2022 թվականի նոյեմբերի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 73 հաղորդում, որից 52-ը հանցագործության մասին է, դրանցից 50-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
Բացահայտվել է վիճաբանության և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գրանցված 7 դեպք, ևս մեկ դեպք՝ Ասկերանի շրջանում բռնաբարության փորձի մասով: Անբացահայտ է մնացել համակարգչային հանցագործություն բնութագրմամբ 1 դեպք:
Շրջակա միջավայրի պահպանության և ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքում՝ ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է ապօրինի ծառահատման 3 դեպք:
Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:
Կարդացեք նաև
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 7 դեպք:
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք կամովին հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի:
Շաբաթվա ընթացքում սահմանային 3 միջադեպ է գրանցվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում: Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, դաշտավայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակ է բացվել քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Կրակոցների պատճառով աշխատանքները դադարեցվել են: Տեղեկությունները տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուներին:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, 7 օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, որից 23-ը՝ նյութական վնասով, 5-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի:
Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 44 դեպք, 21 վարորդ եղել է անսթափ վիճակում, 263-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
Շաբաթվա ընթացքում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները վերահսկել են Հանրապետության օպերատիվ իրավիճակը, պահպանել կայուն հասարակական կարգ ու կանոն:
Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման նպատակով, ոստիկանությունը 24 ժամ շարունակ ծառայություն է իրականացնում Արցախի ողջ տարածքում, մշտապես համագործակցելով ինչպես Արցախի՝ այնպես էլ ՀՀ իրավապահ կառույցների հետ:
Հերթապահ մաս՝1-02, /047/ 94-02-07
ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն՝55-02, 047/94-02-17
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն