Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ․ խնդիր, որը դեռ շատ հարցեր է առաջացնում

Նոյեմբեր 29,2022 22:00

Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը (ՁՊԿՀ) վերարտադրողական տարիքում գտնվող կանանց շրջանում շատ տարածված էնդոկրին հիվանդություն է, որը դեռևս «առեղծվածային» հիվանդություն է համարվում, և մի քանի տասնամյակ շարունակ պացիենտների վիճակի բարելավման առաջընթացն այնքան էլ տպավորիչ չէ։

The Lancet հեղինակավոր ամսագիրն անդրադարձել է այս համախտանիշին՝ նշելով այն փոփոխությունները, որոնք այս պահին առկա են այս համախտանիշի ուսումնասիրության ոլորտում, ինչպես նաև առաջարկելով փոքրիկ քայլեր կատարել՝ Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ ունեցող պացիենտների կյանքի բարելավման համար։

Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի տարածվածությունը 5-18 տոկոս է կազմում․ Եվրոպայում 100․000 մարդուց 276,4 -ի մոտ առկա է այս համախտանիշը։ Կանանց մոտ 50 տոկոսը տեղյակ չէ, որ ունի այդ համախտանիշը, կամ նրանց մոտ ախտորոշումն ավելի ուշ է տեղի ունենում։ Հաշվի առնելով հիվանդության տարածվածության բարձր մակարդակն ու ոչ բավարար չափով ախտորոշումը՝ այսօր առավել քան երբևէ արդիական է դառնում այդ հիվանդության վարման ու պացիենտների կարիքների վերանայումը։

ՁՊԿՀ-ի բուժման արդյունավետ մեթոդների բացակայությունը հիմնականում պայմանավորված է հիվանդության առաջացման պատճառների բարդությամբ ու բազմազանությամբ․ գործոնները շատ տարբեր են՝ դրանք ներառում են գենետիկ ու էպիգենետիկ նախատրամադրվածությունը, հիպոթալամուսի ու ձվարանների դիսֆունկցիան, անդրոգենների գերազդեցությունը, ինսուլինի նկատմամբ ռեզիստենտությունը և ճարպակալման հետ կապված մեխանիզմները։

Ընդհանուր ախտանշաններ են համարվում ձվազատման ու դաշտանային խանգարումները, հիրսուտիզմը (հավելյալ մազակալում), քաշի ավելացումը։ Մետաբոլիկ խանգարումները, հատկապես ինսուլինի նկատմամբ ռեզիստենտականությունը ակնհայտ են հատկապես հիպերանդրոգենիզմ՝  (տեստեստերոնի ավելցուկ) ունեցող կանանց շրջանում։ Ըստ էության ախտորոշման հստակ չափանիշներ չկան, սական ախտորոշումը դրվում է, եթե պացիենտի մոտ առկա են ռոտերդամյան չափանիշներց գոնե երկուսը՝ հիպերանդրոգենիզմ, դաշտանային ցիկլի անկանոնություն, պոլիկիստոզ ձվարանների մորֆոլոգիա։

Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի երկրորդ ձևակերպումը տրվել է 2003 թվականին եվրոպական հանձնաժողովի փորձագետների կողմից՝ Ռոտերդամում։ 

Ռոտերդամյան սահմանումն ավելի լայն է և իր մեջ է ներառում այս համախտանիշն ունեցող ավելի շատ հիվանդների։ Մասնավորապես, այն տարածվում է նաև այն պացիենտների վրա, որոնք չունեն հավելյալ անդրոգենների կլինիկական կամ բիոքիմիական նշաններ (քանի որ պարտադիր է երեք նշաններից երկուսի առկայությունը, այլ ոչ բոլոր երեքը), այն ժամանակ, երբ համաձայն ամերիկյան սահմանման՝ անդրոգենների հավելյալ արտազատումը կամ հավելյալ ակտիվության նշանները հանդիսանում են ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի ախտորոշման պարտադիր պայման։

ՁՊԿՀ-ն նաև կապվում է առողջության համար երկարաժամկետ ռիսկերի հետ՝ ներառյալ երկրորդ տիպի շաքարային դիաբետը, էնդոմետրիալ քաղցկեղը և սիրտ-անոթային հիվանդությունները, հետևաբար պետք է ավելին անել այդ համախտանիշով տառապող կանանց համար՝ նրանց կյանքի որակը բարելավելու և հայտնի ռիսկերը չեզոքացնելու համար։ Երկարաժամկետ ռիսկերի չեզոքացմանը պետք է ուղղված լինի նաև ՁՊԿՀ ունեցող պացիենտների հոգեբանական վիճակի բարելավումը։

2021 թ․-ի հետազոտությունը ցույց է տվել, որ Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ ունեցող կանանց 40 տոկոսը տառապում են դեպրեսիայից,  16,6 տոկոսը՝ տրամադրության խանգարումներ են ունենում, ինչը նշանակում է, որ պոլիկիստոզ ունեցող կանանց 56,6 տոկոսը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի։

Պատճառները կարող են շատ տարբեր լինել՝ ներառելով մազակալման պատճառով առաջացած անինքնավստահությունը, հակաբեղմնավորիչների կողմնակի ազդեցությունները, վերարտադրողական խնդիրները և այլն։

Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը դժվար է վերահսկվում ինչպես բժիշկների, այնպես էլ պացիենտների կողմից, քանի որ կան տարբեր ֆենոտիպեր, իսկ բուժումը կախված է անհատական ախտանշաններից։

Դաշտանի կարգավորման նպատակով հակաբեղմնավորիչների նշանակումը, ընդհանուր խորհուրդները, թե ինչպես պայքարել ակնեի ու մազակալման դեմ, կամ ինչպես կարգավորել սննդակարգն ու կենսակերպը, երբեմն բավարար չեն լինում։

Հղիանալ փորձող կանանց նշանակվող դեղամիջոցները որպես այդպիսին չեն հաստատվել համախտանիշի բուժման համար, և ավելի շատ ազդում են ախտանշանների վերացման, այլ ոչ թե հիվանդության բուժման վրա։

SPIOMET4HEALTH հետազոտությունը, որն անցկացվում է եվրոպական մի շարք երկրներում, հուսադրող քայլեր է կատարում՝  նպատակ ունենալով ստեղծել մի դեղամիջոց, որը միաժամանակ 3 դեղ է ներառում, որոնց արդյունավետությունն արդեն ապացուցված է ՁՊԿՀ ունեցող կանանց համար։ Այդ դեղահաբը կարող է բարելավել ոչ միայն բուժման ընթացքը, այլև պացիենտների կյանքի որակը։

Ժամանակն է, որ առողջապահական համակարգերը գործուն մասնակցություն ունենան ողջ աշխարհում՝ ՁՊԿՀ-ի վարման ու բուժման համար այլընտրանքային մեթոդներ գտնելու համար։ Օրինակ՝ եվրոպական որոշ երկրներում պոլիկիստոզ ունեցող կանանց համար արդեն կիրառվում է մազահեռացման ծառայությունների, դիետոլոգի, հոգեբանի ծառայության անվճար տրամադրման փորձը՝ նրանց հոգեբանական վիճակի ու կյանքի որակի բարելավման համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930