Կալիումը ֆոսֆատի տեսքով առկա է մկանային հյուսվածքներում, մասնակցում է արյան կարմիր բջիջների ձևավորմանը, գլիկոգենի սինթեզին, սիրտ-անոթային համակարգի գործունեությանը։ Կալիումի պակասը կարող է բացասաբար անդրադառնալ նյարդերի, մկանների, սրտի առողջության վրա։
Ինչպես պարզել՝ ունի՞ արդյոք օրգանիզմը կալիումի դեֆիցիտ
Կալիումի անբավարարության մասին կարող են հուշել հետևյալ ախտանշանները․
1․ Հոգնածության ու թուլության զգացումը
Կալիումի անբավարարության առաջին նախանշանները կարող են լինել՝
Կարդացեք նաև
- մկանային ցավերը,
- ջղակծկումները,
- անսովոր թուլությունը։
Կալիումի պակասը խոչընդոտում է բջիջների էներգետիկ հավասարակշռության արագ վերականգնմանը, ինչի արդյունքում մկանները դժվարությամբ են կրճատվում։
Թուլությունը, կծկումների, մկաններում ծակծկոցի ու թմրածության զգացումը հուշում է, որ կալիումն օրգանիզմում գնալով անբավարար է դառնում։
2. Սրտի անկանոն ռիթմը
Կալիումի շարունակական անբավարարությունը կարող է սրտի աշխատանքի խանգարումների պատճառ դառնալ։ Առաջին ախտանշանը կարող է լինել սրտի անկանոն զարկը՝ առանց ակնհայտ պատճառի, օրինակ՝ առօրյա սովորական գործերով զբաղվելիս։ Որոշ դեպքերում կալիումի պակասի պատճառով սրտի զարկն արագանում է, որոշ դեպքերում էլ դանդաղում՝ հանգեցնելով գլխապտույտների առաջացման։ Սրտի անկանոն ռիթմը կարող է ուղեկցվել օդի անբավարարության զգացումով, կրծքավանդակի ցավով ու քրտնարտադրությամբ։
Կալիումի խրոնիկական անբավարարությունը կարող է փոփոխություններ առաջացնել երիկամներում՝ խաթարելով այդ օրգանի գործառույթները։
3․ Զարկերակային բարձր ճնշումը
Մարդու զարկերակային ճնշման բարձրացման վրա մի քանի գործոններ են ազդում, այդ թվում՝
- ժառանգական նախատրամադրվածությունը,
- քաշը,
- աղի օգտագործումը և այլն։
- Կալիումի պակասը նույնպես կարող է գործոն լինել։
Կալիումի ինչպես բարձր, այնպես էլ ցածր մակարդակը զարկերակային ճնշման տատանման պատճառ կարող է դառնալ։
4․ Ջղակծկումները
Մարդու մկանների թուլացումներն ու կծկումները ուղիղ կապ ունեն կալիումի հետ։ Երբ մեր օրգանիզմում կալիումի (ինչպես նաև մագնեզիումի) պակաս կա, մկանները դժվարությամբ են թուլանում՝ մնալով կծկված։ Շատերին ծանոթ ոտքերի ջղակծկումները կարող են հուշել օրգանիզմում կալիումի մակարդակը ստուգելու անհրաժեշտության մասին։
Կալիումով հարուստ մթերքներ
Բուսական ծագում ունեցող մթերքներից կալիումով հարուստ են լոլիկը, հազարը, շաղգամը, թրթնջուկը, նեխուրը, վարունգը, սմբուկը, բազուկը, ձիթապտուղը, հաղարջը, ծիրանը (հատկապես ծիրանաչիրը), ընդեղենը։
Կալիումի բարձր պարունակությամբ հատկապես առանձնանում են հետևյալ մթերքները՝
Մանգոլդ (թերթավոր ճակընդեղ)
- 100 գ մանգոլդը 380 մգ կալիում է պարունակում։ Այն հարմար է աղցաններ ու սմուզիներ պատրաստելու համար։
Բանան
- Այս միրգը կալիումի հարուստ աղբյուր է, 100 գ բանանը 370 մգ կալիում է պարունակում։
Կարտոֆիլ
- 100 գ կարտոֆիլը 418 մգ կալիում է պարունակում։ Հանքանյութը լավ է պահպանվում շոգեխաշած կամ ջեռոցում պատրաստված կարտոֆիլի կազմում։
Կաղամբ
- 100 գ կաղամբը 450 մգ կալիում է պարունակում։
Ավոկադո
- 100 գ ավոկադոն 487 մգ կալիում է պարունակում։
Սպանախ
- 100 գ սպանախը 554 մգ կալիում է պարունակում։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից։