Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Արցախը փորձում են զոհ չդառնալ «գազի և նավթի» զոհասեղանին և կհաջողե՛ն. Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիո Նալբանդյանի ելույթը

Նոյեմբեր 29,2022 14:15

ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը, որը Սոցիալիստական Ինտերնացիոնալի՝ Մադրիդում ընթացող կոնգրեսի ընթացքում վերընտրվել է կազմակերպության փոխնախագահ, հանդես է եկել ելույթով, որի հիմնական հատվածները թարգմանաբար ներկայացնում ենք ստորև

«Անցյալ երկուշաբթի Պեդրո Սանչեսը` մեր նորընտիր նախագահը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում անդրադառնալով Ուկրաինայի պատերազմին` ասաց․ «ապսուրդ պատերազմ», իսկ ես ձեզ հարց տամ, ո՞ր պատերազմը ապսուրդ չէ, արդյո՞ք պետք է ընդունենք այն տրամաբանությունը, որ քիչ առաջ այս ամբիոնից հնչեց Եվրոպական Միության ամենաբարձր ներկայացուցիչների կողմից, ովքեր գովասանքով էին խոսում ուկրաինական պատերազմի մասին և հատուկ նշում, որ «պատերազմը մոտ է, մենք չենք կարող անտարբեր մնալ և մեր ամբողջ կարողությունները պետք է տրամադրենք Ուկրաինային»։ Ես հարց եմ տալիս, արդյո՞ք, եթե պատերազմը  մոտակա է, ուրեմն ամեն ինչ արդարացված է, իսկ ուրիշ պատերազմների դեպքում այդքան անտարբեր ենք, որ մոռանում ենք մարդկային ու քաղաքացիական իրավունքների բռնաբարումները, ինչպես նաև բռնապետների սպառնալիքներն ու քմահաճույքները, որոնց վերջերս ենթարկվեց Եվրոպական Միության Հանձնաժողովի պատվիրակությունը։ Այս տրամաբանությամբ նավթի մեկ բարելը, կամ գազի մեկ խորանարդ/մետրն ավելի արժե, քան մեկ մարդու կյանքը։ Սա անընդունելի է և այս կազմակերպությունը պետք է մերժի ու դատապարտի դա։

Հիմա ես ստիպված եմ փոփոխության ենթարկել իմ նախապես պատրաստած խոսքը, քանի որ քիչ առաջ ադրբեջանական կուսակցության ներկայացուցչի արտասանած խոսքերը կարծես թե իր երկրի «հատուկ գրասենյակների» կողմից պատրաստված ապատեղեկատվության շարան լինեին։

Սիրելի Պեդրո, Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի հողը և տարածքը, Արցախը երբեք մաս չի կազմել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բացի սովետական ժամանակահատվածից, երբ 1921թ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասի բյուրոն Ադրբեջանին հանձնեց Նախիջևանն ու Արցախը։ Այդ թվականին Հայաստանն ու Արցախը դադարել էին լինել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Արցախի ժողովուրդը նախքան Սովետական Միության անկումը և օրվա սահմանադրությանը համապատասխան՝ հռչակեց իր ինքնորոշման իրավունքի իրացումը և անկախությունը, մի իրավունք, որից չի հրաժարվել և չի հրաժարվելու։

2020թ․ սեպտեմբերին Արցախն անակնկալ հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից՝ ունենալով Թուրքիայի հսկայական մասնակցությունն ու ռազմական օժանդակությունը, ինչին միացան Սիրիայի հյուսիսից բերված արմատական իսլամիստներ։ 44-օրյա պատերազմի ընթացքում անխափան գործեց նաև Իսրայել-Ադրբեջան, Ուկրաինա-Ադրբեջան և Բելառուս-Ադրբեջան օդային բեռնափոխադրումները։ Ադրբեջանն օգտագործեց ՆԱՏՕ-ի երկրորդ՝ թուրքական բանակի ռազմական օժանդակությունը, փաստորեն Արցախի դեմ օգտագործվեցին ՆԱՏՕ-ի կարողությունները, և ՆԱՏՕ-ն լռելյայն ընդունեց դա։

Հարգելի ընկերներ, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի մաս։ Պետք է նաև ուշադրություն դարձնել, որ պատերազմից հետո Ադրբեջանը հարձակվել է և օկուպացրել ՀՀ ինքնիշխան տարածքներ, ինչն անընդունելի է և դատապարտելի։

1920-ական թթ․ Հայաստանն ու հայ ժողովուրդը զոհաբերվեցին թուրք-բոլշևիկյան հեղափոխության զոհասեղանին, հիմա Հայաստանն ու Արցախը փորձում են զոհ չդառնալ «գազի և նավթի» զոհասեղանին և կհաջողե՛ն։ Հավատում ենք, որ դուք կմիանաք մեզ այս արդար պայքարում՝ հանուն ազատության և արդարության։

Շնորհակալություն:

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930