Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերին:
Ինչպես ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ՝ կողմերը քննարկել են Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը և դրանից բխող հարցեր, տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հարցը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և այլն:
Հանդիպմանը Բայրամովը նշել է, որ Հայաստանը մինչ օրս չի կատարել 2020թ. նոյեմբերի 10-ի պայմանագրով ստանձնած պարտավորությունները և «լիարժեք դուրս չի բերել իր զինվորականներին Ադրբեջանի տարածքից»: Նա նաև նշել է «Հայաստանի ոչ կառուցողական գործողությունները կանխելու» կարևորությունը:
Բայրամովը նաև Ռիքերին պատմել է Ղարաբաղի հայ հասարակությանը ադրբեջանական հանրության մեջ վերաինտեգրելու Բաքվի մոտեցման մասին:
Կարդացեք նաև
Ռիքերն իր հերթին վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ բոլոր միջոցներով նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա նաև ընդգծել է խաղաղության պայմանագրի տարրերի շուրջ տարվող բանակցությունների կարևորությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ