Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեվերջին սննդի անվտանգության տեսչական մարմինն աշխատում է արտակարգ ռեժիմով. «Այն սնունդը, որը վաճառվում է փողոցում, ամեն տեսակի հսկողությունից դուրս է»

Նոյեմբեր 28,2022 22:09

Վանաձորում արդեն իսկ սկսվել է նախատոնական առեւտուրը: Շուկայում աշխատող մսավաճառներից Մանվելն ասում է, որ քանի որ այս պահին մսի գինը փոքր-ինչ էժան է, քաղաքացիներն արդեն իսկ սկսել են գնումներ կատարել:

Նա նաեւ վստահեցնում է, որ իրենք մսի պահպանման ու մատակարարման կանոններին հետեւում են: Միաժամանակ հավելում է, որ այսօր գյուղացին անասունը սպանդանոց հասցնելու խնդիր ունի. «Վաճառվող մսի մեծ մասը սպանդանոցային է: Բայց սպանդանոցները չեն հասցնում մեր ուզած միսը տան: Որովհետեւ, եթե մեզ պետք է 100 կգ ընդունենք, որ 2 օրում ծախենք, իրենց մոտինը 200 կգ-անոց են: Բացի այդ՝ մեծ մասն էլ կովեր են, ջահել ցուլիկի որակով միս իրենք չեն ապահովում,- ասում է Մանվելն ու շարունակում, որ փողոցային առեւտուրն էլ իր հերթին է խանգարում իրենց. «Փողոցային առեւտուրը մեզ շատ է խանգարում: Հիմնական թանկացումը հենց իրենք են բերում: Թե ո՞նց են մորթում, ի՞նչ են անում, ինչի՞ վրա են ծախում՝ փոշու միջից, կապոտի միջից, բագաժնիկի վրայից ու կեղտոտ ձեռքերով, առանց թղթի վաճառում են»:

Սննդի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կառույցի ներկայացուցիչ Կամո Սողոյանն ասում է, որ իրենք վերահսկողություն չունեն փողոցային առեւտրի նկատմամբ. «Ֆիզիկական անձանց կամ այսպես ասած փողոցային առեւտրի նկատմամբ մենք իրավասություն չունենք գործողություն անելու, ստուգելու կամ վերահսկողություն իրականացնելու: Փողոցային առեւտրի ստուգման իրավասությունը տրված է ՏԻՄ-ին եւ ոստիկանությանը: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում տնտեսվարողների մոտ, որոնք գրանցված են որպես տնտեսվարողներ»:

Ամանորին ընդառաջ սննդի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնն ուժեղացված վերահսկողություն է սկսել իրականացնել՝ սննդամթերքի արտադրման, տեղափոխման, պահպանման ու իրացման գործառույթներում:

Վերահսկողությունն իրականացվում է տարվա ընթացքում կազմած պլանի համաձայն. «Մենք ունենք ստուգումների ժամանակացույց, որտեղ նախատեսված են տնտեսվարողներ, որոնց մոտ պետք է այդ տարվա ընթացքում վերահսկողություն իրականացնել: Ստուգումները կատարվում են ստուգումների մասին օրենքով նախատեսված ձեւաչափով: Իսկ խախտումներ լինելու դեպքում կատարվում է իր համապատասխան ընթացքով»,- ասաց ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի պետ Կարո Սողոյանը:

Իսկ եթե ստուգումների արդյունքում բացահայտում են, որ սննդամթերքներն արտադրվում են սանիտարահիգիենիկ վատ պայմաններում, արտադրությունը կասեցվում է. «Տրվում է իրենց ժամանակ՝ խախտումները վերացնելու համար: Դրանք վերացնելուց հետո դիմում են մեր ծառայությանը, մեկ անգամ եւս իրականացնում ենք ստուգում եւ, պարզելով, որ ինքը խախտումները վերացրել է, ծառայության պետի հրամանի հիման վրա թույլատրվում է աշխատել: Նույն ընթացքով վերահսկողություն եւ մշտադիտարկումներ են իրականացվում նաեւ սպանդանոցներում»:

Սողոյանն ասում է, որ տեսչությունը տարեվերջին ընդառաջ աշխատում է արտակարգ ռեժիմով, միաժամանակ բնակչությանը կոչ է անում՝ լինել ավելի զգոն եւ ուշադիր. «Հորդորս եւ խնդրանքս մեր ազգաբնակչությանը, որպեսզի այդ օրերին պատահական տեղերից չգնեն սնունդ: Ամեն դեպքում այն սնունդը, որը որ վաճառվում է փողոցում, ինքն ամեն տեսակի հսկողությունից դուրս է: Եվ կարող է ամեն բան պատահել»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930