Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողների հետ համատեղ 2022թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Կ․ Մ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Հ․ Դ․-ին, սակայն վերջինիս մոտից ոչինչ չեն հայտնաբերել։
Այնուհետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին թաքցրած տեղից ծառայողներին է ներկայացրել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված օվալաձև 1 փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 6․7 և 17․2 գրամ ընդհանուր քաշերով դեղնականաչավուն բուսական զանգվածներ, «PGN 150» գրառմամբ 8 դեղապատիճ և «B8» գրառմամբ 1 դեղահաբ։
Քաղաքացին բանավոր հայտարարել է, որ թմրամիջոցներին նմանվող զանգվածները քրեակատարողական հիմնարկ էր բերել՝ կալանավորված անձին փոխանցելու համար։
Քաղաքացի Հ․ Դ․-ն անմիջապես ձերբակալվել է և տեղափոխվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ