Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա Երեւանում միակ տեղն է, որը կապված է Սարդարապատի հետ, ու այս խայտառակ կոթողն այստեղ չպետք է լինի»

Նոյեմբեր 29,2022 16:40

«Հայաստանի եվրոպական կուսակցության» եւ «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» անդամներն այսօր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 20-ամյակին (Կարմիր բանակի մարտիկներին) նվիրված հուշարձանի մետ հավաք էին կազմակերպել։ «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը նախ հայտարարեց՝ Անգլիական այգու տարածքում, որտեղ գտնվում է այդ հուշարձանը, 1918թ․-ին կարեւոր իրադարձություններ էին տեղի ունենում։

«Մայիսին հենց այս վայրում մարդիկ հազարներով ցուցակագրվում էին՝ Սարդարապատ գնալու համար։ Վանի փախստական կանայք այստեղ հավաքում էին ջուր, հաց, ծխախոտ, որ ուղարկեին Սարդարապատի ճակատ։ Մոմի լույսի տակ էր այդ ամենը կազմակերպվում։ Ձիերով ու ավանակներով բեռները տարվում էին մի քանի հարյուր մետր այն կողմ գտնվող երկաթուղի։ Ոչ շատ հեռու Երեւանի բերդն էր, որտեղ 1921թ․-ի փետրվարին կացնահարելով սպանեցին Սարդարապատի հերոսներին։ Սա Երեւանում միակ տեղն է, որն ուղիղ կապված է Սարդարապատի հերոսամարտի հետ։ Եվ այստեղ միտումնավոր են դրել այս կոթողը (նկատի ունի կարմիր բանակին նվիրված կոթողը-հեղինակ)։ Մեր հիշողությունը ջնջում էին փոխարինելով եւ պղծելով, սուտը ճշմարտության տեղ մատուցելով։ Այն, որ երեսուն տարի անց այս կոթողն այստեղ է, ցինիզմ է ու ցավալի իրողություն»,-համոզմունք հայտնեց Տիգրան Խզմալյանը։

Տարիներ առաջ, Տիգրան Խզմալյանի խոսքով, երբ ինքն ու կուսակիցները գալիս էին այս կոթողի մոտ, իրենց դիմավորում էին կոմունիստները, վեճի մեջ մտնում, երբեմն էլ ձեռնամարտի դիմում․ «Այսօր այս իրադարձություն աննկատ է անցնում, ոչ մեկը սա չի հիշում, եւ սա մեր աշխատանքի լավագույն գնահատականն է։ Այսինքն, մարդիկ չեն հիշում այն, ինչն արհեստականորեն դրվեց մեր գիտակցության մեջ։ Այս օրն է տեղադրվել այս խայտառակ կոթողը։ Հեշտ լուծում կա։ Սրա գլխին պետք է դնել Սարդարապատի արծվին, որը խորհրդանշում է հայ ժողովրդի հաղթանակը թուրքական զորքի դեմ։ Իսկ ցուցանակը պետք է փոխարինել ճշմարտությամբ․ այստեղ Սարդարապատի հերոսամարտի ազգային պոռթկումը պետք է գրվի։ Բոլշեւիկների կողմից Սարդարապատի հերոսների սպանության հիշատակի համար եւս հուշարձան պետք է դրվի։ Դեռ երեք տարի առաջ էինք դիմել քաղաքապետարան եւ պահանջել այս խայտառակ կոթողը փոխել։ Սա մեր պարտքն է։ Մենք չենք պատերազմում հուշարձանների հետ, այլ պաշտպանում ենք մեր հիշողությունն ու ճշմարտությունը»։

«Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» անդամ Գեւորգ Ենգիբարյանն էլ իր հերթին նշեց․ «Ստորացուցիչ է, որ ունենք Ֆրունզեի անվան փողոց․ նա քեմալական թուրքերին սովորեցնում էր, թե ինչպես պետք է հայ սպանել։ Այլ գործիչներ էլ կան, որոնք մեր հետ չունեն որեւէ ընդհանրություն, բայց նրանց անուններով փողոցներ եւ դպրոցներ ունենք։ Լենինգրադ քաղաքը չկա, բայց ունենք Լենինգրադյան փողոց։ Փոխարենը Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոց չկա։ Սարդարապատի հերոսներին մորթողներից մեկի՝ Ամիրյանի անվան փողոց ունենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930