill, Al-Monitor, BBC, The Guardian, France24, Reuters, Bild, Deutsche Welle), ռուսական (Коммерсанть, ТАСС, Вести, РБК) ու տարածաշրջանային երկրների (The Times of Israel, Israel Hayom, Al Jazeera, Arab News, Tasnim, Khabar Online, Rudaw) մեդիայի ակնառու ներկայացուցիչների հրապարակումները։
Գրքում նշված է․ «Համաշխարհային թերթերը, պարբերականներն ու հետազոտական կազմակերպությունները և նաև պետական լիդերները բարձր են գնահատել Թուրքիայի միջնորդական դերը, ընդգծել են, որ հակամարտող կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցրել են ոչ թե ավանդական միջնորդները (ՄԱԿ, ԱՄՆ, ՆԱՏՕ կամ Հռոմի պապ), այլ հենց Թուրքիան, որը վերածվել է «համաշխարհային դիվանագիտական թրաֆիքի սրտի» և օրինակելի երկրի՝ Ռուսաստանի հետ կապերի մասով։ Այդ ջանքերում հատկապես ընդգծվում է Թուրքիայի նախագահի դերը, ով ինտենսիվ բանակցություններ է վարել ռուս և ուկրաինացի գործընկերների, ինչպես նաև բազում երկրների ղեկավարների, ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարների հետ և հաջողության է հասնում այնտեղ, որտեղ մյուսները ֆիասկո են կրում։ Դրանցում անգամ նշվում է, թե Էրդողանն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Արդյունքում Թուրքիան դարձավ կենտրոնական երկիր, որն ունակ է հավասարակշռել գլոբալ տնտեսությունն ու քաղաքական կայունությունը, ինչպես նաև ապահովել էներգետիկ անվտանգություն, կարգավորել սննդամթերքի ու ցորենի ճգնաժամերը՝ թույլ չտալով դրանց խորացում» [86]։
Վերոնշյալը վկայում է, որ Ուկրաինական ճգնաժամի մեկնարկից ի վեր Թուրքիան զգալի հաջողությունների հասավ տարբեր առումներով, թեև նրա համար կան նաև դժվարություններ ու ռիսկեր (նավթի գնի թանկացում, զբոսաշրջային ոլորտի որոշակի խնդիրներ, արևմտյան պատժամիջոցների տակ ընկնելու հավանականություն և այլն)։ Եվ պատահական չէ, որ 2022թ․ աշնանն Էրդողանի վարկանիշը, հարցախույզների համաձայն, աճեց 3-4%-ով՝ ի հաշիվ չկողմնորոշված ընտրազանգվածի։ Թուրքիայի տնտեսական բարդությունների խորապատկերին Էրդողանի համար չափազանց կարևոր է արտաքին քաղաքական ոլորտում ձեռքբերումներ ունենալը։ Ընդ որում, նման ձեռքբերումների մասին Էրդողանը չէր էլ կարող երազել 2022թ․ փետրվարի 24-ից առաջ։ 2022թ հունիսի 19-ին Մ․ Չավուշօղլուն հայտարարեց, թե «Թուրքիան շատ ուժեղ երկիր է, և արդեն գլոբալ դերակատար է» [87], իսկ նոյեմբերի 8-ին հայտարարեց, որ Թուրքիան գլոբալ պարենային անվտանգության ապահովման մեջ ամենամեծ ներդրումն ունեցած երկիրն է [88]։
Ինչի՞ շնորհիվ Թուրքիային հաջողվեց հասնել նման արդյունքների։ Հայտնի է թուրքական դիվանագիտության, Թուրքիայում ուղեղային կենտրոնների ուժեղ ու զարգացած բնույթը։ Սակայն մեր կարծիքով՝ Թուրքիայի վերոնշյալ հաջողություններում ծանրակշիռ գործոնը Էրդողան-Պուտին անձնական սերտ հարաբերություններն են, որոնք ավելի վաղ աչքի են ընկել նրանց կողմից հակամարտային տարբեր գոտիներում միմյանց դեմ պրոքսի պատերազմներ վարելով և այդպիսով այդ տարածաշրջանները (Իդլիբ, Լիբիա, Արցախ) կիսելու հնարավորություն ստանալով։ 2020թ․ դեկտեմբերին հրապարակած մեր հոդվածում դա որակել էինք «2+2 մոդել», ըստ որի՝ Պուտինյան Ռուսաստանը և Էրդողանական Թուրքիան սկսում էին հովանավորել հակամարտող երկու կողմի, որոշ դեպքերում փրկում նրանց, այդպիսով պարտական դարձնում նրանց և սկսում սեփական կամքը թելադրել։ Այդպիսով, նրանց հաջողվում էր միմյանց ձեռքը վերցնել տարածաշրջանային այդ հակամարտությունների ընթացքի ղեկը, իրենց ուզած ժամկետում դադարեցնել ռազմական գործողությունները և իրենց ուզած գծով կիսել ռազմաճակատը (Արևմուտքին և հատկապես ԱՄՆ-ին տարածաշրջանային այդ հակամարտություններից դուրս մղելու նպատակով) [89]։
Շնորհիվ մեր տվյալ հոդվածում նկարագրված բավական կարևոր ընդհանրությունների ու ընդհանուր հայացքների (առաջին հերթին հակաամերիկանիզմի խորապատկերին), փոխադարձ կախվածության՝ Պուտինին ու Էրդողանին հաջողվել էր կառուցել բավական ամուր հարաբերություններ, որոնք գերակայում էին անգամ Ռուսաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների վրա։ Դա նշանակում է, որ այս երկու առաջնորդներն առաջին հերթին շարժվում են անձնական շահերով, և եթե որևէ իրադարձություն սպասելի չէ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում, ապա այն սպասելի է Պուտին-Էրդողան հարաբերություններում, որոնք փաստորեն շատ ավելի կարևոր են։
Նրանց փոխհարաբերությունները վերաճել են նրան, որ Էրդողանը պարզապես վերածվել է Արևմտյան ճամբարում Պուտինի «տրոյական ձիու», «գործակալի», և Պուտինը, բնականաբար, շահագրգռված էր Էրդողանին վերելք ապահովելով։ Երբ Պուտինը հասկացավ, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները չեն ընթանում ցանկալի դիպաշարով, որ դրանք ձգձգվելու միտում ունեն, նա անմիջապես սկսեց առաջին հերթին Էրդողանին (և ոչ թե Մակրոնին կամ արևմտյան ճամբարից որևէ մեկի) ընդունել/ընկալել որպես միջնորդ Արևմուտքի հետ հարաբերություններում։
Արդյունքում Պուտինն Ուկրաինական պատերազմի ընթացքում չափազանց մեծ վերելք ապահովեց Էրդողանին՝ շարունակ հայտարարելով, որ Արևմուտքը պետք է շնորհակալ լինի Էրդողանին՝ «ցորենի միջանցքի» գործարքի համար [90]: Պուտինը վերջին շրջանում փորձում է նույնն անել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու մասով։ Էրդողանն իր հերթին վերածվել է «Պուտինի փաստաբանի» և աշնանը եվրոպական երկրներին շարունակ վախեցնում էր մոտեցող ձմռան գործոնով/գազային ոլորտի խնդիրներով՝ միաժամանակ ընդգծելով, որ Թուրքիան ռուսական գազ ստանալու շնորհիվ չունի նման խնդիր [91] (Էրդողան-Պուտին փոխադարձ գովասանքների պակաս չի գրանցվել վերջին ամիսներին)։
Եթե Ուկրաինան/Արևմուտքը ցանկանում են, որ Պուտինը, ասենք, համաձայնի «ցորենային միջանցքի» գործարկմանը (հետագայում՝ նաև վերագործարկմանը), ռազմագերիների փոխանակմանը, ԱԷՄԳ-ի պատվիրակության այցին դեպի Զապորոժիեի ԱԷԿ և այլն, ապա դա արվում է առաջին հերթին Էրդողանի միջոցով։ Եթե նման հարցերի շուրջ Պուտինի հետ ցանկանում է երկխոսել/միջնորդել Արևմտյան ճամբարից որևէ մեկը, ապա, որպես կանոն, ստանում էր մերժում, և դրական արդյունք չէր ապահովվում։ Իրավիճակը, սակայն, կատարելապես փոխվում էր, եթե գործին միջամտում էր Էրդողանը․ Պուտինն անմիջապես «կանաչ լույս» էր վառում նրա նախաձեռնությունների/միջնորդությունների առջև, և անգամ ինքն էր հանդես գալիս Էրդողանին առնչվող նախաձեռնություններով (օրինակ, Թուրքիայում գազային հանգույցի կառուցում/Թուրքիայի տարածքով Եվրոպային ռուսական գազի մատակարարում)։ Հենց դրանում է Թուրքիայի նախագահական ապարատի հրապարակած, վերոնշյալ գրքում տեղ գտած «Էրդողանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ մյուսները ֆիասկո են կրում» նախադասության բացատրությունը։
Դրանով ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախկին աշխատակից Պուտինը գիտակցաբար աճեցնում էր Արևմտյան ճամբարում իր «գործակալ» Էրդողանին՝ քաջ գիտակցելով, որ հակառակորդ ճամբարում որքան աճ ունենա իր «գործակալը», որքան շատ վերելք կարողանա ապահովել նրան, որքան շատ մեծացնի իր «գործակալի» կշիռն Արևմտյան ճամբարում և նրանից Արևմուտքի կախվածությունը, դա այնքան օգտակար կլինի իր համար։ Մեր կարծիքով՝ այդ ամենը միտված էր հետևյալին․
1․ Ուկրաինայի գործոն – Պուտինը, թերևս, գիտակցեց, որ Ուկրաինայում պատերազմի ձգձգումով ունի նաև Ուկրաինայի հարցում Էրդողանի հետ 2+2 մոդել ձևավորելու խիստ կարիք։ Դա նշանակում էր, որ Պուտինը ձգտում էր, որպեսզի Էրդողանը գնալով ավելի մեծ կշիռ ձեռքբերի հենց Վոլոդիմիր Զելենսկու աչքին, որպեսզի Էրդողանի խոսքն անցնի նրա մոտ։ Այդ նպատակով Պուտինն անգամ աչք էր փակում Թուրքիայի կողմից Ուկրաինային Bayraktar TB2 ԱԹՍ-եր տալու վրա, անում էր այնպես, որ Ուկրաինայի հետ վերոնշյալ տարատեսակ գործարքներն իրականացվեն Էրդողանի միջնորդությամբ, և Զելենսկին հարկադրված լինի, չնայած ունեցած որոշ դժգոհություններին, այնուամենայնիվ, կանոնավորապես շնորհակալություն հայտնի Էրդողանին։ Սա էր(է) այս ամենի թիվ մեկ նպատակը․ Էրդողանին այնքան բարձրացնել Զելենսկու աչքում, որ Պուտինը կարողանա Զելենսկու վրա Էրդողանի ազդեցության գործադրմամբ իր համար ցանկալի պահին վերջակետ դնել ռազմական գործողություններին։
Օրինակ, 2022թ․ ամռանը փորձագետներն արձանագրում էին, որ Ուկրաինայի տարածքում ռուսական հարձակումն արդեն բավական կաղում է, և օգոստոս-սեպտեմբերին մեկնարկելու է ուկրաինական բանակի հուժկու հակահարձակումը։ Նման իրավիճակում, երբ ռուսական կողմն օկուպացրել էր Ուկրաինայի տարածքի մի զգալի մասը, Պուտինի համար շահավետ էր թվում Ուկրաինայի հետ բանակցային սեղան նստելը և ռազմական գործողությունները դադարեցնելը։ Եվ, երբ օգոստոսի 5-ին Սոչիում տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպումը, դրանից օրեր անց Էրդողանը մեկնեց Լվով՝ Զելենսկուն համոզելու համար, որ հրաժարվի ռազմական գործողություններից ու նստի բանակցային սեղանի շուրջ։ Սակայն նա մերժում ստացավ։
Խնդրին ավելի խորը և հետահայաց նայելիս հասկանալի է դառնում, որ փաստորեն խաղանժարի վրա դրված էր(է) Պուտինի իմիջը, նրա պաշտոնավարման շարունակումը և ավելի լայն իմաստով՝ կյանքը։ Թեև Էրդողանին չհաջողվեց կատարել այդ առաքելությունը, սակայն կարելի է կռահել, որ եթե դա հաջողվեր նրան, ապա ինչպիսի խոշոր «փրկագին» կկարողանար ստանալ Պուտինից (այդ թվում նաև Հարավային Կովկասի մասով)։ Արձանագրենք, որ ցայժմ այդ առաքելությունը դրված է Էրդողանի ուսերին և դրանով, է պայմանավորված վերջինիս ջանասիրությունը տվյալ հարցում։ Ընդ որում, Պուտինն Էրդողանի այդ առաքելության կարիքը ներկայումս ունի շատ ավելի, քան օգոստոսին՝ հաշվի առնելով սեպտեմբերին Խարկովի, իսկ նոյեմբերին Խերսոնի մարզերում ռուսական բանակի կրած պարտությունները։
Եվ մենք տեսնում ենք, որ անկախ վերջին շրջանում ծագող բոլոր դժվարություններից (պատերազմի թեժացմանը զուգահեռ բարդանում է հակամարտ կողմերի ներկայացուցիչների միջև բանակցություններ կազմակերպելը)՝ Էրդողանը ոչ մի դեպքում չի հանձնվում, շարունակ կարևորում է պատերազմը շուտափույթ ավարտելը և հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելը, նրանց երկխոսելը։ Մեզ համար ակնհայտ է նաև, որ որքան ծանրանա Պուտինյան Ռուսաստանի դրությունն առաջին հերթին ռազմաճակատում, այնքան կմեծանա «փրկարարական առաքելության» համար Էրդողանին Պուտինի կողմից վճարվելիք «փրկագինը»։ Իհարկե Պուտինը գիտակցում է, որ Ուկրաինայի «կնքահայրն» ԱՄՆ-ն է, ոչ թե Թուրքիան, սակայն ամեն դեպքում ձգտում է Ուկրաինայի համար հնարավորինս մեծացնել Թուրքիայի պահանջարկը, որպեսզի Ուկրաինայի հարցում կարողանա Էրդողանի հետ գոնե մասնակի գործարկել 2+2 մոդելը (ակնհայտ է, որ որքան էլ Պուտինը փորձի վերելք ապահովել Թուրքիային, միևնույն է, վերջինս չի կարող ռազմական և այլ պլանում Ուկրաինայի համար լինել ավելի արժեքավոր, քան ԱՄՆ-ը)։
2․ԱՄՆ-ի (Արևմուտքի) գործոն – Էրդողանին վերելք ապահովելով՝ Պուտինը փորձում էր նրան ավելի ծանրակշիռ ու պահանջարկված դարձնել Արևմտյան ճամբարում, նրա միջոցով երկխոսել Արևմուտքի հետ, նրա միջոցով փորձել Արևմտյան ճամբարում մտցնել պառակտում, նրա միջոցով ձգձգել/կանխարգելել Ռուսաստանի շահերին հակասող քայլերը (ասենք, Սևծովյան նեղուցների փակումը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը և այլն)։
3.Տնտեսական գործոն – Արդեն նշվել է, որ արևմտյան պատժամիջոցներից խուսափելու հարցում Ռուսաստանին ամենաշատն օգնել են Չինաստանն ու Թուրքիան։ Այստեղ Թուրքիան բացառիկ է այն առումով, որ դե յուրե գտնվում է Արևմտյան ճամբարում, ինչը մեծացնում է Ռուսաստանի համար նրա կարևորությունը․ ասենք, Ռուսաստանը չի կարող Չինաստանի տարածքով գազ արտահանել դեպի Եվրոպա։ Տնտեսական պլանում Թուրքիան Ռուսաստանի համար վերածվել է «շնչափողի», և որքան մեծ լիներ նրա կշիռն ու պահանջարկը, այնքան Ռուսաստանի համար ավելի լայն կլիներ տվյալ «շնչափողը»։ Պուտինի քայլերը միտված են նաև Էրդողանի «տնտեսական հերոսացմանը», Էրդողանին «գլոբալ պարենային ճգնաժամի փրկիչ» և «գլոբալ էներգետիկ ճգնաժամի փրկիչ» վերածելուն/ներկայացնելուն։ Իր «գոլային փոխանցումներով»՝ Պուտինը նախկին «կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլիստ» Էրդողանին փորձում է վերածել «պրոֆեսիոնալ գոլահարի»։
4․ Թուրքիայում սպասվող ընտրությունների գործոն – 2023թ․ հունիսի 28-ին Թուրքիայում նշանակված են նախագահական ու խորհրդարանական ընտրություններ (կան խոսակցություններ, որ դրանք կարող են անցկացվել մայիսի 14-ին), որոնց արդար անցկացման դեպքում երաշխավորված չէ Էրդողանի հաղթանակը։ Պուտինի քայլերը միտված են ոչ միայն Ուկրաինայի, հավաքական Արևմուտքի, այլև հենց թուրք հասարակության համար Էրդողանի հեղինակությունը բարձրացնելուն։ Վերստին ընդգծենք, որ տնտեսական բարդությունների պայմաններում Էրդողանի համար չափազանց մեծ կարևորություն են ներկայացնում արտաքին քաղաքական ձեռքբերումները և դրանցով իր հասարակությանը «կերակրելը» (ԱՄՆ-ն էլ, թերևս, անում է հակառակը, երբ Հունաստանին խրախուսում է Էգեյան ծովի կղզիների ռազմականացման և այդպիսով դեպի Սևծովյան նեղուցներ տանող երթուղիները վերահսկելու հարցում, ինչին Էրդողանը փաստացի որևէ կերպ չի կարողանում հակազդել, և արտաքին քաղաքական ոլորտի այդ ձախողումը բացասաբար է ազդում նրա իմիջի վրա)։
2023թ․ Թուրքիայի նախագահի պաշտոնից Էրդողանի հնարավոր հեռանալը և արևմտամետ ընդդիմության իշխանության գալը չափազանց մեծ հարված կդառնան Պուտինի համար, եթե իհարկե նա այդ ժամանակ շարունակի գտնվել Ռուսաստանի ղեկին (նույն կերպ Ռուսաստանի նախագահի պաշտոնից Պուտինի հնարավոր հեռանալը մեծ հարված կդառնա Էրդողանի համար․ նրանցից մեկի հեռացումով կքանդվի «Պուտին-Էրդողան» երկյակը՝ իրենց 2+2 մոդելով)։ Պուտինի համար Էրդողանի հնարավոր հեռացումը զգայուն ու բացասական կլինի միանգամից մի քանի առումով․
կվերանա վերջին տարիներին Էրդողանի հետ Պուտինի մշակած 2+2 մոդելը,
լրջորեն կսահմանափակվի Արևմտյան ճամբարում պառակտում մտցնելու Պուտինի հնարավորությունը (թեև նրա «զինանոցում» է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը),
Պուտինը կզրկվի Էրդողանի միջոցով Ուկրաինայի վրա ներազդելու ներկայիս հնարավորությունից (եթե Ուկրաինական պատերազմը ձգձգվի այդքան),
զգալի վնաս կարող են կրել Թուրքիայի հետ կապված և նաև Արևմուտքին առնչվող Ռուսաստանի տնտեսական (նաև տիեզերական ու միջուկային) և ռազմական նախագծերն ու ծրագրերը (Էրդողանը ներկայումս ցանկանում է, որ սևծովյան Սինոպում Թուրքիայի երկրորդ ատոմակայանը նույնպես կառուցի Ռուսաստանը, որը Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցում է միջերկրածովյան Աքքույու վայրում),
Պուտինը եվրոպական աշխարհամասում կզրկվի Արևմուտքին մի շարք հարցերում իր այլընտրանք ունենալու հնարավորությունն ի ցույց դնելուց (Թուրքիան այս հարցում մի քանի անգամ փրկել է նրա դեմքը, երբ Պուտինը հանգիստ հրաժարվել է «Հարավային հոսք» գազատարի նախագծից՝ հօգուտ «Թուրքական հոսքի» և հիմա էլ հրաժարվում է «Հյուսիսային հոսքից»՝ հօգուտ Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման)։
[47] Cumhurbaşkanı Erdoğan: Yeni bir Çernobil yaşamak istemiyoruz, Anadolu Ajansı, 18.08.2022.
[48] МАГАТЭ: на Запорожской АЭС нарушены все семь обязательных компонентов ядерной безопасности, BBC Русская Служба, 06.09.2022.
[49] Cumhurbaşkanlığı Sözcüsü Kalın: Zaporijya saatli bombaya dönüşebilir, NTV, 24.08.2022.
[50] Erdoğan’dan Putin’e ‘Zaporijya Nükleer Santrali’ teklifi, Rudaw, 03․09․2022․
[51] В Анкаре проходят переговоры между представителями России и США, Коммерсанть, 14.11.2022.
[52] Senior White House official involved in undisclosed talks with top Putin aides, WSJ, 07․11․2022․
[53] Rusya ve Ukrayna arasında 270 kişilik esir değişimi: Türkiye ve Suudi Arabistan arabulucu oldu, BBC Türkçe, 22.09.2022.
[54] Azov komutanları Türkiye’de kalacak, DW, 22․09․2022․
[55] Rusya’nın Ukrayna savaşı sonrası Türkiye ile ticari ilişkileri nasıl değişti?, EuroNews, 06.11.2022.
[56] ‘Rusya ile Türkiye arasındaki ticaret 60 milyar dolara çıkacak’, Aydınlık, 21.10.2022.
[57] Savaş, Rus sermayesini Türkiye’ye yönlendirdi, Dünya, 17․10․2022․
[58] Ruslar peynir ekmek gibi Türkiye’den topluyor! Arapları bile geride bıraktılar, Yeni Akit, 26․10․2022․
[59] Türkiye’de en çok gayrimenkul alanlar: İranlılar ve Ruslar, Artı Gerçek, 06.11.2022.
[60] Ali Kemal Erdem, Rusya-Ukrayna savaşı, Türk turizminde 10 milyon turist ve 11 milyar dolarlık kayba yol açabilir, Independent Türkçe, 23.03.2022.
[61] Rus turistleri getirmek için yeni havayolu şirketleri kuruluyor, Turism Günlüğü, 18.04.2022.
[62] Southwind Airlines, uçuşlara başladı, Dünya, 03.08.2022.
[63] Turist sayısı 9 ayda 40 milyonu aştı, Sözcü, 27.10.2022.
[64] ATOR açıkladı: Türkiye’ye giden Rus turist sayısı 5 milyona çıkabilir, Turizm Güncel, 03.11.2022.
[65] Tanıtımlar arttı pazar çeşitlendi, Milliyet, 02.11.2022.
[66] Türkiye’ye gelen İsrailli turist sayısı bu yıl 5 kat arttı, Anadolu Ajansı, 12.11.2022.
[67] Hedef 50 milyon! Turizmde yeni rekor bekleniyor, CNN Türk, 02.11.2022.
[68] Andrew Rettman, Russia’s war chest ‘melting away’, internal EU study says, EU Observer, 12․10․2022․
[69] Mir kart iptali, turistik harcamayı vurdu, Cumhuriyet, 30․09․2022․
[70] Турция предложила использовать свою национальную платежную систему вместо карт “Мир”, Интерфакс, 05.10.2022.
[71] Türkiye doğalgaz borcunu Ruble ile ödemeye başladı, Haberrus, 08.11.2022.
[72] Путин и Эрдоган договорились о начале оплаты газа в рублях, РБК, 05․08․2022․
[73] Bakan Dönmez: “Türkiye’yi enerji üssü haline getirecek olan stratejimizin sonuna geldik”, Son Dakika, 14․11․2022․
[74] “Türkiye’yi doğal gazda merkez ülke hâline getirecek adımlar atıyoruz”, TCCB, 12.11.2022.
[75] Путин предложил Эрдогану создать газовый хаб в Турции, DW, 13․10․2022․
[76] Dönmez: Trakya gaz merkezinin yol haritası yıl sonuna netleşecek, Bloomberght, 16․11․2022․
[77] Mehmet Barlas, Türkiye dünyanın en büyük doğalgaz merkezi oluyor, Sabah, 14.10.2022.
[78] Cumhurbaşkanı Erdoğan: “TANAP’ın kapasitesini 2 kat artışla 32 milyar metreküpe çıkartacak çalışmalara başladık”, PetroTürk, 10.10.2022.
[79] Karadeniz’den yeni müjde: 110 milyar metreküp rezerv, Yeni Şafak, 03.11.2022.
[80] İsmail Kavaz, Türkiye’nin Enerjisi | Politikalar ve Stratejiler, SETA, 2022 January, pp. 279-302․
[81] Zeynep Canlı, Jeopolitik gelişmeler Türkiye’nin Orta Koridor’daki rolünü güçlendiriyor, Anadolu Ajansı, 14.10.2022.
[82] Türkiye, Kuzey Koridoru’ndan en az yüzde 15 pay alabilir, Lojistikçilerin Sesi, 09.11.2022.
[83] Recep Tayyip Erdoğan, Daha Adil Bir Dünya Mümkün, 2021 September, pp. 83-93․
[84] BM Reformu: Uluslararası İş Birliğine Yeni Bir Yaklaşım, T.C. Iletişim Başkanlığı, 2022, p. 33.
[85] Türkiye’nin İstikrara Katkısı: Barışa Yönelik Çok Yönlü Diplomasi, T․C․ İletişim Başkanlığı, 2022 March, pp. 12-14․
[86] Bölgesel İşbirliği ve İstikrarın Güçlendirilmesinde Türkiye’nin Merkezi Rolü, T․C․ İletişim Başkanlığı, 2022 September, pp. 10-157.
[87] Bakan Çavuşoğlu: Türkiye artık küresel bir aktör oldu, TRT Haber, 19․06․2022․
[88] Dışişleri Bakanı Çavuşoğlu: Küresel gıda güvenliğine en büyük katkıyı yapan ülke olduk, Anadolu Ajansı, 08.11.2022.
[89] Հայկ Գաբրիելյան, Պուտինյան Ռուսաստանի ու էրդողանական Թուրքիայի 2+2 մոդելը, ՄԱՀՀԻ, 16․12․2020․
[90] Путин призвал благодарить Эрдогана за зерновую сделку, 360ТВ, 13.10.2022.
[91] Avrupa zor geçirecek, bizim sıkıntımız yok, Medyaport, 06.09.2022.
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)