2023 թ. փետրվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները նախատեսվում է անկանխիկ եղանակով վճարել՝ բացառապես բանկերի միջոցով։
«Պետական նպաստների մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերը նոյեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ-ն։ Եթե հաջորդ՝ դեկտեմբերյան ընթեցմամբ էլ ընդունվի, ապա փետրվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները (ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում) քաղաքացիները կստանան միայն բանկերի միջոցով։
Մեկ այլ հարց էլ է ծագում՝ կարգավորում տրվա՞ծ է այն կենսաթոշակառուների կամ նպաստառուների խնդրին, որոնք հաշմանդամություն ունեն եւ գումարի ստացման անկանխիկ եղանակն իրենց հարմար չէ։
ԱՍՀ նախարարության տվյալներով՝ կշարունակեն գործել կենսաթոշակը (նպաստը) կանխիկ եղանակով վճարելու՝ օրենքով սահմանված բացառությունները։ Այսինքն՝ քաղաքացու ընտրությամբ (դիմումի հիման վրա)՝ կենսաթոշակը (նպաստը) կարող է կանխիկ կամ անկանխիկ եղանակով տրամադրվել, եթե վերջինս առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձ է: Եթե քաղաքացին ցանկանում է փոխել պատահականության սկզբունքով ընտրված բանկը, կամ քաղաքացին առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձ է եւ կենսաթոշակը (նպաստը) ցանկանում է ստանալ կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով, ապա նա պետք է դիմի ՄՍԾ տարածքային բաժին։
Կարդացեք նաև
Արդյո՞ք այս փոփոխությունները հարմար են, ենթադրենք, գյուղերում ապրողների համար, այն է՝ բոլո՞ր գյուղերում կան բանկոմատներ, կամ կա՞ այն բանկի բանկոմատը, որն ուզում է քաղաքացին, թե՞ ստիպված պետք է լինի մի քանի գյուղ այն կողմ կամ մարզկենտրոն հասնել թոշակ կամ նպաստ ստանալու համար, ի՞նչ անհարմարություններ կլինեն, ցույց կտա նշյալ օրենքներում փոփոխությունների կիրառման ընթացքը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: