Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձելու են եղելությունը տուժողների դեմ շրջել»․ պատգամավորը՝ պարեկների հետ միջադեպի մասին

Նոյեմբեր 28,2022 13:43

«Ոստիկանությունից զանգ չեմ ստացել, ինձ հետ կապ չեն հաստատել։ Այն քաղաքացու հետ, որի հետ կապի մեջ եմ եղել, ում հետ զրուցել եմ եւ որի արդյունքում հրապարակում եմ արել, հիմա էլ կապ եմ պահպանում՝ հասկանալու համար դեպքերի զարգացումը։ Իմ մտավախությունն այն է, որ փորձելու են եղելությունը տուժողների դեմ շրջել։ Նման արձագանքներ եւ մեկնաբանություններ ստանում եմ եւ նման միտում եմ տեսնում, ուստի հրավիրում եմ բոլոր իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Լոռու մարզում պարեկների խմբի կողմից երկու քաղաքացու ծեծի ենթարկելու ահազանգին։

Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ չի կարելի թույլատրել, որ հերթական ապօրինությունը շրջվի անմեղ քաղաքացիների դեմ, իսկ ենթադրյալ հանցանք գործողներն անպատիժ մնան։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Քրիստինե Վարդանյանի հրապարակման ներքո հարցադրում էր արել՝ եթե տեսանյութ հրապարակվի ու պարզվի, որ քաղաքացիներն են հարվածել պարեկներին, ներողություն խնդրելո՞ւ է։

Արձագանքելով այս հարցադրմանը՝ Քրիստինե Վարդանյանը նշեց․ «Եկեք արձանագրենք, որ նա պարզապես քաղաքացի չէ, նա անմիջական շահագրգռվածություն ունի հարցի առնչությամբ եւ ընդգրկված է ոստիկանության բարեփոխումների հանձնաժողովում, անհասկանալի կապեր ունի պարեկային ծառայության հետ։ Ինչու եմ այդպես ասում, որովհետեւ իմ գրելուց շատ կարճ ժամանակ անց նա, փաստորեն, հասանելիություն է ունեցել փակ տեղեկատվությանը, կարողացել է տեղեկություններ ստանալ դեպքի մանրամասներից եւ առաջինն է արձանագրել այն սցենարը, որի առնչությամբ հիմա կա մտավախություն, որ ամեն ինչ շրջելու են քաղաքացիների դեմ»։

Ինչ վերաբերում է բուն մեկնաբանությանը, Քրիստինե Վարդանյանի խոսքով․ «Ակնհայտ է, որ եղել է միջադեպ, որի մի կողմում անզեն քաղաքացիներն են, մյուսում՝ հատուկ միջոցներով զինված պարեկներ։ Միջադեպի արդյունքում երկու քաղաքացի, այդ թվում՝ անչափահաս անձ, հայտնվել են հիվանդանոցում վնասվածքներով եւ կոտրվածքներով։ Ոստիկանության կողմից տուժողների մասին տեղեկություններ չունենք։ Հետեւաբար, դատողությունները թողնենք հասարակությանը։ Բայց եթե անգամ ենթադրենք, որ հարձակումը եղել է քաղաքացիների կողմից, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ թվով գերազանցող պարեկների գործը պետք է լինի ինքնադատաստան տեսնե՞լը, լիազորությունները գերազանցող ուժի դիմե՞լը, թե օրենքի ուժով ընթացք տալը։ Ուստի եթե անգամ այն է, ինչ փորձում են ներկայացնել, միեւնույնն է, գործ ունենք լիազորությունների չարաշահման եւ բռնության դեպքի հետ, ինչը չի կարող արդարացնել տեղի ունեցածը։ Սա առաջին դեպքը չէ «ժողովրդավարության բաստիոն» հռչակված ՀՀ-ում, երբ քաղաքացու իրավունքները, այդ թվում՝ կյանքի իրավունքը, կոպտորեն ոտնահարվում են։ Սոնա Մնացականյանի դեպքով եւս մինչեւ օրս չունենք պատժված։ Նույնը տեսել ենք Եռաբլուրում ծնողներին բռնության ենթարկելիս, ինչպես նաեւ դիմադրության շարժման ժամանակ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930