Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Նորաբակ բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժիրայր Մկրտչյանը պաշտոնավարման տարիններին թույլ է տվել չարաշահումներ՝ մասնավորապես որպես գրադարանավար հրամանագրված Ք .Համբարձումյանի, պահակներ հրամանագրված Ա. Սեյրանյանի եւ Ա. Եղիազարյանի՝ ժամանակ առ ժամանակ աշխատանքի չհաճախելու, ՀՀ-ից բացակայելու պարագայում նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ:
Ըստ նույն աղբյուրի, պարզվել է, որ Ք .Համբարձումյանը, Ա. Սեյրանյանը, Ա. Եղիազարյանը 2006-2019թթ տարբեր ժամանակահատվածներում բացակայել են ՀՀ-ից, իսկ Ժ. Մկրտչյանի կողմից 2019թ. նոյեմբերի 8-ին կազմված տեղեկության համաձայն՝ Ա. Եղիազարյանը որպես պահակ հրամանագրվել է 01.11.2016թ. և աշխատանքից ազատման վերաբերյալ տեղեկություն առկա չէ, մինչդեռ 26.11.2022թ. ստացված գրության համաձայն վերջինս 01.05.2019թ. ազատվել է աշխատանքից, իսկ 01.09.2019թ. նորից հրամանագրվել որպես պահակ:
Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Aravot.am-ը մեկնաբանություն ստանալու համար կապվեց Նորաբակի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժիրայր Մկրտչյանի հետ: «Պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մարդիկ աշխատում են, աշխատել են, իսկ ինչ վերաբերվում է Ասքանազ Եղիազարյանին, որը 2019-ին ազատվել է աշխատանքից, հետո մի քանի ամիս անց կրկին ընդունվել աշխատանքի, բնականաբար այդ ժամանակահատվածի համար նա որեւէ լումա չի վճարվել»,-հավաստիացրեց դպրոցի տնօրենը։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից