Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ «Ես էլ եմ մարզպետ եղել եւ ուզում եմ պատկերացնել` արձագանքը ինչպիսին կլիներ, եթե իմ ազգականներից մեկը զենք ունենար կամ ապօրինի զենք կրեր»

Նոյեմբեր 28,2022 15:27

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում վերլուծելով, իր բնորոշմամբ՝ «ադրբեջանաթուրքական հեղափոխությունից» հետո Հայաստանի ներսում տարբեր ժամանակներում տեղի ունեցող իրադարձությունները` ասաց, որ իշխանությունները փորձում են վախի մթնոլորտ սերմանել հասարակության մեջ. «Տեսեք, Գյումրիում երբ դաշնակցության երիտասարդներին պատասխանատվության էին ենթարկում, այդ ժամանակ խոսում էին, չէ՞, որ Գյումրիի ճանապարհին այդ սադրանքի կազմակերպիչն ու ընդհանուր կոորդինատորը, որ անձամբ է տեղում եղել եւ ղեկավարել, եղել է մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը: Հիմա նրա եղբորը տարել են ոստիկանություն` ապօրինի զենք կրելու համար: Պատկերացնո՞ւմ եք, որ մինչեւ ադրբեջանաթուրքական հեղափոխությունը Հայաստանում մի որեւէ մարզպետի եղբայր զենքով շրջեր: Ես էլ եմ մարզպետ եղել եւ ուզում եմ պատկերացնել` արձագանքը ինչպիսին կլիներ, եթե իմ ազգականներից մեկը զենք ունենար կամ ապօրինի զենք կրեր»,-ասաց նա:

Էդգար Ղազարյանը կոնկրետ օրինակներով համեմատեց նաեւ Հայաստանի ներսում քաղաքացիների եւ երկրի սահմանների պաշտպանվածության աստիճանները եւ եզրակացրեց. «Հայաստանի ներսում միակ պաշտպանված տարածքը երկրի ղեկավարի մարմինն է: Մնացած ամեն ինչը խոցելի է: Ու ինքն էլ կայացնում է որոշումներ, որոնք մեզ տանում են դեպի կործանում:

Տեսեք: Ամեն օր պաշտպանության նախարարությունը երկու տիպի պաշտոնական հաղորդագրություն է տարածում: Մեկը, որ առնվազն մեկ ժամ տեւողությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից մեր դիրքերի ուղղությամբ կրակոցներ են եղել, մյուսը, որ հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունները, թե հայկական կողմն էլ է կրակել: Այսինքն, որ մեր կողմը խեղճի պես նստած է այնտեղ, որ մենք չենք կրակում, իսկ մեր վրա անընդհատ կրակում են:

Եթե հիշեք, ժամանակին մեր ՊՆ-ի հաղորդագրությունները երկու հավելյալ նախադասություն ունեին, որոնք հիմա վերացել են: Այն ժամանակ գրվում էր, որ հայկական զինված ուժերի պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռեցվել է, հետո` սահմանի վրա իրադրությունը գտնվում է ՀՀ զինված ուժերի վերահսկողության ներքո: Հենց հիմա, թող մարդիկ մտնեն ու ՊՆ-ի հաղորդագրությունները նայեն: Այդ երկու նախադասությունները ահագին երկար ժամանակ չկան: Այսինքն, պատասխան գործողություններ չե՞ն կիրառվում, սահմանի վրա իրավիճակը հայկական կողմը չի՞ վերահսկում:

Հիմա մեր երկիրն այն վիճակում է, որ այս պահին սահմանին դեռեւս մնացել են սեպտեմբերի 13-14-ին զոհվածների մարմինները: Ու մինչեւ հիմա այդ մարմինների` հայկական կողմին փոխանցելու ոչ մի լուր գոյություն չունի: Դիակները դեռ մնում են մարտական հերթապահության վայրերում, որոնք անցել են հակառակորդի վերահսկողության տակ: Հակառակորդը ներխուժել է Հայաստանի տարածք` մի մետր էլ հետ չի գնացել: Մեր զինվորները, որոնք հիմա Վարդենիսում, Ջերմուկում եւ այլ վայրերում, որոնք 2000 մետր եւ ավելի բարձրության վրա են, ձմեռը մարտական հերթապահություն իրականացնելու պայմաններ չունեն, տեսեք` Երեւանի կենտրոնում սրանք ինչ են անում: Այս պահի դրությամբ մի աղբյուրից, այսինքն, առանց որեւէ մրցույթի, $ 650 հազարի լույսեր են կախում կառավարության պատին: Մեկ հատ սովորական տնակը, ֆեյսբուքում գրում ես` գները բերում է, մոտ $ 3 հազար է: Եթե այդ փոքր բունկերներից, որոնք համ տաք են, համ էլ զինվորները դրանցում պաշտպանված կլինեն, քարով, բետոնով սարքեն, շատ-շատ $ 4-5 հազար կլինի: Դե հիմա հաշվեք, թե այդ 650 հազարով այդպիսի քանի օբյեկտ կարող էին կառուցել ու տանել այդ վայրերում ժամանակավոր տեղադրել:

Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աղմուկ կբարձրանար, եթե այսպիսի բան տեղի ունենար ադրբեջանաթուրքական հեղափոխությունից առաջ: ՔՊ-ից մի նախկին պատգամավոր կար, որն ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի հետեւից հարվածեց, որից հետո տարան ԿԲ խորհրդի անդամ, մինչեւ 2018 թվականը հակակոռուպցիոն գրասենյակում էր աշխատում որպես փորձագետ ու զբաղված էր միայն մեկ աղբյուրից գնումներով: Նախկինում մեկ աղբյուրից գնումները կազմում էին բյուջեի ընդամենը 20-30 %-ը: Հիմա դա հասել է մինչեւ 70% ու այդ մարդու ձայնը, որը մինչեւ ադրբեջանաթուրքական հեղափոխությունը պայքարել է կոռուպցիայի դեմ, սակայն մասնակցել է այդ հեղափոխությանը, դարձել Նիկոլ Փաշինյանի խորհրդական, հետո` ԱԺ պատգամավոր, հիմա էլ ԿԲ խորհրդի անդամ է, ոչ-ոք չի լսում»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930