Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի կողմից ասում ենք, որ Սեւ լճի համար չենք կռվի, մյուս կողմից ՀԱՊԿ-ից պահանջում ադրբեջանցիներին հանել մեր սահմանից»

Նոյեմբեր 28,2022 15:16

«Կուզեի համեմատել ռազմաքաղաքական դաշինքները։ ՆԱՏՕ-ն 7 տասնյակից ավելի պատմություն ունի, եւ դրա ներսում էլ կան խնդիրներ։ Ռազմաքաղաքական դաշինքները ստեղծվում են ոչ միայն արտաքին, այլեւ ներքին խնդիրները համաձայնեցնելու համար։ Նույնը վերաբերում է ՀԱՊԿ-ին, բայց այն ունի պայմանագրային առումով 30, իսկ գործողությունների առումով՝  20 տարվա պատմություն։ ՀԱՊԿ-ի ներսում էլ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Այնպես չէ, որ նախկինում որպես իշխանություն եւ հիմա որպես ընդդիմություն  ՀԱՊԿ-ում մեզ ամեն ինչ դուր է գալիս։ Որոշումների իրականացման ընթացակարգերը կարելի է ավելի արագ իրականացնել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությանը՝ «միակ բանը, որի շուրջ Երևանում չի հաջողվել հասնել միասնական գնահատականի, դա այն իրավիճակն է, որը տարածաշրջանում ստեղծվել է»։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ նախկինում ՀՀ իշխանությունը ստեղծել է ՀԱՊԿ-ի հետ իրավապայմանագրային փաթեթ, զարգացրել կառույցի ռազմական բաղադրիչը․ «Դա առաջնահերթ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն են՝ ըստ ուղղությունների։ Այդ ամենում ուժերի գերակայող մասը ՌԴ-ինն է։ Երկրորդ, խաղաղապահ ուժերի ձեւավորման առումով ՀՀ-ն օրինակելի է ՀԱՊԿ-ում։ ՀՀ-ն է արել ռազմական կոմիտեի նախաձեռնությունը, որը նախկինում ՀԱՊԿ-ում չի եղել։  Որքան էլ աշխատել ենք ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման համար, ամեն դեպքում, գտել ենք, որ ՀԱՊԿ-ը գլոբալ խնդիրների համար է։ Ադրբեջանի հետ հարաբերություններ, սահմանային իրավիճակ, խրամատավորում․ այս ամենով ոչ թե ՀԱՊԿ-ը պետք է զբաղվի, այլ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչը վերջինս չի արել եւ հայտարարում է, թե Սեւ լճի համար չի կռվելու, թե դրանք ձյունածածկ տարածքներ են ու պետք չեն․․․այսինքն, մի կողմից ասում ենք, որ Սեւ լճի համար չենք կռվելու, մյուս կողմից ՀԱՊԿ-ից պահանջում ենք ադրբեջանցիներին հանել մեր սահմաններից։ Որպես զինվորական ինձ մոտ հարց է առաջանում՝ իսկ իշխանությունն ի՞նչ  է արել, որ մեր սահմանները պաշտպանված լինեն»։

Սեյրան Օհանյանը նշեց՝ չի տիրապետում մանրուքներին, թե ՀԱՊԿ-ի հետ բանակցություններում ինչ է առաջարկել ՀՀ իշխանությունը, բայց շարունակում է համարել, որ ՀՀ սահմաններին պետք է կանգնեն հայ զինվորն ու հրամանատարը․ «Ոչ ԵՄ դիտորդական խումբը, ոչ էլ նավերը չեն բարձրանալու մեր սարերը, ոչ էլ ՀԱՊԿ-ից զինվոր է գալու ու մեր փոխարեն խրամատ փորի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930