Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային պայմանավորվածությունները, որի
հետևանքով կրկին ունենք վիրավորներ։ Հրատապ գրություններ եմ պատրաստում
միջազգային գործընկերներիս, որոնց, ի դեպ, օրեր առաջ ահազանգել եմ, որ
թուրք-ադրբեջանական տանդեմը հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի
համար։
Այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով
հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հակառակորդի կողմից հրադադարի
խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ.
Վ.-ն։
Ադրբեջանի հանցավոր վարքագիծը կրում է շարունակական բնույթ։ Կրկին
ահազանգում եմ միջազգային բոլոր իրավասու օղակներին՝ անպատժելիությունը
ծնում է նորանոր հանցագործություններ Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի խաղաղ
բնակչության, ուստի միջազգային հանրության կողմից համապատասխան
իրավաքաղաքական մեխանիզմների գործարկման հրատապ անհրաժեշտություն է առկա՝ ի
պաշտպանություն Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան