Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավտոմեքենաների խլացուցիչների կատալիտիկ չեզոքացուցիչների՝ թանկարժեք մետաղներ պարունակող կերամիկական թափոնների արտահանման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել

Նոյեմբեր 28,2022 18:19

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ստացվել են տվյալներ ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիտիկ չեզոքացուցիչների (катализатор) թանկարժեք մետաղներ պարունակող կերամիկական թափոնների  արտահանման, ինչպես նաև այդ գործընթացում և թափոնների առուվաճառքի ոլորտում առկա խնդիրների մասին, ինչի կապակցությամբ նախաձեռնվել և իրականացվել են վերահսկողական գործառույթներ: Արդյունքում պարզվել է, որ 2018-2022 թվականների ընթացքում 11 կազմակերպությունների կողմից ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ արտահանվել է ավելի քան 381 տոննա կերամիկական թափոններ: Նշված ժամանակահատվածում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպությունների կողմից կերամիկական թափոնների արտահանման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված հայտերի փաթեթներում առկա տեղեկությունների արժանահավատությունը չի գնահատել և տրամադրել է արտահանման լիցենզիաներ այն պարագայում, որ նշված թափոնների ձեռքբերման, ինչպես նաև որպես վաճառքի գին նշված արժեքները եղել են շուկայական նվազագույն արժեքներից էական՝ մոտ 10 անգամ պակաս:

Լիցենզիա ստանալու համար կազմակերպությունների կողմից ներկայացվող հայտերին կից փաստաթղթերի փաթեթներում առկա փորձագիտական եզրակացությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թանկարժեք մետաղների քանակությունները էականորեն պակաս են ներկայացված, բացի այդ թանկարժեք մետաղների գների աճին զուգահեռ եզրակացություններում համապատասխանաբար նվազ են ներկայացվել թանկարժեք մետաղների քանակները, ինչի արդյունքում արտահանվող ապրանքի արժեքը մնացել է նույնը:

Ընդ որում փորձագիտական եզրակացությունները, որոնք ներառվել են  մաքսային  մարմնին ներկայացված փաստաթղթերի փաթեթներում, արտահանման ենթակա ապրանքների ողջ ծավալի և խմբաքանակի կազմը և հատկանիշները չեն բնութագրել, սակայն մաքսային մարմնի կողմից կերամիկական թափոնների արտահանման գործընթացի և լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների ու դրանց պահպանման նկատմամբ պատշաճ մաքսային հսկողություն չի իրականացվել և երբևէ մաքսային փորձաքննություններ չեն նշանակվել:

Բացի այդ, թվով 87 դեպքերում կերամիկական թափոնների արտահանումն իրականացվել է առանց ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պետական վերահսկողական ակտի, իսկ թվով 66 դեպքերում արտահանման փաթեթներում ներկայացված պետական վերահսկողության ակտերը չեն բնութագրել արտահանման ենթակա ապրանքի ողջ ծավալի և խմբաքանակի կազմը և հատկանիշները։

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է նաև, որ 2015-2018 թվականների ընթացքում 2 կազմակերպություններ՝ առանց արտահանման լիցենզիայի և պետական վերահսկողական ակտի 22 խմբաքանակով ՀՀից երրորդ երկրներ են արտահանել շուրջ 28 տոննա կերամիկական թափոններ:

2018-2022 թվականների ընթացքում ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ արտահանման փաստաթղթերով ներկայացված իրականությանը ակնհայտ չհամապատասխանող արժեքների փոխարեն  շուկայական նվազագույն գներով հաշվարկի դեպքում արտահանված կերամիկական թափոնների ընդհանուր արժեքը կկազմեր շուրջ 26 մլրդ. ՀՀ դրամ, որի գծով պետք է առաջանար մոտ 5,5 մլրդ. ՀՀ դրամի հարկային պարտավորություն:

Արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ներկայացվել են համապատասխան առաջարկություններ՝ ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930