Նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում անցկացվեց Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի նիստը և կոնգրեսը, որին մասնակցում էին շուրջ 80 երկրների մոտ 400 պատվիրակներ։ Հայաստանից Սոցիալիստական Ինտերնացիոնալին անդամակցում է ՀՅ Դաշնակցությունը՝ սկսած 1907թ․։
Խորհրդի նիստը և կոնգրեսը Սոցիալիստական Ինտերնացիոնալի կարևոր քաղաքական իրադարձություններն են, երբ ընտրվում է կազմակերպության ղեկավարություն և ճշտվում են առաջիկա չորս տարիների հիմնական քաղաքական առաջնահերթությունները։ Այս նստաշրջանի արդյունքում կազմակերպության նախագահ ընտրվեց Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, իսկ գլխավոր քարտուղար` Գանայի Ազգային դեմոկրատական կոնգրեսը ներկայացնող Բենեդիկտա Լասին։ ՀՅ Դաշնակցության Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը վերընտրվեց որպես կազմակերպության փոխնախագահ։
ՀՅ Դաշնակցությունը նախապես ներկայացրել էր Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև, ինչը կոնգրեսի կողմից ընդունվեց նոյեմբերի 27-ին։
«Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության վերաբերյալ» բանաձևով Սոցիալիստական Ինտերնացիոնալը՝ հաշվի առնելով 2021թ․ մայիսից Հայաստանի տարածքում ադրբեջանական ռազմական գործողությունները՝ մասնավորապես քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի նկատմամբ, կոչ է անում Ադրբեջանին զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից։ Բանաձևով նաև դատապարտվում է որևէ երրորդ կողմի մասնակցությունը հակամարտությանը։
Կարդացեք նաև
Սոցիալիստական ինտերնացիոնալը նաև դատապարտել է հայ ռազմագերիների կալանավորումներն ու կտտանքները՝ պահանջելով գերիների ու պահվող անձանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակում։
Կոնգրեսն ըստ էության ընդունել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, արձանագրել է, որ Սոցիալիստական Ինտերնացիոնալը տևական ժամանակ ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման գործընթացում և, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Սոցիալիստական Ինտերնացիոնալը կարևոր է համարել Ղարաբաղյան հակամարտության լուծումը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ և անգամ ևս կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին ու առհասարակ միջազգային հանրությանը շարունակել ջանքերը առարկայական բանակցությունների համար։
Կոնգրեսը նաև ընդունել է մի շարք այլ բանաձևեր՝ համերաշխություն հայտնելով աշխարհի տարբեր անկյուններում հակամարտությունների զոհ դարձող կողմերին։
ՀՅ Դաշնակցությունը, արտաքին քաղաքականության իր ողջ հնարավորություններով, այսուհետ ևս շարունակելու է Հայաստանի և Արցախի հանրապետությունների շահերի միջազգային պաշտպանությանն ուղղված աշխատանքները։
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ