Ֆինանսական խնդիրներն այլևս չեն խանգարի ուսանողներին մասնակցել դասական երաժշտության համերգներին. «Իմ սիմֆոնիկը» երիտասարդական կրթամշակութային ծրագիրը նրանց այդ հնարավորությունը տալիս է:
Դեռ փետրվարին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մշակել էր « Իմ սիմֆոնիկը» կրթամշակութային ծրագիրը, որի նպատակն է երիտասարդների այդ խմբին հաղորդակից դարձնել դասական երաժշտությանը կամ մոտեցնել դասականին, ստեղծել միջավայր, որպեսզի ուսանողները նորովի ընկալեն դասական համերգների բովանդակությունը, դառնան մշակույթին վերաբերող տեղեկատվության տարածման առանձնահատուկ դեսպաններ երիտասարդության և հանրության շրջանում:
Ըստ ծրագրի՝ տարբեր համալսարաններում սովորող շուրջ 2000 ուսանողները հնարավորություն ունեն ծանոթանալու դասական երաժշտությանը՝ արդեն հավաքված էլեկտրոնային փոստերով տեղեկատվական նյութեր ստանալու և համերգներին ներկա գտնվելու միջոցով: Ապրիլ ամսից սկսած ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Իմ սիմֆոնիկը» ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Aravot.am-ը զրուցեց ծրագրի համակարգող Դիանա Սարգսյանի հետ:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ մինչ ծրագրի մեկնարկն իրենք կապ են հաստատել համալսարանների հետ, որից հետո հավաքագրել են այն ուսանողների տվյալները, որոնք ցանկություն են հայտնել հետագայում մասնակցել դասական համերգներին և ստանալ հրավիրատոմսեր. «Այս ամենից հետո հավաքագրած էլեկտրոնային հասցեներով սկսել ենք հրավիրել ուսանողներին դասական համերգներ ունկնդրելու»:
Ծրագրի շրջանակներում ուսանողների համար կազմակերպվում են հանդիպումներ, որոնց ընթացքում հանդիպման կազմակերպիչները ներկայացնում են նվագախումբն ու առաջիկա ծրագրերը: Ընդհանուր ծանոթությունից հետո ուսանողներին տրվում են հրավիրատոմսեր սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա համերգների համար:
Դիանա Սարգսյանը զրույցի ընթացքում հավելեց, որ սկսել են իրականացվել ֆոկուս-խմբային քննարկումներ համերգների հաճախած ուսանողների հետ՝ հետադարձ կապի ապահովման նպատակով. «Երևանի պետական համալսարանի հետ արդեն իսկ ունեցել ենք մի քննարկում: Այս քննարկումների հիմնական նպատակն է պարզել ուսանողների տպավորությունները, ինչպես նաև նախասիրություններն ու ակնկալիքները, ինչը հնարավորություն կտա կատարելագործել համերգների բովանդակությունը՝ համապատասխանեցնելով ուսանողների ցանկություններին ու սպասումներին: Հետազոտությունը և քննարկումները մեզ կօգնեն նաև հետագայում ավելի ամրապնդել մեր կապը երիտասարդ ունկնդրի հետ»:
Տեղեկացնենք, որ սեպտեմբերին ծրագրի մասնակից ուսանողները ներկա էին գտնվել «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի համերգներին, որտեղ ելույթ էին ունենում համաշխարհային երաժիշտներ: Ծրագրի համակարգողը վստահեցնում է՝ դասական երաժշտության համերգների հաճախող ուսանողների թիվն աճում է։
«Իմ սիմֆոնիկը» ծրագրի մասնակիցներից Արև Սարգսյանը սովորում է Երևանի պետական համալսարանում: Ըստ նրա՝ ծրագիրը կարելի է հաջողված համարել:․ « Շատ կարևորում եմ այս կրթամշակութային ծրագիրը, քանի որ այն մեզ հնարավորություն է ընձեռել ներկա գտնվելու համերգներին: Նման միջոցառումներին թեկուզ անվճար ներկա գտնվելը շատ ողջունելի է, քանի որ մեծ է հավանականությունը, որ ուսանողները համերգից հետո շրջապատում կսկսեն խոսել, պատմել իրենց տպավորությունները, և դրա արդյունքում էլ ավելի շատ երիտասարդներ կներգրավվեն ծրագրում»: Նա նաև հավելեց, որ ծրագրին մասնակցելով երիտասարդ սերունդը ոչ միայն ունկնդրում է հայ երաժիշտներին, այլև արտերկրից հրավիրված համաշխարհային երաժիշտներին:
ԵՊՀ մեկ այլ ուսանողուհի՝ Լիլիթ Հովհաննիսյանը կարծում է ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին մոտեցնել և ինտեգրել դասական երաժշտությանը. «Հնարավոր է, որ շատ ուսանողներ ֆինանսական առումով չեն կարող ներկա գտնվել համերգների, իսկ սա շատ լավ նախաձեռնություն է՝ անվճար մասնակցելու դասական համերգների» :
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանող Անի Փարեմուզյանը նույնպես «Իմ սիմֆոնիկը» ծրագրի մասնակից է։ Նա մեզ հետ զրույցում նշեց․«Ուսանողներին տրված այս հնարավորության շնորհիվ ներկա եմ գտնվել սիմֆոնիկ նվագախմբի՝ նոյեմբերի 10-ին կայացած համերգին, նոյեմբերի 21-ին կայացած համերգներին և ուզում եմ՝ ոչ մի համերգ բաց չթողնել: Ես իսկապես տպավորված էի. այդ կախարդական միջավայրը, պարոն Սմբատյանի փոխանցած դրական էներգիան, րոպեները, որ ես վայելում էի այդտեղ՝ այդ հնչյունների ներքո, ինձ ավելի ու ավելի էին մոտեցնում դասական երաժշտությանը, որը մի քանի շաբաթ է՝ իմ առօրյայի մի մասն է դարձել» :
Ուսանողներից Իռենը ուրախությամբ նշեց՝ մասնակցում է դասական երաժշտության համերգների․ «Իհարկե, կա մի ստվար մաս, որ չի հասկանում երաժշտության դերը մեր կյանքում, բայց մյուս մասը շատ ուրախ է, որ այդպիսի ծրագրերին աջակցում են ու հոգևոր սննդով ապահովում: Մանավանդ քննությունների շրջանում ավելի հաճելի է, երբ իրականությունից կտրվում ես որոշ չափով ու վայելում երեկոն ընկերներիդ հետ»:
«Իմ սիմֆոնիկը» կրթամշակութային ծրագիրը դեռ շարունակվում է, և շատ ուսանողներ գրանցվում են ու դառնում ծրագրի մասնակից:
Անահիտ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ