«Արսեն Պետրոսյան քառյակը» նոյեմբերի 15-22-ը Չեխիայում, Շվեյցարիայում, Լատվիայում և Ռումինիայում հանդես եկավ փայլուն ելույթներով՝ ներկայացնելով «Հոգին ճանապարհ» ծրագիրը։
Դուդուկահար Արսեն Պետրոսյանի քառյակի առաջին համերգը կայացավ նոյեմբերի 15-ին Չեխիայի Բռնոյի ֆիլհարմոնիայում։ Այնուհետև, նոյեմբերի 16-ին համերգ անցկացվեց Շվեյցարիայի Բիել քաղաքի մշակույթի տանը, իսկ հաջորդ օրը՝ Ցյուրիխի Կուլտուրմարկտ դահլիճում։ Հաջորդիվ քառյակն ուղևորվեց Լատվիա, որտեղ նոյեմբերի 19-ին Ռեզեկնե քաղաքի Գորս համերգասրահում, իսկ 20-ին՝ Լիեպայա քաղաքի Great Amber համերգասրահում ներկայացրեց հայկական երաժշտություն։ Վերջիններս բալթյան երկրների լավագույն համերգասրահներից են, և այստեղ առաջին անգամ էր հայկական երաժշտություն ներկայացվում։ Շրջագայությունը եզրափակվեց նոյեմբերի 22-ին Ռումինիայում՝ Բուխարեստի ազգային պատկերասրահի դահլիճում Bucharest Early Music երաժշտության փառատոնի շրջանակում կայացած համերգով։
Բոլոր համերգներին, որոնց խորագիրը Պետրոսյանի «Հոգին ճանապարհ» ձայնասկավառակի շուրջ էր, հնչել են հայկական ժողովրդական հոգևոր և աշուղական դասական մեղեդիներ։ Հիշեցնենք, որ Արսեն Պետրոսյանի Լոնդոնում թողարկված «Հոգին ճանապարհ» (Hokin Janapar) ալբոմը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում։
«Հանդիսատեսը մեծագույն ջերմությամբ է ընդունել հայկական երաժշտությունը, ընկալել հայկական հոգին։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ հանդիսատեսը տպավորված էր մեր ելույթներով, համերգնեևրից հետո մոտենում էին մեզ, հարցեր հղում Հայաստանի մասին, նշում, որ մեծ հաճույքով կգան մեր երկիր՝ այն տեսնելու ու բացահայտելու։ Այդպիսով, ուրախ եմ, որ ինչ-որ առումով մշակույթի լեզվով նաև նպաստում ենք մեր երկրի զբոսաշրջության զարգացմանը։ Այս տեսակ համերգային շրջագայությունները Հայաստանը օտարների համար բացահայտելու և գրավիչ դարձնելու ազդեցություն ունեն»,-նշում է Արսեն Պետրոսյանը։ Ի դեպ, համերգներից հետո լատվիական մամուլը (Baltcis News, BOBE և այլն) Արսեն Պետրոսյանին անվանել է հայկական ժողովրդական երաժշտության դեսպան (Armenian Folk Music Ambassador):
Կարդացեք նաև
Արսենի խոսքով՝ շատ հուզիչ էր նաև հայազգի հանդիսատեսի արձագանքը, ովքեր համերգներից հետո մոտենում էին, ջերմ մաղթանքներ հղում ու շնորհակալություններ հայտնում։ «Հանդիսատեսը նաև շատ սիրեց, երբ խոսում ենք գործիքների մասին, ներկայացնում ենք ստեղծագործությունները, մեր հայկական երաժշտության պատմությունը։ Այս ձևաչափն իրենց հետաքրքիր է»,-ընդգծում է նա։
Ի դեպ, քառյակի կազմում, բացի Արսեն Պետրոսյանից, հանդես են գալիս նաև Աստղիկ Սնեցունցը (քանոն), Վլադիմիր Պապիկյանը (սանթուր) և Ավետիս Քեոսեյանը (հարվածայիններ):
Նշենք, որ բոլոր համերգներին մասնակցել են տվյալ երկրների տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, երաժշտական ոլորտի պրոֆեսիոնալներ։ Համերգներին մասնակցել են տվյալ երկրներում Հայաստանի դեսպանները, մասնավորապես՝ Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աշոտ Հովակիմյանը և Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. դոկտոր Սերգեյ Մինասյանը։ Չեխական համերգն անցկացվել է դեսպանի հովանու ներքո, իսկ Լատվիայում ՀՀ դեսպանությունն աջակցել է լատվիական համերգներին։ Բուխարեստի համերգին օժանդակել է Ռումինահայերի միությունը՝ ի դեմս ամբողջ թիմի և նախագահ պարոն Վարուժան Ոսկանյանի։ Արսեն Պետրոսյանն ու քառյակն իրենց երախտագիտությունն են հայտնում համերգաշարի բոլոր աջակիցներին։
Հավելենք, որ Արսեն Պետրոսյանը ծնվել է 1994թ., Չարենցավանում: Չնայած երիտասարդ տարիքին՝ Արսենն ակտիվ միջազգային գործունեություն է ծավալում՝ հետևելով դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի և իր ուսուցիչ Գևորգ Դաբաղյանի խորհուրդներին և քայլերին։ Միևնույն ժամանակ իր ուղին է հարթել ամենատարբեր համագործակցությունների միջոցով՝ աշխատելով լեգենդար ռոք կիթառահար Սթիվ Հաքեթի, կոմպոզիտոր Իհաբ Դարվիշի, ուդահար Օմար Բաշիրի ու այլոց հետ։
Արսեն Պետրոսյանը համերգային շրջագայություններ է ունեցել՝ ելույթ ունենալով Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ասիայի, Միջին Արևելքի, Կովկասի երկրներում։
Նրա ելույթները ներկայացվել են Medici.tv, Mezzo TV, BR-KLASSIK, ինչպես նաև BBC Persia և այլ մեդիաներով։ Արսեն Պետրոսյանի առաջին սոլո ալբոմը՝ «Չարենցավան․ Երաժշտություն՝ դուդուկի համար» լույս է տեսել 2015 թվականին ԱՄՆ-ում և մեծ հաջողություն ունեցել։
Մամուլի հաղորդագրություն