Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեւանշիստ» բառը եւ դրա ժամանակակից կիրառումը

Նոյեմբեր 29,2022 10:00

«Ռեւանշիստ» հասկացության իմաստը եւ քաղաքական բացասական կանոտացիան, կարծում, եմ պարզ է. պարտվե՞լ ես, հանգիստ նստիր տեղդ, մի՛ ձգտիր նոր կռվի, ռեւանշի, միեւնույն է՝ նորից պարտվելու ես: Այդ բառն ինձ ծանոթ է մանկուց. 1960-ական թվականներին սովետական քարոզիչները «Բոննի ռեւանշիստ» էին անվանում արեւմտագերմանացի որոշ քաղաքական գործիչների, հատկապես՝ քրիստոնյա-սոցիալիստներին եւ քրիստոնյա- դեմոկրատներին, որոնք կասկածվում էին ԽՍՀՄ-ի դեմ նոր պատերազմ սկսելու մտադրության մեջ: Այդպես շարունակվեց մինչեւ 1970-ականների սկիզբը, երբ սոցիալ-դեմոկրատ Վիլլի Բրանդտը կարողացավ համոզել «սովետներին», որ Դաշնային Գերմանիան ռազմական ճանապարհով «ռեւանշի» հասնելու ծրագրեր չունի: Բայց պետք է հաշվի առնենք, որ դրանից 20 տարի հետո գերմանացիները կարողացան լուծել իրենց հարցերը: Ես կդժվարանամ դա «ռեւանշ» անվանել, բայց այդ դասը, կարծում եմ, մեզ համար ուսանելի է:

Հայաստանում նույնպես «ռեւանշիստ» բառը բավականին հաճախ է հնչում: 1998 թվականի իշխանափոխությունից հետո քոչարյանականներն այդպես էին պիտակավորում նախկին, այսինքն՝ ՀՀՇ-ական իշխանություններին՝ թալանել եք, կողոպտել եք ժողովրդին, մութուցուրտ եք սարքել, իսկ հիմա նորից իշխանությո՞ւն եք ուզում: «Ռեւանշիզմի» մեջ մեղադրվում էր ցանկացած քաղաքացի, որը համարձակվում էր Քոչարյանին մեղադրել որեւէ բանի մեջ: Անգամ «հոկտեմբերի 27»-ը նման քարոզիչները փորձում էին բարդել «ռեւանշիստների» վրա: Ինչպես հայտնի է, պաշտպանության լավագույն ձեւը հարձակումն է:

Այսօր նույնպես «ռեւանշիստ» բառը հաճախ ենք լսում, ընդ որում՝ երկու աղբյուրից: Հայաստանի իշխանությունների քարոզչությունը «ռեւանշիստ» է կոչում նրանց, ովքեր 2018 թվականին հեռացվել են իշխանությունից: Փաստարկները նույնն են, ինչ որ քոչարյանականների մոտ, գումարած՝ 2020 թվականի պարտության մեջ «նախկինների մեղավորությունը»: Քաղաքականության մեջ կարեւոր է ասել ոչ թե ճշմարտությունը, այլ այն, ինչին զանգվածները հավատում են:

Ադրբեջանի իշխանությունները «ռեւանշիստ» են անվանում հայաստանյան այն գործիչներին, որոնք, իրենց կարծիքով, ցանկանում են նոր պատերազմ սկսել՝ չնայած իրականում ոչ ոք նման ցանկություն չի հայտնում: Եվ ահա անցած շաբաթ ադրբեջանցիները սկսեցին նույն պիտակն օգտագործել՝ նկատի ունենալով Վարդան Օսկանյանի հնարավոր նշանակումը Արցախի արտգործնախարարի պաշտոնում: Դա, ըստ այդ խեղված տրամաբանության, նշանակում է, որ Արցախում իշխանության ուզում են գալ «ռեւանշիստները»: Ինքը՝ պարոն Օսկանյանը, չհերքելով եւ չհաստատելով իր նշանակվելու մասին լուրը, գրել է, որ, հավանաբար, դա ասելով, Բաքուն նկատի ունի, որ Հայաստանի նախկին արտգործնախարարը կողմ է Արցախի բնակչության ինքնորոշման սկզբունքին: Սկզբունք, որի մասին վերջին երկու տարում Հայաստանի իշխանությունները գերադասում են լռել: Բայց ինքնորոշման իրավունքը «ռեւանշիզմի» հետ կապ չունի:

Ինչ մնում է Վարդան Օսկանյանի նշանակմանը, ապա անկախ քաղաքական համակրանքներից եւ հակակրանքներից, եթե նման բան տեղի ունենա, ապա, իմ կարծիքով, այդ քայլը կարելի է միայն ողջունել: Դա ավելի ծանրակշիռ է դարձնելու Արցախի կառավարությունը եւ, հետեւաբար, Արցախը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    Եւս մի քիչ, շատ քիչ, եւ ինչ մնում է Ռոբերտ Քոչարյանին, ապա անկախ քաղաքական համակրանքներից եւ հակակրանքներից՝ նրա քայլը կարելի կլինի միայն ողջունել: Դա ավելի ծանրակշիռ է դարձնելու Հայաստանի կառավարությունը եւ, հետեւաբար, Հայաստանը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ…

    Խորհրդային ժամանակների մի հին երգ կար՝
    «Еще немного, еще чуть-чуть, последний бой он трудный самый…»

    այսպիսի զարմանահրաշ տողերով.
    Четвертый год нам нет житья от этих фрицев,
    четвертый год соленый пот и кровь рекой…

    Իսկ մինչ այդ, մեր այս մեծարգո «ֆրիցը» իր կիրթ ու կառուցողական (դե՝ ցեղասպան, էլի) յոլդաշի հետ նորից պատերազմ է պայմանավորվել: Ինչպես մեծարգո հողատուի երբեմնի ընկեր Լեւոն Զուրաբյանն է ասում՝ պատերազմով զիջելու տեխնոլոգիան նունն է մնացել. սկզբում խրոխտ հայտարարություններ, հետո «հուսահատ կռիվ» տնից բերած զրահաբաճկոնով, աշոտիկով-էռատուով-բանով, վերջում էլ՝ կապիտուլյացիա 20-30-100-200 հազար «փրկված» կյանքերով…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930