Մի քանի վաստակավոր արտիստ հունվարի 1-ից չեն աշխատի Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Երեւանի քաղաքապետարանը դերասաններ Լուսինե Կիրակոսյանին, Գուժ Մանուկյանին, Նաիրա Շահիրյանին եւ այլ դերասանների հրաժարվում է աշխատավարձ վճարել՝ պատճառաբանելով, թե վերջիններս թատերական կյանքում ակտիվ չեն, թատրոնի ներկայացումներում ընդգրկված չեն եւ այլն: Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ինքը համոզված չէ, թե քաղաքապետարանն է այդ որոշումը կայացրել, նա մեղադրում էր թատրոնի ղեկավարությանը, մասնավորապես՝ Արմեն Խանդիկյանին։ Այս հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի հետ:
– Երեսուն տարի շարունակ այդ դերասաններն աշխատավարձ են ստացել, եւ դեռ մի բան էլ շատերը դժգոհել են, որ դերասանն անտեսված է, չնչին աշխատավարձ է ստանում եւ այլն: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ նոր հիշեց Երեւանի քաղաքապետարանը, որ սա պետական միջոցների վատնում է:
– Որովհետեւ ես խնդրում էի, որ այս օրենքը չգործի, եւ նույն Լուսինե Կիրակոսյանն աշխատավարձ ստանա: Ես` ինքս, դեկտեմբերի 1-ից հրաժարականի դիմում եմ ներկայացնելու եւ այլեւս չեմ զբաղեցնելու տնօրենի պաշտոնը: Օրենքը դա է պահանջում:
– Ո՞վ է փոխարինելու Ձեզ:
Կարդացեք նաև
– Ի՞նչ կարեւոր է: Լինելու է մրցույթ:
– Չե՞ք առաջադրվելու տնօրենի պաշտոնում:
– Ոչ, օրենքն այլեւս ինձ թույլ չի տալիս: Կան բազում հարցեր, պետք չէ այս ամենն անձնավորել: Գուժ Մանուկյանի տաղանդն ինձ համար շատ վաղուց է պարզ: Նա մեծ դերասան է, բայց օրենքն է դա պահանջում: Իսկ Լուսինե Կիրակոսյանին ես դերեր եմ առաջարկել, նա չի համաձայնել:
– Քիչ առաջ նշում էիք, որ դերասանուհին կենցաղավարման հետ կապված խնդիրներ ունի, դրա համար դեր չունի: Հիմա ասում եք՝ դեր եք առաջարկել, չի ցանկացել: Ե՞րբ եւ ի՞նչ դեր….
– Փորձել ենք, որպեսզի նա պատրաստվի: Դերասանն ունի այլ պարտականություններ եւս, օրինակ՝ գոնե ամիսը մեկ անգամ թատրոն գալ, մարդկանց հետ շփվել, քննարկել: Բոլոր դերասաններն ունեն դիմում գրելու եւ դեր պահանջելու իրավունք: Դա մեր թատրոնում ընդունված կարգ է: Մեզ մոտ նման դեպքերն այնքան շատ են: Մարդիկ տարվա մեջ ամենաքիչը պետք է 10-15 անգամ բեմ դուրս գան: Պետք է աշխատեն, որի դիմաց էլ վճարվեն, այստեղ խոսքը դերասանի տաղանդի մասին չէ: Լուսինե Կիրակոսյանը Ձեզ ասել է, թե իրեն 30 տարի դեր չեմ թվել, ինչն իրականությանը չի համապատասխանում: Ես նրան անձամբ մի քանի դեր եմ տվել: Թե՛ դերասանը, թե՛ դերասանուհին պետք է իրենց կենցաղում զուսպ լինեն….
– Ի՞նչ եք ակնարկում: Եկեք պարզ խոսենք:
– Պետք է իրենց արտաքինին հետեւեն, հետեւեն առողջությանը, պետք է նաեւ իրենց ինչ-ինչ հաճույքներից զրկեն, լինեն նախաձեռնող: Ոչ թե գան միայն խնդրեն, այլեւ` նախաձեռնեն: Այնպես որ, պետք չէ նստել եւ սպասել, թե երբ են դեր տալու: Ասում է՝ թող ճիշտն ասի: Ցավոք, աղջիկը չի կարող ճիշտն ասել…. ինչ վերաբերում է Գուժ Մանուկյանին, նա փայլուն դերասան է, փայլուն բեմադրություններ էր անգամ անում: Ո՞վ է ասում, որ մենք չենք ցանկանում նրան այստեղ տեսնել: Օրենքն օրենք է: Լուսիկի հետ կապված՝ տասը տարի շարունակ ես այնպես եմ արել, որ այս օրենքը շրջանցեն, եւ դերասանուհին ստանա աշխատավարձ: Մեզ ոչ մեկը չի հրահանգում:
– Ինչպե՞ս եք կարողացել շրջանցել այդ օրենքը, ինչպես Դուք եք ասում:
– Հաղթել եմ օրենքին, հիմա էլ չեմ կարող: Լուսինե Կիրակոսյանը 9 տարի է՝ բեմ չի բարձրանում: 70-ականների վերջից նրա աշխատանքը թուլացավ: Առաջին 10 տարին փայլուն աշխատել է: Վաստակավորի կոչումն էլ իմ միջնորդությամբ է ստացել: Նույնիսկ պարգեւատրումների ժամանակ, թեպետ իրավունք էլ չունենք անաշխատունակ մարդուն պարգեւատրել, փորձել ենք նրան ինչ-որ չափով գումար փոխանցել: Հիմա էլ պետք է փորձեմ հովանավորներ գտնել եւ հնարավորության դեպքում դերասաններին էլի ինչ-որ գումար տրամադրել: Ինչ վերաբերում է նրա ասած՝ 90 հազար դրամ գումարին, ապա գումարը 120 հազար դրամ է: Դա էլ, բնականաբար, արտիստի համար չնչին գումար է:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: