Լրահոս
Օրվա լրահոսը

Կարդում ես ռուսական մամուլն ու քարանում այն մտքից, թե ցինիզմն ինչպիսի խոր արմատներ է նետել ոմանց ուղեղներում. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 29,2022 10:52
kreml

Անկեղծ ասած՝ թվում էր, թե երեւանյան գագաթնաժողովն իր ուղերձներով դաս կլինի հատկապես ռուսական իշխանությունների ու ԶԼՄ-ների համար: Բայց դա միայն թվում էր: Պետդումայի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ նրանք, ովքեր երեկ, իբր, հանդես էին գալիս Հայաստանի պաշտպանության դիրքերից, հայտարարել են, թե ՀՀ-ն, չստորագրելով փաստաթղթերը, փորձել է հանրության շրջանում ՀԱՊԿ-ն ներկայացնել որպես թույլ կազմակերպություն, որը չի կարող պաշտպանել դաշնակցին արտաքին վտանգներից:

Ռուսական շրջանակներում անընդհատ խոսում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների մասին: Ինչ հակառուսականության մասին է խոսքը, եթե տարբեր պատճառներով Հայաստանում հայտնված ռուսներն այստեղ իրենց ավելի լավ են զգում, քան հենց իրենց հայրենիքում՝ Ռուսաստանում: Ռուսաստանը գլորվում է Բյուզանդիայի ուղով, եւ այս տեմպը պահպանելու դեպքում պետության կործանման բյուզանդական մոդելը հերթական կիրառումը կունենա իրական կյանքում: Քաղաքականությունը, որը Մոսկվայի կողմից իրականացվում է հարավկովկասյան ուղղությամբ, առաջին հերթին հակասում է ռուս ժողովրդի շահերին:

ՌԴ իշխանությունները շարունակում են սեփական ԶԼՄ-ներին թելադրել՝ պահպանելու հակահայկական տոնայնությունը, անգամ թշնամական վերաբերմունքը: Սա առնվազն փաստում է, որ ռուսական հանրության շրջանում հակահայկական տրամադրությունների, ինչպես նաեւ Հայաստանում ռուսական իշխանությունների նկատմամբ անվստահության ձեւավորման հիմքում ոչ թե Հայաստանի քաղաքական գործիչներն են, այլ հենց ռուսական իշխանական որոշակի շրջանակներն ու մի շարք ԶԼՄ-ներ: Ներկա իրավիճակում դավաճանել են Հայաստանին, եւ դա ակնհայտ է բոլորին, ովքեր մտածում են ուղեղով:

«Ցարգրադը», օրինակ, մեջբերել է ոմն քաղաքագետ Պավել Դանիլինի խոսքերը. «Շատ ափսոս, որ Փաշինյանը, իր ողջ ամերիկամետ վեկտորով հանդերձ, Հայաստանին չի հանում ՀԱՊԿ-ից: Դա չի փլուզի ՀԱՊԿ-ն, այլ նույնիսկ, հնարավոր է, ընդհակառակը: Իսկ բոլոր պատմություններն այն մասին, որ ՀԱՊԿ-ն ոչինչ չի արել Հայաստանի պաշտպանության համար, ցինիկ սուտ են: Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ-ի լիդեր, իր կամքով ու խելքով դադարեցրեց Հայաստանի սահմանային հակամարտությունը, որն առաջացավ առաջին հերթին այն պատճառով, որ Երեւանը չցանկացավ կատարել խաղաղության այն պայմանները, որոնց տակ նախկինում ստորագրել էր»: Մեկ ուրիշը՝ ոմն Մարատ Բաշիրով, որին նույնպես «Ցարգրադը» քաղաքագետ է անվանում, նշում է, թե անվանական դաշնակից Հայաստանի իշխանությունները ձգտել էին, որ Պուտինի այցից առաջ Երեւանում հակառուսական հիստերիա սկսվի, թե այնտեղ ամեն ինչ կար՝ «փողոցներում վերահսկվող խառնաշփոթից մինչեւ առաջին դեմքերի աբսուրդային թշնամական ելույթներ»:

Որպես հետեւություն՝ կայքը նշել է, թե «ստեղծված իրավիճակում Հայաստանի ղեկավարը գործնականում փորձում է թիկունքից հարվածել ՀԱՊԿ-ին՝ Ռուսաստանի միության գլխավոր ուժին: Հիանալի հասկանալով, որ Ռուսաստանը հիմա ռազմական գործողություններ է իրականացնում իր տարածքում եւ, ընդհանուր առմամբ, լիակատար իրավունք ունի կանչել իր դաշնակիցներին՝ մասնակցելու այդ ռազմական գործողություններին»:

Կարդում ես ռուսական մամուլն ու քարանում այն մտքից, թե ցինիզմն ինչպիսի խոր արմատներ է նետել ոմանց ուղեղներում: Իմ մեջբերած ընդամենը մի քանի տողում նրանք հասցրեցին «հայտարարել», որ ՀԱՊԿ-ը եւ նրա «լիդերը» տառապում են ցինիզմի բարդույթով, որ Ռուսաստանի իշխանությունները թիկունքից հարվածել են Հայաստանին: Հիանալի հասկանալով, որ Ադրբեջանը ներխուժել է իր ինքնիշխան տարածք, եւ ինքը լիակատար իրավունք ունի՝ կանչելու իր դաշնակիցներին՝ մասնակցելու ռազմական գործողություններին, պաշտոնական Երեւանը դա արել է, սակայն մերժվել է… Հիմա Երեւանին առաջարկում են կռվե՞լ Ուկրաինայի դեմ…

Հետո ասում են՝ հայաստանյան իշխանությունները հակառուսական ցույցեր են կազմակերպում, ուզում են հայ ժողովրդի մեջ սպանել հայ-ռուսական բարեկամության ոգին: Հիմա այսպիսի հարց՝ այսպիսի լրատվամիջոցներն ու փորձագետները հայ-ռուսական բարեկամության ոմանց պատկերացումների ո՞ր մակարդակին են պատկանում: Մի բան հստակ է. քանի դեռ նրանք կան, Հայաստանի իշխանությունները հակառուսական ինչ-որ բան կազմակերպելու ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտություն պարզապես չունեն:

Երբ Աստված ցանկանում է պատժել մեկին, նախ նրա խելքն է առնում: Նույնը՝ պետության պարագայում:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930