Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է ծեծ կերել, հլը թող մեկը կանգնի ասի, 20 հոգով 70 հոգու դեմ որ կռվում են, դա նշանակում է ծե՞ծ եմ կերել, էդ ասողին հլը մյուս անգամ բեր կողքս». Արթուր Խաչատրյան

Նոյեմբեր 28,2022 15:50

«Մենք եղել ենք ե՛ւ փողոցում, ե՛ւ խորհրդարանում: Խորհրդարանն ու փողոցը երբեք իրարից չենք բաժանել: Մենք մեր ռեսուրսների սահմաններում, նաեւ այլոց հետ քննարկելով՝ փորձում ենք պայքարել: Այլընտրանքային ճանապարհ չկա»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա ասաց, որ այսօր գյուղատնտեսությունը անկում է ապրում, խաղողը երբեք այսքան էժան չի մթերվել. «110 դրամ թղթի վրա 80 դրամ իրական գին է: Էկոնոմիկայի նախարարությանը ձեռք է տալիս քանդել, որ գնան իր menu.am-ում առաքիչ աշխատեն: Թուրքիայից ապրանք կբերեն, պիցցա կթխեն, կառաքեն, թուրքերի հետ մոտ են»:

Դիտարկմանը, որ Լարսում մեր վարորդները լուրջ խնդրի առաջ են, ամեն մի պատգամավորը 5 նախարար արժի, խեղդեք, թող նախարարը գա, պատասխան տա՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Նախարարը, ինչքան էլ իրեն հարց տաք, կասի՝ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Արդյունք չկա: Ու չկա ոչ թե նրա համար, որ քիչ ենք խեղդում, խեղդելու դիամետրը քիչ եք պահում, մարդը ի վիճակի չի այդ հարցը լուծել: Այսինքն, խեղդես, չխեղդես՝ մեկ է»:

Ըստ Արթուր Խաչատրյանի, Լարսի հարցը պետք է Երեւանից լուծել, ոչ թե Լարս գնալ ու վարորդների ձեռքը բռնել, դա նկարվելու համար է. «Պետք է Վրաստանի հետ խոսել: Հիմա Վրաստանի հետ հարաբերությունները սուտ են ասում, թե լավ են, աննախադեպ վատ են, ոչ թե լավ»:

Դիտարկմանը, որ ինչո՞ւ Դիմադրության շարժման նախորդ ձախողած փորձերից հետեւություններ չեն արվում, քննադատությունները չեն ընդունում՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց, որ շարժման շնորհիվ է, որ Փաշինյանը Ադրբեջանի հետ փաստաթուղթը չի ստորագրել. «Բազմաթիվ հարցերով կառավարությանը նեղում ենք: Ներկայացնում ենք մեր առաջարկությունները: Մի մասին դա դուր է գալիս, մի մասին դուր չի գալիս»: Ըստ նրա, եթե իրենց շարժման ձախողումը համարում են այն, որ Փաշինյանին պաշտոնանկ չեն արել, կարելի է այդ քննադատությունն ընդունել, բայց ակնկալել, որ Փաշինյանը 1-2 տարի հետո չի լինելու՝ չափազանցություն է. «Այդ մարդը հասարակության մեջ ունի հենարան՝ մեծ, փոքր, բայց ունի»:

Երբ փոխանցվեց, որ ընդդիմություն էլ ուներ հենարան, բայց մարդիկ ասում են՝ խորհրդարանում ծեծ կերան, արդեն վախեցած են իրենց պահում՝ Արթուր Խաչատրյանը բորբոքվեց. «Ո՞վ է ծեծ կերել, հլը թող մեկը կանգնի ասի, 20 հոգով 70 հոգու դեմ որ կռվում են, դա նշանակում է ծե՞ծ եմ կերել: Էդ ասողին հլը մյուս անգամ բեր կողքս, թող նայի իմ երեսին ու ասի նման բան: Ասողին կանչի, թող նայի աչքերիս: Սո՛ւտ է ասում, որովհետեւ երբ 20 հոգին 70 հոգու դեմ կռվում են, դա չի նշանակում վախեցած են: Ինքը էդքան մտահոգ էր, թող գար կանգներ ԱԺ-ի դռան դեմը, էդ 70-ից մեկի հետ էլ ինքը կռիվ աներ: Խոսելով չի, է՛: Խոսում են, թե՝ վախեցած են: Այդ քաջը, որին դու եթեր ես տվել, թող գար կանգներ ԱԺ-ի դեմը, մի հատ պատգամավորի թթու խոսք ասեր: Մենք վախեցած լինեինք, մանդատները կհանձնեինք, երկրից կփախնեինք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930