Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ փաստաթուղթը չի ընդունվել․ նշանակում է, որ ՀՀ ղեկավարությանը բանի տեղ չեն դրել»․ Սեյրան Օհանյան

Նոյեմբեր 28,2022 15:56

ՀԱՊԿ խորհրդի նիստում նոյեմբերի 23-ին ՀՀ-ին օգնություն տրամադրելու առնչությամբ քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այդ տեսքով ինքը պատրաստ չէ ստորագրել այդ փաստաթղթերը։ «Դա շատ վատ է Հայաստանի համար»,-կարծում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նա ասաց․ «ՀՀ-ն նախագահում է ՀԱՊԿ-ում եւ այդ տարում չի կարողացել համաձայնեցնել այն փաստաթուղթը, որն ինքն է ուզում ու գագաթնաժողովի ընթացքում ասում է, որ համաձայն չէ ստորագրել։ Եթե փաստաթուղթը ներկայացվել է, ուրեմն պետք է ստորագրվեր։ ՀԱՊԿ-ում կա ավանդույթ․ ղեկավարող երկրի համար նպաստող փաստաթղթեր են ընդունվում։ Չի ընդունվել, իսկ դա նշանակում է, որ ՀՀ ղեկավարությանը բանի տեղ չեն դրել»։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ նախկին իշխանությունը ՀԱՊԿ-ի հետ լրջորեն աշխատել էր եւ կառույցը գնահատական էր հրապարակել 2016թ․-ի ապրիլյան ռազմական գործողությունների առնչությամբ՝ ընդգծելով ուժի չկիրառման սկզբունքը, Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների անհրաժեշտությունը․ «Երբ գալիս ես իշխանության եւ փչացնում երկկողմ հարաբերությունները բոլորի հետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ձերբակալում, ապա վերաբերմունք ես ցույց տալիս կառույցի հանդեպ։ Սա անընդունելի է ռազմաքաղաքական կառույցների ներքին պայմանավորվածությունների համատեքստում»։

Հարցին՝ եթե նշյալ փաստաթղթով Ադրբեջանն ագրեսոր ճանաչվեր, ապա դա ի՞նչ հետեւանք կունենար, Սեյրան Օհանյանը պատասխանեց․ «Այն, որ Ադրբեջանն ագրեսոր է եւ ագրեսիայով բռնազավթել է Արցախի եւ ՀՀ-ի տարածքները, բոլորը գիտեն։ Բայց ուժի կիրառման հետ կապված հարցերում ՀԱՊԿ-ին մեր տարածաշրջան ներքաշելն ավելի մեծ բախումների կարող է հանգեցնել։ Լուրջ մարդը փորձում է իր երկիրն ուժեղացնել՝ ուշադրություն չդարձնելով ոչ մի բանի վրա, իսկ մեր իշխանությունն ասում է՝ ամեն ինչ տանք, որ խաղաղություն լինի, եւ մյուս կողմից դատապարտում է ՀԱՊԿ-ին, գնում ներքին պայմանավորվածությունների, Սյունիքից հայկական ուժերը հետ քաշում 20 կիլոմետրով, ոչինչ չի անում ադրբեջանցիներին հետ շպրտելու համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930