Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր կմասնակցեն Գյումրիում Վ․ Սպիվակովի համերգին․ լեզվակռիվ ավագանու անդամի և Գյումրու քաղաքապետի միջև

Նոյեմբեր 28,2022 17:58

Վաղը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովը՝ իր ղեկավարած Ռուսաստանի Դաշնության ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

Գյումրիում սրտատրոփ սպասում են նրա համերգին։ Տոմսերը վաճառվում են թատրոնի դրամարկղից, սակայն այսօր Գյումրու ավագանին՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, հաճելի մի անակնկալ արեց Գյումրիի երաժշտական դպրոցների սաներին ու նրանց ուսուցիչներին։

Ավագանին իր հրավիրած արտահերթ նիստի ժամանակ որոշեց քաղաքի բյուջեից 200 տոմս գնել՝ 2 միլիոն դրամ փոխանցելով․ տոմսի արժեքը 10 հազար դրամ է։

 

Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանը հորդորեց տոմսերը բաժանել իրական հասցեատերերին։

«Դուք կարող եք ավագանու անդամներին այդ տոմսերը չտալ, բայց հետևողական լինենք, որ իրոք արվեստի հաստատություններում սովորող մեր երեխաներին հասնի, նախևառաջ երեխաներին։ Մեծ մտավախություն ունեմ, երբ «Երևանի օրերը Գյումրիում» միջոցառումը կազմակերպվեց, նախատեսված տոմսերի մի մասը բաժանվել էին անհայտ մարդկանց, ինձ համար անհայտ մարդկանց, տոմսերը նստատեղերի քանակից ավելի էլ էին բաժանվել, բայց հետո քաղաքում մի վատ ալիք անցավ։ Միջոցառումն անում եք դուք, պատասխան ենք տալիս մենք, որովհետև մարդիկ շփվում են ավագանու անդամների հետ։ Խնդրած կլինեմ՝ նույնիսկ ավագանու անդամներին մի տվեք, բայց խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքը բացառենք»,- հորդորեց ավագանու անդամը։

Արման Բաղդասարյանի խոսքն ակնհայտորեն դուր չեկավ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին, վերջինս ընդհատեց նրան ու հետաքրքրվեց․ «Շաբաթական քանի՞ մարդու հետ ես հանդիպում, որ ասում ես՝ մե՛նք ենք շփվում»։

Արման Բաղդասարյանը նշեց, որ հնարավոր է նման հարցերի դեպքում մարդկանց հետ կենդանի շփում չլինի, նրանք առցանց շփվեն ու դժգոհեն։

Քաղաքապետն ասաց․ «Բոլորի համար դուռը բաց է, ընդունում եմ, չհաշված ամեն շաբաթ ընդունելություն կա»։

Մի պահ այլևս ոչինչ չէր հասկացվում այս խոսակցությունից, քանի որ քաղաքապետն ու ավագանու անդամը միաժամանակ խոսում էին։

Արման Բաղդասարյանը շարունակեց․ «Կներեք, մարդը չի գա, չի հասնի ձեր սենյակ, ասի՝ ամոթ չարեցի՞ք, ինձ տոմս եք տվել, չկարողացա ներս գալ։ Խոսքս այն մասին է, որ այդ բոլոր երևույթները բացառենք ու իրոք այդ 200 տոմսը հասցնենք մարդկանց, որոնք որ պետք է գնան»։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ասաց․ «Բաղդասարյան, կհասցնենք»։

Արման Բաղդասարյանը, սակայն, նախազգուշացրեց, որ գրավոր կդիմի ու կտեղեկանա՝ մշակութային որ ՀՈԱԿ-ին քանի տոմս են հատկացրել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930